ԿարևորՄիջազգային

ԱՄՆ-ն դադարեցրել է Ուկրաինային զենքի որոշ տեսակների մատակարարումը․ ԶԼՄ-ներ

Politico-ն, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ զենքի մատակարարումները դադարեցնելու որոշումը կայացվել է ԱՄՆ ռազմական գերատեսչության քաղաքական բաժնի ղեկավար Էլբրիջ Քոլբիի նախաձեռնությամբ՝ առկա պաշարները ստուգելուց հետո։

Կարճ ժամանակ անց Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին հաստատել է այս տեղեկատվությունը AFP-ին ուղղված նամակում: «Որոշումը կայացվել է Ամերիկայի շահերի առաջնայնությունից ելնելով, երբ Պաշտպանության նախարարությունը վերանայել է մեր երկրի կողմից աշխարհի այլ երկրներին տրամադրվող ռազմական աջակցությունն ու օգնությունը», — գրել է Քելլին։

NBC-ի աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը համապատասխան հրամանը տվել է մի քանի շաբաթ անց, այն բանից հետո, երբ պահանջել է ստուգել ԱՄՆ զինամթերքի պաշարները, որոնք սպառվել են Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններից և Ուկրաինա զենք մատակարարելուց հետո։

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը «շարունակում է նախագահին տրամադրել Ուկրաինային շարունակական ռազմական օգնություն ցուցաբերելու հավաստի տարբերակներ», — ասել է Էլբրիջ Քոլբին։

Նա հավելել է, որ նախարարությունն այժմ «ուսումնասիրում և հարմարեցնում է իր մոտեցումը այդ նպատակին հասնելու համար՝ միաժամանակ պահպանելով ԱՄՆ զինված ուժերի պատրաստակամությունը՝ իրականացնելու վարչակազմի պաշտպանական առաջնահերթությունները»։

Ուկրաինայի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել ամերիկացի պաշտոնյաների հայտարարությունները։

Կարդացեք նաև

Back to top button