
Եվրոպայի մի շարք երկրներում օդի ջերմաստիճանը գերազանցել է +40°C -ը։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ բարձր հրդեհավտնագ իրավիճակ է Հունաստանում, Իսպանիայում և Պորտուգալիայում։ Euronews-ը հայտնում է, որ Աթենքի բազմաթիվ բնակիչներ հեռացել են լողափեր։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին Պորտուգալիայում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +44°C։
Երկրի մեծ մասում դեղին նախազգուշացում է հայտարարվել, իսկ որոշ շրջաններում՝ նույնիսկ նարնջագույն։ Այդ հատվածներում բարձր ջերմաստիճանը կարող է լուրջ վտանգներ առաջացնել։
Իսկ Թուրքիայում վերջին երեք օրերին արդեն իսկ 263 անտառային հրդեհ է բռնկվել։ Այրվում են Իզմիրի, Բուրսայի, Ադանայի, Թեքիրաղի բուսածածկ տարածքները։ Ավելի քան 50 հազար մարդ է տարհանվել: Ժամանակավորապես դադարեցվել է Իզմիրի օդանավակայանի աշխատանքը: Զոհերի մասին տեղեկություն չկա, սակայն հայտնի է, որ մի քանի գյուղ ամբողջությամբ այրվել է: Թուրքիայում հրկիզումների մեղադրանքով ավելի քան 30 մարդ է ձերբակալվել:
Հայաստանի ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանն ասում է, որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հրդեհները գլխավորապես մարդկային գործոնի հետևանք են․
«Համաշխարհային վիճակագրությամբ՝ բուսածածկ, խոտածածկ տարածքների հրդեհների գրեթե 95%-ը մարդկային գործոնով է պայմանավորված, միայն 5%-ն է բնական պատճառներով՝ ամպրոպ, շոգ եղանակ կամ երաշտ»։
Այս օրերին բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում նաև Արարատի մարզում՝ փոխանցել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Փրկարար ծառայության գնդապետը հիշեցնում է անվտանգության կարևոր կանոնները․
«Հորդորում եմ բնակիչներին հանգստյան վայրերում խարույկները վառել բացառապես դրա համար նախատեսված վայրերում։ Վերջում, երբ արդեն դուրս են գալիս, լքում են տարածքը, պարտադիր է համոզված լինել, որ խարույկը մարել են։ Պարտադիր է, որ աղբ չթափեն, չթողնեն ապակու տարաներն այդ հատվածում»։
Վարդազարյանն ասում է՝ անտառային հրդեհների տարածվելու գործոններից է նաև այն, որ մարդիկ խոտի դեզերը էլեկտրական հոսանքի լարերի տակ կամ տանիքներին մոտ են դնում։ Նպաստող գործոն է նաև քամին։ Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության ներկայացուցիչ Էդուարդ Կարապետյանը տեղեկացնում է՝ կրակի հետ անփույթ վարվելու, ծխախոտի մնացորդները բաց տարածքներում նետելու կամ այլ գործողության համար, որի հետևանքով կարող է հրդեհ առաջանալ, մարդիկ տուգանվելու են 200․000 դրամ։ Էկոպարեկային ծառայությունը նախատեսում է անտառային և հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների վաղ հայտնաբերման համակարգ ներդնել․
«Համակարգը բաղկացած է լինելու տեսանկարահանող սարքերից։ Դրանք հնարավորություն են ունենալու 20 կմ հեռավորությունից հայտնաբերելու ծխի օջախները և համապատասխան տեղեկությունը հաղորդելու կառավարման կենտրոն։ Համակարգը բաղկացած է լինելու նաև ծխի և ջերմության տվիչներից, որոնցից ստացված տեղեկությունը ևս մշակվելու է կառավարման կենտրոնում և դրա հիմքով համապատասխան ցուցումներ և հրահանգներ են տալու տվյալ տարածքում ծառայություն իրականացնող կարգախմբերին»։
2024-ի համեմատ՝ հրդեհներն ավելացել են ամբողջ աշխարհում։ Հայաստանը բացառություն չէ։ Այսպես, Արարատի մարզում, անցած տարի 192 հրդեհ է բռնկվել, այս տարվա առաջին կիսամյակին՝ 386։ Նույն ժամանակահատվածում Տավուշի մարզում գրանցվել է 281 հրդեհ՝ նախորդ տարվա 72-ի համեմատ։ Ընդհանուր առմամբ այս տարի բռնկվել է 2․096 հրդեհ, իսկ 2024-ին՝ 787։ ՇՄ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հրդեհները մեկուսացնելու ամենակարևոր մեխանիզմը դրանց վաղ հայտնաբերմումն է․
«Ամենակարևորը և առաջինը, որ յուրաքանչյուր տարի մինչև մարտի 31-ը մշակվում և փրկարար ծառայության համաձայնեցմանն է ներկայացվում անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանը՝ որպես այդ աշխատանքներն արդյունավետորեն կազմակերպելուն և կատարելուն ուղղված ծավալուն փաստաթուղթ։ Պլանով տեղեկություն է տրվում տարածքի գետերի, աղբյուրների և ջրավազանների մասին, նախատեսում է տեղեկատվություն ուղղաթիռի վայրէջքի, տեղադիրքերի վերաբերյալ, հրդեհաշիջման աշխատանքների մասնակից անձանց սնունդով և ջրով մատակարարելու հնարավորությունների վերաբերյալ»։
Թեև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ սպասվում էր հատկապես հունիսի 30-ին և հուլիսի 1-ին, մասնագետները զգուշացնում են, որ բնության հատուկ պահպանվող տարածքներում և որոշ անտառներում չի կարելի խարույկ վառել տարվա բոլոր եղանակներին։




