
ԱՄՆ-ն իր առևտրային գործընկերներին զգուշացրել է, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը նրանց նկատմամբ կկիրառվեն օգոստոսի 1-ին, կիրակի հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։
«Նախագահ Թրամփը մտադիր է նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ նշելով, որ եթե իրավիճակը մեռյալ կետից չշարժվի, օգոստոսի 1-ին կվերադառնան ապրիլի 2-ի մաքսատուրքերի մակարդակին։ Այնպես որ, կարծում եմ՝ մենք շատ արագ կտեսնենք բազմաթիվ գործարքներ», — CNN-ին ասել է Բեսենթը։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտնել էր 185 երկրներից ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու մասին։ 10 տոկոս համընդհանուր մաքսատուրքերն ուժի մեջ էին մտել ապրիլի 5-ին, անհատականները՝ ապրիլի 9-ին։ Նույն օրը ԱՄՆ նախագահը հայտարարել էր պատասխան մաքսատուրքերի 90-օրյա կասեցման մասին։ Սպիտակ տունը պարզաբանել էր, որ այդ քայլը պայմանավորված է առեւտրային խորհրդակցություններով։
Հունիսի 27-ին Թրամփը հստակեցրել էր, որ երկրները, որոնց հետ ԱՄՆ-ն առանձին համաձայնագրեր չի կնքի, մոտ մեկուկես շաբաթվա ընթացքում կտեղեկացվեն երկկողմ առևտրի հետագա պայմանների մասին։




