
12 օր շարունակ Կապանում դասական ու ջազ երաժշտություն է հնչելու. արդեն երրորդ անգամ կազմակերպվում է Կապանի երաժշտական միջազգային փառատոնը՝ «Կապան Ֆեստը»։ Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունները խոստանում են անմոռանալի լինել։ Կկազմակերպվեն նաև վարպետաց դասեր ու բացառիկ ցուցադրություն։
Աշխարհի շատ բեմերից ճանաչված երաժիշտներ Մարիան Պետրեսկուն, Արթուրո Սոլարը, Թեոդոսիա Նտոկուն, Ֆրանչեսկո Վիլան, Դոնգ-Հյեկ Լիմը, Լիդա Չեն Արգերիխը, Դամիեն Դարիոլին, Իդո Բար-Շայը, Ժան-Մարի Պարեյրը և ուրիշներ Կապանում են։ Սյունիքում սպասվող նրանց ելույթները Կապանի երաժշտական միջազգային փառատոնի՝ «Կապան Ֆեստի» շրջանակում են, որն արդեն երրորդ անգամ է կազմակերպվում։
Այս տարվա փառատոնի կարևորագույն իրադարձությունը լեգենդար դաշնակահար, Քենեդիի կենտրոնի 2016 թվականի պատվավոր դափնեկիր, 85-ամյա Մարթա Արգերիխի 3 համերգներն են։ 12 օր Կապանի արվեստի քոլեջի դահլիճում կապանցիները կվայելեն դասական երաժշտություն՝ ջազի համադրմամբ։
Փառատոնի գաղափարն ու նախաձեռնությունը ծնունդով կապանցի, Բելգիայում բնակվող թավջութակահար Սևակ Ավանեսյանինն են։ Արդեն երկու տարի է՝ «Կապան Ֆեստին» աջակցում է կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը։ Լայնամասշտաբ փառատոնը կյանքի է կոչվում նաև Հայաստանի խոշոր հարկատուներից մեկի՝ պետական բաժնեմասով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ։
Երեք տարվա ընթացքում փառատոնն ապացուցել է իր կենսունակությունը և դարձել Սյունիքի մշակութային օրացույցի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ասում է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը.
«Ի սկզբանե՝ մի քանի նպատակ էինք դրել փառատոնի կազմակերպման հիմքում։ Ուզում եմ կարևորել, որ այն բավական լուրջ ազդեցություն է թողնում մշակույթի զարգացման վրա, մեծ ազդեցություն է թողել նաև երաժշտական կրթության զարգացման ուղղությամբ։ 2024-2025 ուսումնական տարում մեր քաղաքի արվեստի և երաժշտական դպրոցներում արձանագրվել է աննախադեպ թվով դիմորդների ընդունելություն։ Փառատոնը Կապանը ճանաչելի է դարձրել աշխարհում»։
Կիթառահար Էդուարդ Հրմուշյանը Սան Ֆրանցիսկոյից է եկել Կապան՝ մասնակցելու փառատոնին։ Կապանի մասին լսել էր ծնողներից ու ընկերներից։ Փառատոնի մասին տեղեկանալով՝ չզարմացավ, որ այն անցկացվում է հեռավոր Սյունիքում։ Ասում է՝ մշակույթը քաղաք, ազգություն չի ճանաչում և երբեք շատ չի լինում։
Էդուարդ Հրմուշյան․ «Կներկայացնենք տարբեր ծրագրեր՝ ոչ միայն դասական սոլո-կիթառ, այլև համադրություն այլ գործիքների հետ՝ ջութակ, թավջութակ։ Մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ եմ եկել այստեղ՝ ցույց տալու դասական կիթառի երաժշտությունը հայի մատուցմամբ»։
«Կապան ֆեստ»-ին արտասահմանցի երաժիշտներից բացի՝ ելույթ կունենան Հայկ Կազազյանը, Մարիաննա Շիրինյանը, Աննա Սարկիսովան, Քրիստիան Էրբսլոհ Փափազյանը, Հրաչյա Ավանեսյանը, Արմեն Նազարյանը, Արմեն Քարամյանը, Նորայր Քարտաշյանը, Տիգրան Սուչյանը, Նարեկ Ավագյանը և ուրիշներ։ Այս անգամ ևս փառատոնը կհյուրընկալի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ինչպես նաև հայտնի հայ արտիստներ Աստղիկ Սիրանոսյանին, Ռուզան Մանթաշյանին, Միքայել Ոսկանյանին։
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի հավաստմամբ՝ մշակույթի ապակենտրոնացումը կառավարության ու նախարարարության օրակարգում է։ Կապանը, որը 12 օր կլինի Հայաստանի մշակութային կենտրոնը, նաև աշխարհի ակադեմիական ընտանիքի անդամ է՝ համոզված է Դանիելյանը․
«Այս փառատոնը մեր օրակարգային միջոցառումներից է, որովհետև ունի մի քանի բաղադրիչ, որոնք մշակութային ու կրթության ռազմավարության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում։ Առաջինը միջազգային բաղադրիչն է, երկրորդը՝ կրթա-մշակութային և, վերջապես, մարզային բաղադրիչ, որը մարզի կյանքը դարձնում է հետաքրքիր, բերում է լավագույն մասնագետների արտասահմանից և, համախմբելով երիտասարդներին, հետաքրքրացնում առօրյան։ Գիտեք՝ Հայաստանում ընդունված է, որ փորձառություն կարելի է ներմուծել արտասահմանից, դրսից, բայց այսպիսի միջոցառումներից հասկանում ենք, որ մեր կատարողական արվեստը ևս բարձր մակարդակի վրա է, ու դա մեր հյուրերն են ասում, որոնք իրենք էլ փորձառություն են վերցնում մեզնից»։
Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն վարպետաց դասեր, կապանցի պատանի երաժիշտները կնվագեն ճանաչված երաժիշտների հետ։ Միաժամանակ, այս տարի վերանորոգվել է քաղաքի երաժշտական կրթօջախների 10 դաշնամուր, իսկ կապանցի երեխաներին նվիրելու են 50 լարային գործիք։ Այս տարի ևս փառատոնի օրերին կգործի 18-րդ դարի լարային գործիքների, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակների ցուցահանդեսը։ Իսկ փառատոնի հանդիսավոր բացմանը լեփ-լեցուն դահլիճում հանդիսատեսի չդադարող ծափերը հաստատեցին, որ Կապանի երաժշտական միջազգային փառատոնը սիրված ու անհրաժեշտ է։















