
Արմավիրի մարզի Արտաշար գյուղում աղուտների պատճառով հողերի զգալի մասը չի մշակվում: Խորհրդային տարիներին դրանք մելիորացվել են, իսկ հիմա այդ հողերը առավելապես ծածկված են եղեգներով: Ոռոգման ջրի խնդիրը մասամբ լուծվել է խորքային հորերի ու ջրհորների միջոցով, գյուղացիների մի մասն էլ մնացել «Սևջուր» գետի հույսին, որի ջուրը խիստ պակասել է, իսկ ջրատարով միայն կոյուղաջրեր են հոսում: Ջրի ու հողի որակի խնդրից ելնելով՝գյուղացիները վարձակալում են այլ բնակավայրերի հողերն ու մշակում:
Արտաշարում գյուղացիները բանջարեղենը մշակում են բաց դաշտերում՝ լոլիկ, սմբուկ, պղպեղ, նաև՝ սեխ ու ձմերուկ են աճեցնում։ Գյուղի մի մասում լավ բերք են ստանում, իսկ մյուս մասի հողերը գրեթե անմշակ են մնում: Տիկին Անժելան ասում է՝ հողից քիչ օգուտ են ստանում, չարչարանքն է մնում:
«Ոչ մի օգուտ չի մնում, բայց որ հող ունես ու չմշակես, դա էլ լավ չի: Էդքանն անում ես քո անձի անվան համար, թե չէ եկամուտ չունես: Այստեղ հողերի մեծամասնությունը «շոռան է»՝ աղուտ, ի՞նչ որակ կա: Մեր մշակած հողերը պարարտանյութով շատ ենք սնուցում, բերք լինում է, բայց այն չէ, ինչ պետք է»:

Տիկին Անժելան հողերը ոռոգում է սեփական ջրհորից: Գյուղում շատերն են այդպես վարվում, գրեթե բոլորի տնամերձերում հորատանցքեր կան, և մարդիկ ընդերքի մակերեսային ջրերը պոմպով մղում են բանջարանոց:

Գրիշա Գրիգորյանն ընդերքի ջուրը խնայողաբար է օգտագործում. կաթիլային ոռոգման ցանց է անցկացրել:
«Ջրհոր եմ հորատել, 120 հազար դրամ տվել եմ միայն ծակելուն: 18մ է խորությունը, խողովակներն իջեցնում ենք մեջը: Մոտ 100 հազար էլ դրանց վրա ենք ծախսել: Իմ ծախսով ջրում եմ, որովհետև ջրի վիճակն էլ այն չի»:
Հողից եկամուտ ստանալու համար Գրիշան ավելի շատ հարևան բնակավայրերի հողերն է վարձակալում: Այս տարի փոքրացրել է մշակվող հողերը, անցած տարվա արդյունքը լավ չէր։

«Էս տարի մի քիչ քչացրել եմ՝ 3-4 հեկտար, իսկ անցած տարի 7հա միայն դրսում եմ մշակել: Ես սեփականաշնորհված քիչ հող ունեմ՝ 3200 քմ, մնացածն էլ վարձակալությամբ է: Իմ հողում սմբուկ եմ դնում, բայց 6-7 հա վարձակալած հողերում բադրիջան եմ դրել: Եթե ձմերուկ ես ուզում դնել, 1 հա-ի վարձակալությունը սկսվում է 500 հազար դրամից: Ուժեղ հողի մասին է խոսքը, որ հաստատ գիտես՝ ձմերուկը կստացվի: Թույլ հողի մեջ չի լինում, տանջանքդ լրիվ զուր է անցնում»:
Գյուղում վերջին տարիներին խորքային 4 հոր է բացվել, որոնք լիովին չեն հագեցնում գյուղատնտեսական հողերի ծարավը: Զրուցակիցս չցանկացավ ներկայանալ:

«Ոռոգման ջուրը բակերում հորերից է, որովհետև ուրիշ ջուր չկա: Դաշտերում էլ ենք հորեր բացել: Անգամ եթե ուրիշի հողն են վերցնում, իրենց հողերն էլ չի, էլի այդտեղ հոր են ծակում»:

Վահրամ Ավագյանի սեփական հողատարածքն արդեն 3 տարի անմշակ է մնացել, մինչ այդ անասնակեր էր մշակում: Խորքային հորերից հեռու է, ոռոգման ջուրն էլ պոմպակայանից մղվող կեղտաջրերն էին:
«Իմ հողերն այնպիսի տեղ է, որտեղ ջուր չի հասնում, ջրօգտագործողների ընկերությունն էլ ասաց, որ մի անգամ կարող են ջուր տալ, ես էդ մի ջրով ի՞նչ անեմ, առվույտ էի ցանել: Անասունները վաճառեցի, հողն էլ՝ 2.5 հա, թողել եմ անտեր: Հիմա տնամերձով եմ զբաղվում միայն»:

Քանի որ մաքրման կայանը չի գործում, Արմավիր ու Մեծամոր քաղաքների կոյուղու ջրերն առանց մաքրվելու մղվում են դեպի մշակելի հողատարածքներ և գարշահոտություն տարածում: Տեղացիները պատմում են, որ առաջ այդ ջրերը մաքրվել են, խառնվել ջրանցքի մաքուր ջրերին ու ոռոգել հողերը: Կեղտաջրերը հոսում են հենց գյուղի միջով:
«Տներ կան, որ անմիջապես այդ առվի կողքին են, շնչել չի լինում, ահավոր է: Մարդ զզվում է այդ ջրով իր բահը լվա կամ ցեխոտված ձեռքերը»:
Տարիներ առաջ Արտաշարում ընդերքի մակերեսային ջրերը բարձրացել ու ծածկել են հողերը, որոնք հեռացվել են, բայց հենց դրա հետևանքով տարածքներն աղակալել են: Վերջին տարիներին ընդերքի մակերեսային ջրերն իջել են, ինչն էլ իր հերթին է մտահոգում։




