ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Գնաճը ցածր է, կառավարելի, բայց տարածաշրջանային ռիսկերը նկատելի են

Վիճակագրական տվյալները փաստում են, որ հունիսին գնաճը կառավարելիության տիրույթում է։ Մասնագետները սա դրական են համարում՝ հաշվի առնելով տարածաշրջանային վերջին իրադարձությունները։ Մակրոտնտեսական ընթացիկ պայմաններում Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցներն ակնկալում են, որ ԿԲ-ն առաջիկա միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը։

Տարածաշրջանային վերջին իրադարձությունները Հայաստանում գնաճի վրա ազդեցություն չեն ունեցել՝ արձանագրում է ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի տնօրեն Սոս Խաչիկյանը։ Մեջբերելով վիճակագրական տվյալները՝ տնտեսագետն ընդգծում է՝ ընթացիկ տարվա հունիսին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է մոտ 4 տոկոս,  նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է գնանկում (1,3%): Խաչիկյանը որոշ միտումներ, այդուհանդերձ, առանձնացնում է․

«Տնտեսությանը համահունչ լինելու տեսանկյունից տեղավորվում է ԿԲ սահմանած թիրախի շրջանակում։ Իհարկե, առանձին կտրվածքով, օրինակ՝ ոգելից խմիչքի կտրվածքով, մի քիչ ավելի շատ է գնաճը, բայց խոշոր հաշվով կարծես թե կայունությունը ապահովվում է»։

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները 2025 թ. հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել են, մայիսի համեմատ՝ նվազել 3,5%-ով: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025 թ. հունիսին, 2024 թ. հունիսի համեմատ, գները նվազել են մոտ 3%-ով, իսկ 2025 թ. մայիսի համեմատ արձանագրվել է մոտ 1% գնաճ: Ոչ պարենային ապրանքների շուկայում նույնպես 2025 թ. հունիսին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, գների մակարդակը նվազել է։ ԿԲ խորհուրդը վերջին նիստին որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։

Որոշումը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսպես է բացատրում․ «Հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները, բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների ԿԲ-երն առաջիկայում մեծ մասամբ կպահպանեն կամ կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները»։

Տնտեսության մեջ ամեն ինչ փոխկապակցած է։ Տարածաշրջանային իրադարձությունները, ըստ տնտեսագետ Խաչիկյանի, շարունակում են մարտահրավեր մնալ գնաճի և տնտեսական զարգացման համար․

«Միջազգային զեկույցները ցույց են տալիս, որ տարածաշրջանային ռիսկեր կան։ Դրանք պետք է դիտարկենք զսպաշապիկի առումով, որ պետությունը պատրաստ լինի անհրաժեշտ պահի՝ անհրաժեշտ գործիքակազմով դրանք զսպելու։ Կարծում եմ՝ պարտատոմսերի, արտարժույթի շուկայով և այլ գործառույթներով մեր պետությունը դրան պատրաստ է»։

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի դիտարկմամբ էլ մակրոտնտեսական ընթացիկ զարգացման պամաններում Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցներն ակնկալում են, որ ԿԲ–ն առաջիկա միջնաժամկետ հեռանկարում աստիճանաբար կնվազեցնի ֆինանսավարկային քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով շուրջ 6,25%։ Տնտեսությունը ռիսկ է, իսկ ԿԲ–ն քննարկում է այդ ռիսկերն ու տարբեր սցենարներ առաջարկում, վերլուծում ու որոշում կայացնում․ Մարտին Գալստյան․

«Քննարկվել են «Ա» տիպի սցենարներ՝ աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև ԱՄՆ-ում ու ՀՀ-ում հարկաբյուջետային քաղաքականության փոփոխությունների պայմաններում ՀՀ չեզոք տոկոսադրույքի հնարավոր աճի առնչությամբ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի՝ գնաճային ռիսկերի չեզոքացման ու գների կայունության նպատակի ապահովման համար։ Քննակվել է նաև «Բ» տիպի սցենար՝ կապված  արտաքին պահանջարկի շարունակվող ճշգրտման պայմաններում տնտեսության առանձին հատվածներում աճի անհամաչափ դանդաղման և պահանջարկի միջավայրի լրացուցիչ թուլացման ռիսկերի ձևավորման հետ։ Սա տոկոսադրույքի ավելի արագ նվազման ուղի է ենթադրում»։

Փորձագետները կարծում են, որ ԿԲ-ի գնաճի թիրախի փոփոխությունն այս պահին արդարացված էր, բայց եթե տարածաշրջանային ռիսկերը նորից ակտիվանան, թիրախը պահպանելն ավելի դժվար կլինի։ Նկատում են՝ 3 տոկոս գնաճը տնտեսությունն ավելի կառավարելի է դարձնում։

Կարդացեք նաև

Back to top button