ԿարևորՏնտեսական

Պաշտպանվածության բարձր մակարդակ, իրավունքներ ու երաշխիքներ. օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ կմտնեն

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և հարակից օրենքներում արված վերջին փոփոխություններն ընդգծում են սպառողների իրավունքների պաշտպանության նոր մոտեցումները։ Այդ փոփոխություններն ուժի մեջ են մտնելու մի քանի օրից։  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կայքում ներդրվել է «Սպառողի օգնական» գործիքը։ Սպառողը բիզնեսի հետ խնդիր ունենալիս հարթակի միջոցով տնտեսվարողին նամակ գրելու հնարավորություն ունի արդեն։ Վերջինս կա՛մ կպատասխանի, կա՛մ ոչ։ Այդ ընթացքում հանձնաժողովը դիտարկում է հարցը, հասկանում՝ ում իրավասության տիրույթում է խնդիրը, անհրաժեշտության դեպքում նամակը հասցեագրում համապատասխան մարմնին։ Առաջիկայում հանձնաժողովը հանդես կգա հայտարարությամբ, որի շրջանակում կհրավիրեն սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, որպեսզի նրանք անհատույց պաշտպանեն սպառողների իրավունքները։

2025 թ․ օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում օրենսդրական նոր փոփոխություններ, որոնցով, ըստ պատասխանատուների, պաշտպանվելու են և՛ սպառողների, և՛ տնտեսվարողների իրավունքները։ ՄՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանն ընդգծում է՝ սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից որպես նորույթ նախատեսում են սպառողի ազատ ընտրության իրավունքը, որը պետք է խարսխված լինի տեղեկացված լինելու երաշխիքներով․

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում նախատեսվում է սպառողների շահերի խախտող գործելակերպ իրավախախտման տեսակը։ Գործող օրենքում էլ հասարակության մոլորեցման իրավախախտում մենք ունենք որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում, որը ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը կամ երաշխավորմանը։ Սակայն եվրոպական փորձը հուշում է, որ տվյալ դեպքում իրավախախտման առաջնային օբյեկտ պետք է դիտարկենք արդեն սպառողների շահերի պաշտպանությունը, և դրան համապատասխան՝ սպառողների շահերը խախտող գործելակերպ է դիտարկվում նախ, ընդհանուր բնորոշմամբ, ամեն տեսակի վարքագիծ, որը հակասում է բարեխղճությանը և ազդում է կամ կարող է ազդել սպառողի շահերի վրա»։

Մարկոսյանն ասում է, որ փոփոխություններով ներառվելու են հետևյալ դրսևորումները՝ ապրանքի գնի ներկայացման պահանջների խախտումները,  ապրանքի որակի անհամապատասխանությունը, գովազդի խնդիրները։ Բացատրում է՝ բոլոր քայլերն առնչվում են սպառողի ազատ ընտրության իրավունքին։ Օգոստոսի 1–ից մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կվերանվանվի Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով, որը հանրային շահերի պաշտպանությամբ է զբաղվելու՝ պարզաբանում է Տիգրան Մարկոսյանը․

«Ոչ թե հանձնաժողովը զբաղվելու է անհատական վեճերի լուծմամբ՝ սպառողի ու տնտեսվարողի , այլ այն վեճերի քննարկմամբ ու լուծմամբ, որոնք կառնչվեն անորոշ թվով սպառողների շահերին կամ սպառողների առանձին խմբի շահերին»։    

Օրենսդրական փաթեթում նաև «Գովազդի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն են, «Առևտրի ու ծառայությունների մասին» օրենքի փոփոխությունները։ Օրենքի՝ առաջինից երկրորդ ընթերցման հենց այս փոփոխությունները երկարատև քննարկման առիթ էին դարձել։ Տնտեսվարողները ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանին էին փոխանցել մտահոգությունները․ նրանք կարծում են, որ կորցնում են ճկուն զեղչային համակարգի հնարավորությունը․

«Հստակորեն նշվում է, թե տնտեսվարողն ինչ կարող է սպառողին ներկայացնել, այսինքն՝ որ դեպքերում ինչ գին գրի։ Տրամաբանությունը և կարգավորումները հասկանալի են, բայց կիրարկումից հետո բախվելու ենք այն իրավիճակին, որ սա, մյուս կողմից, օրենքով, օրինապահ աշխատող տնտեսվարողների համար է շատ դեպքերում գլխացավանք դառնում։ Մարդը փաստացիորեն ճկունությունը կորցնում է։ Տնտեսվարողը խաբելու նպատակ չունի։ Ներկայացնում է վաճառքի գինը։ Բայց գուցե մենք գնայինք ու իրեն ասեինք՝ գիտեք ինչ կա, չես կարող 1000 դրամի փոխարեն 800 դրամով վաճառել, որովհետև արդեն զեղչ արել ես, պետք է 700 կամ 600 դրամով վաճառես, եթե զեղչ ես ուզում անել»։

Առաջարկները եթե արտահերթ նիստով չընդունվեին, հաջորդ քննարկումն արդեն աշնանն է լինելու։ Էկոնոմիկայի նախարարը նույնպես կարգավորումների հեշտացման կողմնակից է։ Մրցակցությունը և սպառողների շահերի պաշտպանությունը փոխկապակցված են՝ ամփոփում են օրենսդրական նախաձեռնության հեղինակները։

Կարդացեք նաև

Back to top button