
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, հետևելով Սենատին, ընդունել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ մշակված պետական ծախսերի մասին օրինագիծը, որը նախատեսում է հարկերի կրճատում և պետական պարտքի վերին շեմի բարձրացում։
Օրինագծին կողմ է քվեարկել 218 կոնգրեսական, դեմ՝ 214-ը։ Փաստաթուղթը, որը Թրամփը անվանում է «մեծ, գեղեցիկ օրինագիծ», նախատեսում է հարկերի և պետական ծախսերի զգալի կրճատում մի շարք ոլորտներում։ Միևնույն ժամանակ, այն ենթադրում է պաշտպանության ծախսերի ավելացում, մասնավորապես՝ «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման համար։ Բացի այդ, ներառում է սահմանային վերահսկողության խստացման միջոցառումներ՝ նախատեսելով ծախսերի ավելացում այդ ոլորտում։
Հունիսի սկզբին ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային գրասենյակը ներկայացրել է գնահատականներ, որոնց համաձայն՝ օրինագծով նախատեսված միջոցառումները հաջորդ տասնամյակում կարող են հանգեցնել 2.4 տրիլիոն դոլարի չափով ԱՄՆ բյուջեի դեֆիցիտի աճի։ Այդ հաշվարկների համաձայն՝ բյուջեի եկամուտները 10 տարվա ընթացքում կնվազեն 3.6 տրիլիոն դոլարով։ Կանխատեսման համաձայն՝ նույն ժամանակահատվածում ծախսերը կնվազեն 1.2 տրիլիոն դոլարով։
Սենատը հաստատել էր օրինագիծը հուլիսի 1-ին։ Թրամփը, ինչպես սպասվում է, այն կստորագրի հուլիսի 4-ին։




