Հունիսի 15-ին` ժամը 15.20-ին, Կոտայքի մարզի Զովունի գյուղում ձերբակալվել են Երևանի բնակիչ 29-ամյա և օտարերկրացի 39-ամյա երկու տղամարդ, որոնք օտարերկրացու վարած ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվլ են Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին: Մեքենայում հայտնաբերվել է երեք կիլոգրամ 530 գրամից ավելի մարիխուանա:
Քիչ անց` ժամը 16.20-ին, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի գազալցակայանի մոտ ձերբակալվել են ևս երկու հոգի` 36-ամյա երևանցի և 35-ամյա աշտարակցի տղամարդիկ: Վերջինիս վարած ավտոմեքենայով նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: Մեքենայում հայտնաբերվել է 680 գրամ մարիխուանա:
Եվս մի քանի ժամ անց` 20.30-ին, Պռոշյան-Երևան ավտոճանապարհի Գևորգ Չաուշի խճուղու հատվածում ձերբակալվել է երկու օտարերկրացի` 28 և 31 տարեկան: Ուղևորի մոտ 540 գրամ մարիխուանա է եղել:
Միջոցառումները շարունակվել են առավոտյան: Ժամը 8.15-ին Դիլիջանի Կամոյի փողոցում ձերբակալվել են վանաձորցի 34-ամյա տղամարդն ու նրա 33-ամյա կինը: Երկուսն էլ, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Դիլիջանի բաժին: Մեքենայում հայտնաբերվել է երկու կիլոգրամ 440 գրամից ավելի մարիխուանա:
Մաքսանենգ ճանապարհով մեծ քանակի թմրանյութ Հայաստան ներմուծելու մասին օպերատիվ տեղեկությունն ստացել էին Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները մայիսի 27-ին։
Ձերբակալվածները կալանավորվել են: Նախաքննությունը շարունակվում է:




