ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

BRICS-ի հիմնական անդամների ղեկավարները խուսափում են հանդիպումից, Վաշինգտոնը սպառնում է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS–ի 17-րդ գագաթնաժողովին երկու օր քննարկվել են համաշխարհային քաղաքականության հիմնական թեմաները առանց դաշինքի երկու հիմնական անդամների առաջին դեմքերի մասնակցության։ Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները չեն մեկնել Բրազիլիա։ Վլադիմիր  Պուտինը, սակայն, հանդիպմանը մասնակցել է տեսակապով և ընդգծել,  որ կառույցն այսօր տնտեսական ավելի մեծ ներուժ ունի, քան Մեծ յոթնյակը։ Այս հայտարարությանը նախորդել է Մեծ յոթնյակի առանցքային դերակատարներից մեկի՝ Միացյալ Նահանգների առաջնորդի զգուշացումը։

Հուլիսի 6-ից 7-ը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS-ի գագաթնաժողովի  մեկնարկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասնակիցներին զգուշացրել է․ այն երկրները, որոնք միանում են դաշինքի «հակաամերիկյան քաղաքականությանը», կբախվեն լրացուցիչ՝ 10 տոկոս մաքսային տուրքերի:

«BRICS-ի հակաամերիկյան քաղաքականությանն աջակցող յուրաքանչյուր երկիր կենթարկվի լրացուցիչ՝ 10% մաքսատուրքի։ Այս քաղաքականության համար բացառություններ չեն լինի»,— գրել է Թրամփը Truth  հարթակում՝ չպարզաբանելով, թե կոնկրետ ինչ նկատի ունի «հակաամերիկյան քաղաքականություն» ասելով։

Թրամփը հայտնել է, որ հուլիսի 7-ից Վաշինգտոնը կսկսի տեղեկացնել այդ երկրներին՝ իրենց նկատմամբ մաքսատուրքերի սահմանման մասին։

Դաշինքի երկրների ղեկավարները գագաթնաժողովին ընդունած հռչակագրում դատապարտել են Իրանին ուղղած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին ու միջուկային օբյեկտներին հասցված վնասների կապակցությամբ։

Օրակարգային հարցերից են նաև հումանիտար իրավիճակը Գազայում և ԱՄՆ–ի սահմանած առևտրային նոր մաքսատուրքերը։

Վերլուծաբաններն ու դիվանագետները նշում են, որ դաշինքում համախմբվածության պակաս կա, ինչը վերջին մեկ տարվա ընթացքում կրկնապատկվել է։ Այս հանգամանքը կարող է խոչընդոտել աշխարհում BRICS-ի  դիրքերի ամրապնդումն ու ծրագրերի իրագործումը։ Բացի դրանից՝ կարծում են, որ գագաթնաժողովի օրակարգը սահմանափակ է, և  մասնակիցները փորձում են, այսպես ասենք, հեռու մնալ Թրամփի տեսադաշտից։

Օրինակ՝ Բրազիլիայի նախագահն արհեստական ​​բանականությունն ու կլիմայի փոփոխությունն է ընտրել որպես աշխարհի առաջնորդների հետ բանակցությունների առաջնահերթ թեմա։  Լուլա դա Սիլվան հակամարտություններին անդրադարձել է անուղղակիորեն։

«BRICS-ի  հանդիպումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ աշխարհը փոխվում է ամենաանբարենպաստ սցենարով։ Մենք ականատես ենք բազմակողմ համակարգի աննախադեպ փլուզմանը»։

Բրազիլիայի նախագահը կոչ է արել BRICS-ի անդամներին՝ աջակցելու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը՝ որպես միջնորդներ ներգրավվելով այդ գործընթացների մեջ։

«Եթե միջազգային դերակատարները չեն արտացոլում 21-րդ դարի նոր բազմաբևեռ իրականությունը, ապա BRICS խումբը պետք է նպաստի դրա վերականգնմանը»։

Միջազգային մամուլի ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ BRICS-ի գագաթնաժողովին չեն մասնակցում Չինաստանի ու Ռուսաստանի ղեկավարները։

2012 թվականին իշխանությունը ստանձնելուց ի վեր՝ առաջին անգամ, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը բաց է թողել հանդիպումը՝  պատճառաբանելով իր զբաղվածությունը։ Պեկինը համաժողովին ներկայացնում է վարչապետ Լի Ցյանը։

Ռուսաստանի նախագահը նույնպես չի մեկնել Ռիո։ Պատճառներից մեկը կարող է լինել զգուշավորությունը, քանի որ Բարզիլիան  ճանաչում է Հռոմի ստատուտի իրավասությունը, իսկ Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր է տվել։ Ռուսական պատվիրակությունը Բրազիլիայում գլխավորում է արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

ՌԴ նախագահը համաժողովին մասնակցել է տեսակապով և ընդգծել դաշինքի երկրների միջև համագործակցության առաջընթացը, ինչպես նաև համաշխարհային ասպարեզում ազդեցության ամրապնդումը և մեծ ներուժը։

Պուտինը շեշտել է, որ BRICS-ի երկրներում ապրում է մոլորակի բնակչության գրեթե կեսը, և այդ պետություններին բաժին է ընկում համաշխարհային տնտեսության շուրջ 40%-ը։ BRICS-ը, ըստ Պուտինի, 77 տրիլիոն դոլարի համակցված ՀՆԱ-ով գերազանցում է Մեծ յոթնյակի ներուժը։

«Միասին մենք ունենք իսկապես հսկայական քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական և մարդկային ներուժ։ BRICS երկրները տարածքով Երկիր մոլորակի մեկ երրորդն են, բնակչությամբ՝  գրեթե կեսը, տնտեսական ներուժով՝ 40%-ը, իսկ գնողունակության համարժեքությամբ  ՀՆԱ-ն արդեն հասել է 77 տրիլիոն դոլարի՝ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի 2025 թ տվյալների։ Ի դեպ, այս ցուցանիշով՝ BRICS-ն էապես գերազանցում է այլ միավորումներ, ներառյալ G-7-ը, որտեղ այդ ցուցանիշը 57 տրիլիոն դոլար է»։

Գագաթնաժողովում  ընդունված հռչակագրում լուրջ մտահոգություն է հայտնվում ամերիկյան  մաքսատուրքերի առնչությամբ, որոնք, ըստ փաստաթղթի,  չեն համապատասխանում ԱՀԿ կանոններին։

Նշվում է, որ այդ մոտեցումը սպառնում է ավելի կրճատել համաշխարհային առևտուրը, ինչը  կարող է սրել տնտեսական գլոբալ իրավիճակը և ազդեցություն ունենալ համաշխարհային տնտեսական զարգացման վրա։

Հռչակագրում անդրադարձ կա նաև Իսրայելի և Իրանի միջև հակամարտությանը, Գազայի հատվածում մարդասիրական ճգնաժամին, ռուս-ուկրաինական պատերազմին։

Դաշինքի անդամները  հույս են հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան կկարողանան հասնել կայուն խաղաղության։  

Հիշեցնենք, որ BRICS-ի սկզբնական կազմը ձևավորվել է 2009 թվականին՝ ներառելով Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը և Չինաստանը։ Դրանից հետո դաշինքին միացել է նաև Հարավային Աֆրիկան։ 2024-ին  BRICS-ն ընդլայնվել է՝ ընդգրկելով Եգիպտոսը, Եթովպիան, Ինդոնեզիան, Իրանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները։

Կարդացեք նաև

Back to top button