ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Եռօրյա թեժ քննարկում՝ սուր բանավեճերի ու միջադեպերի ուղեկցությամբ․ ՀԷՑ–ին առնչվող նախագիծն ընդունվեց  

Եռօրյա թեժ քննարկում՝ սուր բանավեճերի ու միջադեպերի ուղեկցությամբ․ խորհրդարանում  այսօր երկրորդ ընթերցմամբ քննարկվել ու ամբողջությամբ  ընդունվել է ՀԷՑ–ի պետականացամանն առնչվող օրենսդրական փաթեթը։ Այն ընդունվել է  65 կողմ, 27 դեմ ձայներով։  Խորհրդարանական մեծամասնության պնդումները, թե օրենսդրական կարգավորումները միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը  չեն վերաբերում, ընդդիմությունը համոզիչ չի համարել։  Խորհրդարանում այսօր  առաջարկ է հնչել  ՀԷՑ-ի գործունեությունն ուսումնասիրող  քննիչ հանձնաժողով ձևավորելու մասին:

ՀԷՑ-ի պետականացմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթով Հանրային ծառայությունները կարգարվորող   մարմնի նախագահին  վարույթ հարուցելու և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու լիազորություն է տրվում։ Սահմանվում է նաև, որ կարող է նշանակվել ժամանակավոր կառավարիչ, որը կունենա ընկերության կանոնադրությունը փոխելու լիազորություն և չի ենթարկվի ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին։

Նախագծերի փաթեթում տնտեսվարողներին աջակցող փոփոխություններ նույնպես կատարվել են՝ ասում է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։ Նրա խոսքով՝ կարգավորումներ  են սահմանվել պետական ոչ պատշաճ վարչարարությունից պաշտպանվելու համար։   

«Ըստ էության՝ դեռևս լիցենզիայի զրկման հարց չի առաջացել։ Ի հայտ են եկել խախտումներ, որոնք կարող են  առերևույթ վտանգ ներկայացնել և սպառողների իրավունքների տեսանկյունից, և էներգետիկ համակարգի համար։ Այս իրավիճակում օպերատիվ գործողության կարիք է առաջանում»։

Որպես կանխարգելիչ միջոցառում Վարդանյանը մատնանշում է նաև ժամանակավոր կառավարչի նշանակման հնարավորությունը։ Թեև օրենսդրական փաթեթն արդեն երեք օր քննարկվում է, բայց  երկու հարցի պատասխան ընդդիմադիրներն ասում են չեն ստացել։  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյան։

«Պահպանվել է արդյո՞ք օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելու, կարծիքներ հավաքելու, ԱԺ-ում լիակատար քննարկում իրականացնելու պահանջը, թե՞ ոչ։ Երկրորդը սահմանադրականության հարցն է, միջազգային պարտավորությունների, ՀՀ քաղաքացիների վրա անկառավարելի  ֆինանսական ու ներդրումային ռիսկերի  հետ կապված՝  ո՞վ է վճարելու այս գործարքի հետևանքով։ Խնդրում եմ նաև հստակեցնել՝ ո՞ւմ է վերաբերում այս փոփոխություն, ո՞ր սուբյեկտներին»։

Ոչ միայն ՀԷՑ–ին, այլև ոլորտում անկյունաքարային դերակատարում ունեցող բոլոր սուբյեկտներին՝ արձագանքեց Վարդանանը։ Նույնը նաև ՏԿԵՆ է վստահեցնում։ 30 մեգավատ ու ավելի հզորություն ունեցող ընկերությունների մասին է խոսքը՝ ասում է Դավիթ Խուդաթյանը

«Ուզում եմ խիստ ընդգծել, որ սա միայն ՀԷՑ–ին չի վերաբերում, այլ բոլոր այն տնտեսվարողներին, որոնց ազդեցությունը տնտեսության վրա կարող է որոշիչ լինել»։

Նախագծի վերաբերյալ առաջարկներ արել է նաև կառավարությունը։  Վլադիմիր Վարդանյան․ 

«Սահմանադրականության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը հայտնում է դրա համար ստեղծված Սահմանադրական դատարանը»։   

Խորհրդարանական մեծամասնության պնդումները, թե օրենսդրական կարգավորումները միայն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը  չեն վերաբերում, ընդդիմությունը համոզիչ չի համարում։ ՔՊ խմբակցության նախկին անդամ, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հիշեցնում է կոնկյակի գործարանի մասնավորեցումը և հայտարարում՝ եթե այն ժամանակ գործարանը չմասնավորեցվեր, խաղողագործությունը Հայաստանում չէր զարգանա։   Զուգահեռ է տանում նաև  «Վեոլիա ջրի»  հետ ու  եզրահանգումներն անում աշխարհաքաղաքական համատեքստում։

«Այս քայլերով փորձ է  արվում խորացնել հակառուսական տրամադրությունները։  Դա արվում է նրա համար, որ մենք վաղը, մյուս օրը շրջվենք դեպի Արևմուտք, իսկ Արևմուտքը սկսվում է Թուրքիայից»։ 

Աղազարյանի այս հայտարարությունից հետո իրավիճակը նիստերի դահլիճում թեժացավ։

«Խնդրում եմ տեղից մի բղավեք, պարոն Եղոյան, հանգիստ»։

Իշխանական պատգամավորների մեկնաբանություններին Աղազարյանն արձագանքեց՝ նրանց ուղղությամբ շիշ նետելով: ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Հովիկ Աղազարյանին դուրս հրավիրեց՝ մեկ օր զրկելով դահլիճ մտնելու իրավունքից:

«Պարոն Եղոյան, դադարեցրեք խոսակցությունը, ձեզ նախազգուշացում։ Խխնդրում եմ տեղից  չբղավել։ Հասկանալի է, որ ելույթը  ավելի շատ օտարերկյա շահեր էր ներկայացնում, քան հայաստանյան, ինձ էլ դուր չեկավ, բայց խնդրում եմ  էմոցիաների մի տրվեք»։ 

Նախազգուշացում ստացավ նաև  «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցությունից  Տիգրան Պարսիլյանը՝   «Հայաստան»  խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանի ելույթը խանգարելու համար։ԱԺ նախագահը Դանիելյանին մի քանի անգամ  ելույթ ունենալու հնարավորություն տրվեց։ Ի վերջո, Ալեն Սիմոնյանն արձագանքեց․

«Ուզում եմ հասկանալ՝ սա ի՞նչ աշխատելաոճ է»։

 Երեք օր քննարկվող, թեժ բանավեճերի ու քաշքշուկի պատճառ դարձած օրենսդրական փաթեթն ընդունվեց 65 կողմ, 27 դեմ ձայներով։

Կարդացեք նաև

Back to top button