
«Սպուտնիկ Ազերբայդժան» լրատվական գործակալության հետ կապված Բաքվից երբևէ բողոք չի եղել, «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ այս բոլոր տարիների ընթացքում այս լրատվամիջոցն աշխատել է, դրա հարթակում աշխատել են հիմնականում Ադրբեջանի քաղաքացիներ, այնտեղ եղել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ, ադրբեջանական կողմը երբեք որևէ բողոք չի ունեցել այս լրատվամիջոցի վերաբերյալ՝ ո՛չ ձևի, ո՛չ էլ բովանդակության առումով», — ասել է նա։
«Բացարձակապես որևէ բողոք չի եղել։ Ակնհայտ է, որ սրանք միջոցներ են, որոնք ձեռնարկվում են այլ նկատառումներից ելնելով», — նշել է Զախարովան։
Դիվանագետը հիշեցրել է, որ նախորդ օրը Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ «Կարծում եմ՝ բոլորն արդեն հասկանում են, որ մի շարք ակնհայտ ասպեկտներ կամ պահեր կան, որոնք մեղմ ասած, չեն նպաստում երկկողմ հարաբերություններին, այլ միայն վատթարացնում են դրանք։ Եվ այդ մասին երեկ ասվեց դեսպանին։ Հետևաբար, այժմ աշխատանքներ են տարվում», — ասել է նա։
Երեկ Բաքվի դատարանը 4 ամսով կալանավորել է «Սպուտնիկ Ազերբայդժան»-ի խմբագրական խորհրդի ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ «Խարդախություն՝ խոշոր վնաս պատճառելով», «Անօրինական ձեռնարկատիրություն՝ խոշոր չափերով եկամուտ ստանալու միջոցով», «Հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում»:




