
Արմավիրի մարզի Արաքս գյուղում խմելու ջուրն արտեզյան ինքնաշատրվանող մեծ ավազանից է մատակարարվում։ Այն փորվել է ավելի քանի 30 տարի առաջ: Արտեզյան ավազանի ջրերը գյուղացիները նախկինում օգտագործել են և՛ ոռոգման, և՛ խմելու համար: Հիմա ոռոգման համար այլ աղբյուրներ են ընտրել, իսկ արտեզյան խմելու ջուրը գիշեր ու ցերեկ անխնա հոսում է գյուղի առուներով:
Արտեզյան ավազանի ջրերը խնայողաբար օգտագործելու համար տարիներ առաջ Արմավիրի մարզում կոնսերվացվեցին մի քանի ինքնաշատրվանող հորեր, որոնք հիմնականում ձկնաբուծարաններում էին բացվել: Մարզում խմելու ջրի հիմնական աղբյուրը արտեզյան խորքային հորերն են, որոնց թողունակությունը մեծ մասամբ կառավարվում է ժամանակացույցով կամ ջրամբարներում կուտակելով:

Սակայն Արաքս գյուղում խմելու ջուրը խնայողաբար չի օգտագործվում:
«Սա խմելու արտեզյան ջուր է, ժամով չեն տալիս, այստեղ ջուրը մշտապես հոսում է: Եթե փակենք, ավելի վատ կլինի, ջրի աղբյուրը կնվազի: Ավելի լավ է հանգիստ հոսի, քան թե՝ բացես, փակես: Առաջ մենք այդ աղբյուրից էինք ջուր անում, բացում էին, փակում, դրա համար էլ մեր ջրերը պակասեց»,- պատմում է գյուղացիներից մեկը։
Սա ընդամենը զրուցակցիս ենթադրություններն են արտեզյան ավազանի ջրերը նվազելու վերաբերյալ, մինչդեռ իր դռան դիմաց կառուցված աղբյուրը չունի ծորակ ու փական, ջուրն էլ հոսում է ոչ թե դեպի ջերմոցներ ու բանջարանոցներ, այլ լցվում է առուն:

Արաքսում խմելու ջրի վարձավճար չի գանձվում՝ ասում է համայնքի վարչական ղեկավար Վարդան Գրիգորյանը:
«Շատ ցավալի կողմն է սա: Ես միշտ ասում եմ, որ սա ամենաթանկն է մեզ համար: 20-30 տարվա արտեզյան հոր է, որի ավազանը շատ մեծ է: Մեր ջրերն ինքնաշատրվանող են և ավելի լավ կլինի բոլորին պարտադրվի, որ ջրերի վրա դնեն փականներ: Կողմ եմ նաև, որ տուգանեն նրանց, ում ծորակի վրա փական դրված չլինի»,- նշում է համայնքի վարչական ղեկավարը:

Արաքս գյուղում խմելու ջուրն ամբարելու հնարավորություն չկա։ Ամբար կառուցելու և ջրի ենթակառուցվածները նորոգելու համար զգալի միջոցներ են հարկավոր՝ շարունակում է պատմել Վարդան Գրիգորյանը.
«Եթե հավաքվեց մի տեղ, պիտի քլորացվի: Մեծ ծախսերի հետ է կապված: Ընդհանուր պիտի ամբողջ ցանցը քանդվի ու նորը սարքվի, այսինքն՝ մի քանի աղբյուր հավաքվի, տարաների հարց լուծվի, տարաները բարձր տեղ տեղադրվի, որ հետո կարողանան այդտեղից ջուր մղեն»:
Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանն ասում է, որ հարցը կլուծվի միայն ջրաչափեր տեղադրելով, համայնքների ղեկավարների հետ արդեն պայմանավորվել են։
«Այն բնակավայրերը, որտեղ սուբվենցիոն կամ այլ ծրագրերով իրականացվել են խողովակների փոփոխում, և ունեցել ենք ամբողջությամբ նոր ջրամատակարարման ցանց, այնտեղ արդեն աշխատանքներ են տարվում ջրաչափեր տեղադրելու համար: Իսկ որոնք ժամանակին բնակիչներն իրենց միջոցներով են դրանք իրականացրել, այս մասով մի փոքր խնդիրներ ունենք բնակիչների հետ: Ջրաչափը միանշանակ հարցը լուծում է, բայց մեր շատ բնակիչներ դեռևս համաձայնություն չեն տալիս ջրաչափեր տեղադրել»,- պատմում է մարզպետը:
Նրա խոսքով՝ առաջիկայում ջրացանցի արդիականացման հետ կապված խնդիրը կլուծվի:




