ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

2 նոր հայց՝ ընդդեմ Ադրբեջանի․ Արցախից բռնի տեղահանված արվեստագետները քննարկում են համատեղ անելիքները

«Ակն ընդ ական» վավերագրական հիմնադրամի աջակցությամբ Հայկական բարեգործական ընդհանուր միությունում կազմակերպվել է Արցախից բռնի տեղահանված արվեստագետների երկօրյա համաժողով՝ «Արվեստի ձայնը» խորագրով։ Նպատակը ստեղծագործական նոր միություններ ստեղծելն է և տեղահանված արցախցիների մշակութային իրավունքների մասին բարձրաձայնելը։ Քննարկմանը մասնակցել է նաև Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նա ներկայացրել է, թե միջազգային իրավական ատյաններում ինչ փուլում են արցախցիների մշակութային իրավունքների վերաբերյալ հայցերը, և որքանով են դրանք զսպում Ադրբեջանին։

2020-ի պատերազմի հետևանքով Շուշիում է մնացել գեղարվեստական գործերի 13 հավաքածու, ավելի քան 168 կտավ՝ գեղանկարիչ Սամվել Թավադյանի արվեստանոցում։ Նկարիչը 2023-ի բռնի տեղահանությունից հետո ստեղծագործում է Երևանում՝ իր տանը։ Ասում է, որ պատերազմներից  հետո նկարելը դարձել է ոչ թե աշխատանք, այլ թերապիա։ Բոլոր նկարներն Արցախի թեմայով են։

«Ցուցահանդեսներին արվեստաբաններ կային։ Բնորոշեցին, որ էս ամենից հետո նկարներում ցավ չկա։ Չնայած ինձ համար այդպես չէ, բայց էդպես ներկայացրին։  Այդ շրջանում, անկեղծ ասեմ, ինձ համար մի տեսակ փրկություն էր ստեղծագործելը։ Միգուցե նաև ինքնախաբեություն էր,  ժողովրդական խոսքն ասում է՝ կրակը տաք պահել, միգուցե այդպիսի մի բան էր, որ փորձեմ պահել իմ ստեղծագործական պրոցեսը մինչև լիարժեք հնարավորությունների առկայությունը»։

Սամվել Թավադյանը եղել է Արցախի նկարիչների միության անդամ։ Նրա խոսքով՝ Հայաստան գալուց հետո արցախցի արվեստագետներն այդպես էլ չեն կարողացել միավորվել և շարունակել գործունեությունը։ Ավելին՝ որոշ արվեստագետներ, սոցիալական կարիքներից ելնելով, զբաղվում են այլ գործով։ Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Նարինե Աղաբալյանի խոսքով՝ բռնի տեղահանված արվեստագետներին ոչ միայն սոցիալական աջակցության, այլև մշակութային կյանքին ինտեգրվելու կարիք ունեն։

«Վերաբերմունքը միայն սոցիալական էր, այսինքն՝  մշակութային համայնքը պահպանելու ոչ մի ջանք չեղավ, եղան առանձին աջակցության օրինակներ՝  աշխատանքի տեղավորելու, ինչ-որ խմբերի մեջ ներառելու, բայց չէ՞ որ Արցախի մշակութային խմբերը, մշակութային կոլեկտիվները մշակութային-քաղաքական հիշողության կրողներն են և փոխանցողները սերունդներին։ Այստեղ պետք է այդ դերը փոխվեր, պետք է վերակազմակերպվեին շատ արագ այդ կազմակերպությունները, և նրանց պետք է պատվիրակվեր նոր առաքելություն»։

Աղաբալյանի խոսքով՝ այլևս իրատեսական չէ այն հեռանկարը, թե Արցախի մշակութային կազմակերպությունները նույնությամբ կվերագործարկվեն Հայաստանում, սակայն դեռ կարելի է ստեղծել մշակութային կենտրոններ, ՀԿ-ներ և իրավապաշտպան կառույցներ, որոնք կզբաղվեն այդ խնդրով։ Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նկատում է, որ վերջին տարիներին թե՛ ներպետական, թե՛ միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությունը տրամաբանորեն արցախցիների այլ՝ կյանքի, առողջության իրավունքների վրա էր։

«Երբ դու ստիպված ես անընդհատ խոսել 150․000 մարդու ամենատարրական, այդ թվում՝ կյանքի իրավունքի կամ սոցիալական, առողջապահական իրավունքների մասին, ավելի բարձր իրավունքները սանդղակով ինքնաբերաբար երկրորդական կամ տասներորդական պլան են մղվում։ Դա ճիշտ չէ, անշուշտ, ճիշտ չէ, բայց այդպես է ստացվում՝ հաշվի առնելով նաև ռեսուրսները, հնարավորությունները և այլն»։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատներում հակամարտության հետևանքով արցախցիների մշակութային իրավունքի խախտման դեպքերը մանրամասնորեն արձանագրված են  լուսանկարներով ու արխիվային փաստաթղթերով։

«Սա առանձին թեմա է, որ գույքային իրավունքներին զուգահեռ կամ խոշտանգումների և  ռազմական հանցագործությունների թեմաների հետ ներկայացված է։ Հայցն ամբողջությամբ փակում է նաև մշակութային իրավունքների պաշտպանությունը»։

Միայն վերջին շաբաթներին երկու նախադեպային հայց է ներկայացվել Ադրբեջանի դեմ։ Առաջինը վերաբերում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացմանը, երկրորդը՝ Շառլ Ազնավուրի մշակույթի կենտրոնի բակից արձանի ապամոնտաժմանը՝ մանրամասնում է Գեղամ Ստեփանյանը․

«Մեկը եկեղեցու ներկայացրած գանգատն է Միջազգային դատարան, այն վերաբերում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացմանը։ Սա ներկայացրել է Հայ առաքելական եկեղեցին․ ընթացքի մեջ է։ Այս գործը դեռևս 2020 թ․-ից է քննվում․ այն ժամանակ խոսքը դեռ ոչնչացման մասին չէր, այլ թիրախավորելու և կերպափոխելու։ Ավելի ուշ՝ 2023-ին, մենք տեսանք, որ եկեղեցին ամբողջությամբ վերացել է, և հայցը հիմա փոփոխման փուլում է, որ ներկայացվի որպես ամբողջական ոչնչացում։ 2-րդ հայցը վերաբերում է Շառլ Ազնավուրի արձանին»։

Թեև արցախցիները հաճախ թերահավատ են, թե միջազգային իրավական ատյանները որևէ բան կարող են փոխել, և այդ վերաբերմունքը հիմնավորում են գրեթե ամեն շաբաթ Արցախում տեղի ունեցող վանդալիզմի դեպքերով, Ստեփանյանի խոսքով, այնուամենայնիվ, դատական պրոցեսները կանխարգելիչ դեր ունեն․

«Օրինակով բացատրեմ։ Շուշիի Քարինտակ գյուղը երբ Ադրբեջանի կողմից ամբողջությամբ ոչնչացվեց, եկեղեցին պահպանվեց։ Ես կարծում եմ, որ հաշվի առնելով նաև այն, որ մշակութային ժառանգության մասով գանգատներ կան և անընդհատ, այսպես ասած, վերահսկողության ներքո են գտնվում։ Այդ է նաև պատճառներից մեկը, որ կոնկրետ եկեղեցու նկատմամբ նման գործողություն չի ձեռնարկվել։ Հետևաբար, պրոցեսները շատ կարևոր են»։

Արցախից բռնի տեղահանված արվեստագետներն առաջիկա երկու օրերին կշարունակեն քննարկել Հայաստանում իրենց ստեղծագործական ներուժը իրացնելու, ստեղծագործական կազմակերպություններ ստեղծելու և միջազգային հանրության հետ աշխատելու հեռանկարները։

Կարդացեք նաև

Back to top button