ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակապահովման ծրագրում գործադիրը մի շարք փոփոխություններ է արել։ Մասնավորապես, ընդլայնվում է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, ստեղծվում է ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նախագիծը ներկայացնելիս ասել է, որ ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի կազմից․ ծրագրին դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
Հուլիսի 1-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 1600 ընտանիք կառավարության աջակցությամբ բնակարան կառուցելու հավաստագիր է ստացել՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Գործադիրը առաջարկում է ընդլայնել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը և ներառել 57 համայնքի 611 բնակավայր՝ նախկին 452-ի փոխարեն։
«Մենք այս նախագծով առաջարկում ենք ցանկն ընդլայնել, 452-ի փոխարեն սահմանելու ենք 611 բնակավայրեր, և այդ բնակավայրերի համար սահմանենք 4 միլիոն դրամ։ Սահմանել ենք, որ ծրագրով նախատեսված 2-րդ և 3-րդ փուլերը կմեկնարկեն միաժամանակ այս ամսվանից, այսինքն՝ արդեն իսկ մեկնարկված են, դիմումները մենք ընդունում ենք, այսինքն՝ ծրագիրը, ըստ էության, բացում ենք բոլոր թիրախային խմբերի համար, անկախ ընտանիքի կազմից։ Ծրագրին դիմելու վերջնաժամկետը սահմանում ենք 2027 թվականի դեկտեմբերի 31-ը, նախկին կարգով՝ 2025 թվականի դեկտեմբերի 31-ն էր»։
Այն դեպքերում, երբ հավաստագրի իրացման արդյունքում կառաջանա դրական մնացորդ, այդ գումարը կարող է օգտագործվել որպես վերանորոգման վարկ, կամ գյուղատնտեսական նշանակության հողամաս ձեռք բերելու և կահույք, կենցաղային տեխնիկա գնելու համար: Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ առաջիկա օրերին շահառուները կստանան էլեկտրոնային հաղորդագրություն, որտեղ նշված կլինի դրական մնացորդի չափը։
Ստեղծվելու է նաև բնակապահովման ծրագրին դիմած և շահառուի կարգավիճակ չստացած ընտանիքների անհատական դեպքերն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով, տեղեկացնում է Նարեկ Մկրտչյանը․
«Այն հնարավորություն կտա վերականգնելու որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվության բացակայության կամ առկա տեղեկատվության թերի կամ ոչ ճշգրիտ լինելու հետևանքով դիմումատուների չիրացված իրավունքները։ Սրանք վերաբերում են մի շարք ոչ ստանդարտ դեպքերի, նրանց, ում տվյալները մեր ընթացակարգերով չեն երևացել։ Ես ուզում եմ շեշտել, որ սա վերաբերելու է բացառապես բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին, ոչ թե մյուս աջակցության ծրագրերին։ Նկատի ունեմ ՝ դրամական աջակցության ծրագրերին»։
Հաջորդ փոփոխությունն այն է, որ անհատական տուն կառուցելու դեպքում՝ շինարարական աշխատանքներ կարող են անել նաև ֆիզիկական անձինք, բայց միայն Քաղաքաշինության կոմիտեի հաստատած նախագծերով։ Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշում է, որ բռնի տեղահանվածներին կառույցն ավելի ճկուն պայմաններով է շինթույլտվություն տալիս․
«18 հաստատված նախագիծ ունենք, տարբեր չափերի, տարբեր կոնստրուկցիաների և տարբեր նյութերի օգտագործմամբ։ Արդեն հաստատված են և այդ ցանկը համալրում ենք։ Չենք բացառում, որ քաղաքացիները նույնպես իրենց առաջարկները ներկայացնեն, մենք ուսումնասիրենք, կներառենք ցանկի մեջ, և իրենք կարող են գնալ իրենց առաջարկած նախագծով իրականացնել շինարարությունը»։
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ նախագիծը նպաստելու է նաև բռնի տեղահանվածների՝ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում տարաբնակեցմանը․
«Առանձնացրել էինք մարզեր, բնակավայրեր, որտեղ ունենք առավելագույնը 5 միլիոն դրամ աջակցության չափ, կային նաև այնպիսիք, որ 4 միլիոն դրամ է սահմանված, և Երևանը հատկապես, և հարակից մարզերում 4-ից 3 միլիոն դրամ էր սահմանված։ Մենք երկար քննարկումներից հետո եկանք նրան, որ միայն Երևանը և անմիջապես սահմանակից խոշորացված համայնքները թողեցինք 3 մլն դրամ։ Եվ այդ 611 քանի բնակավայրերը այս սկզբունքով են հաշվարկվել»։
Բնակապահավման ծրագրից օգտվելու պարտադիր պայմանը ՀՀ քաղաքացի լինելն է։ Հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել ԼՂ-ից բռնի տեղահանված 9346 անձի՝ մանրամասնում է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը․
«Ընդ որում՝ չունենք մերժումներ։ Զուգահեռաբար, եթե դիմումները ընդհանուր նայենք, 10961 դիմում այս պահի դրությամբ ունենք։ Ի տարբերություն այլ անձանց՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների դեպքում մենք 4—5 ամսվա փոխարեն շուրջ 1 ամսում ամփոփում ենք ամբողջ աշխատանքները և ներկայացնում ենք։ Այդ թվում, դիմումներ ընդունվում են նաև շրջիկ սպասարկման գրասենյակներում։ Այդտեղ ժամանակացույցի առումով շատ ավելի ինտենսիվ պրոցեսներ ունենք։ Այսօր, օրինակ, Չարենցավանում ունենք շրջիկ սպասարկման գրասենյակներ»։
Բնակարանների ձեռքբերման հավաստագրերը ավելի սահուն ու անխոչընդոտ տրամադրելու համար գործադիրն առաջարկում է բարելավել նաև իրավակիրառ պրակտիկան՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Այսպես՝ այսուհետև կփոխհատուցվեն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված վճարները։ Հավաստագրի իրացման ժամանակ շահառուները կկարողանան օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության այլ ծրագրերից, եթե դրանք բավարարում են ծրագրի հիմնական պայմաններին։




