ԿարևորՄիջազգային

Մոսկվան Ադրբեջանի հետ խնդիրներին ցանկանում է կառուցողական լուծում, Անկարան՝ հարաբերություններում սառնասրտություն

Մոսկվան ցանկանում է Բաքվի հետ պահպանել գործընկերային և դաշնակցային հարաբերությունները եւ կարծում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք նախկինի պես կարծում ենք, որ տրամաբանությունը միայն մեկն է. Ռուսաստանը և Ադրբեջանը ամենամոտ գործընկերներն են, դաշնակիցներն ու երկրները, որոնց միավորում է ընդհանուր պատմությունը, ընդհանուր ներկան, ընդհանուր ապագան։ Ի հայտ եկող խնդիրները, անշուշտ, պետք է լուծվեն կառուցողական եղանակով։ Այնպես, որ դա համապատասխանի մեր երկկողմ հարաբերությունների ընդհանուր ոգուն»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՏԱՍՍ»- ը։

Ավելի վաղ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, ըստ  CNN Turk-ի, հայտարարել էր, որ Անկարան ուշադիր հետեւում է ռուս-ադրբեջանական լարվածությանը՝ կողմերին զսպվածության կոչ անելով եւ իրավիճակի կարգավորման հույս հայտնելով։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան ամենից շատ ցանկանում է, որ «այս ցավալի միջադեպերը Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններին անդառնալի վնաս չհասցնի»։ Նա նշել էր, որ կարգավորման համար կարեւոր է, որ կողմերը պահպանեն սառնասրտությունը։

Հունիսի 28-ին ՌԴ Քննչական կոմիտեի հայտարարել էր, որ խափանել է 2000-ականներին մի քանի սպանությունների մեջ մեղադրվող հանցավոր էթնիկ խմբի գործունեությունը։ Իրավապահները ձերբակալել էին ութ ադրբեջանցու, որոնցից երկուսը մահացել էին մեկուսարանում։ Բաքուն պնդում է, որ նրանք մահացել են իրավապահների գործողությունների արդյունքում։ Ի պատասխան՝ Ադրբեջանը ձերբակալել էր նախ «Սպուտնիկ Ազերբայդժան»-ի երկու ռուս աշխատակիցներին, ապա Ռուսաստանի մի քանի քաղաքացիների՝ նրանց մեղադրելով Իրանի միջոցով թմրամիջոցների մաքսանենգության մեջ եւ ստորացնելով նրանց տեսախցիկների առաջ։

Կարդացեք նաև

Back to top button