ԿարևորՄիջազգային

Թրամփը վստահ չէ, որ կարող է Ուկրաինայում դադարեցնել պատերազմը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ կարող է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում: «Ես չգիտեմ: Ես չեմ կարող ասել՝ դա տեղի կունենա՞, թե՞ ոչ», — ասել է Թրամփը լրագրողներին, երբ նրան հարցրել են, թե արդյոք վստահ է, որ կարող է մարտական ​​գործողությունները դադարեցնել, հաղորդում է Politico-ն:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս խոստացել է իր պաշտոնավարման առաջին իսկ օրը դադարեցնել պատերազմն Ուկրաինայում: Ավելի ուշ Time ամսագրին տված հարցազրույցում նա հրաժարվել է այդ խոստումից ՝ այն անվանելով «չափազանցություն»: «Մենք օգնել ենք շատ երկրների։ Ուկրաինան Բայդենի գործն է, Թրամփի գործը չէ: Ես փորձում եմ այն ​​դադարեցնել»,-ասել է Թրամփը հուլիսի 4-ին:

Այս շաբաթ Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, և՛ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ռուսաստանի առաջնորդի հետ հուլիսի 3-ի հեռախոսազրույցը, նրա իսկ խոսքերով, «որևէ առաջընթացի չի հանգեցրել»։ «Արդեն ասել եմ, որ շատ դժգոհ եմ նախագահ Պուտինի հետ զրույցից։ Նա ուզում է մինչև վերջ գնալ, պարզապես շարունակել մարդկանց սպանել՝ դա լավ չէ», — ասել է Թրամփը։

Զելենսկին հեռախոսազրույցից հետո հայտնել է, որ ինքն ու Թրամփը «շատ կարևոր և արդյունավետ զրույց» են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի օդային պաշտպանությունը, համատեղ զենքի արտադրությունը և «փոխադարձ գնումներն ու ներդրումները»։ Իր հերթին, Թրամփն ասել է. «Մենք շատ լավ զրույց ունեցանք, կարծում եմ՝ շատ ռազմավարական»։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն այս շաբաթ անսպասելիորեն դադարեցրել է մի շարք կարևորագույն զինատեսակների, այդ թվում՝ Patriot հրթիռների մատակարարումը Ուկրաինա։ Երբ հուլիսի 3-ին Թրամփին հարցրել են մատակարարումները կասեցնելու մասին, նա պատասխանել է. «Մենք չենք կասեցրել։ Մենք զենք ենք մատակարարում։ Բայց մենք զենք ենք մատակարարում և աշխատում ենք՝ փորձելով օգնել նրանց»։

Կարդացեք նաև

Back to top button