Քաղաքական

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Վաշինգտոնում իր գործընկերների հետ աշխատանքային հանդիպումներ է ունեցել մի շարք առաջատար վերլուծական կենտրոնների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական կենտրոնում փոխտնօրեն, Ռուսաստանի և եվրոպական հարցերով վերլուծաբան Քորի Ուելթի, եվրոպական հարցերի վերլուծաբան Սառա Գարդինգի, ինչպես նաև Ատլանտյան խորհրդում (Atlantic Council) Եվրասիայի կենտրոնի ավագ տնօրեն Ջոն Հերբսթի և կենտրոնի վերլուծաբանների հետ քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ համագործակցության զարգացումը, Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները։

Միջազգային հանրապետական ինստիտուտում (IRI) Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ հանդիպման ընթացքում կարևորել ենք խորհրդարանի և Ինստիտուտի համատեղ ծրագրերի շարունակականությունը՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման նպատակով։

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի հետ հանդիպմանը շեշտվել է հայկական համայնքի ներդրումը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացման գործում։

Ամերիկյան Իսրայելի հանրային կապերի կոմիտեի (AIPAC) քաղաքականությունների և կառավարության հետ կապերի գծով գլխավոր տնօրեն Սթիվ Բեքերմանի և քաղաքականության ու ռազմավարական հարցերով տնօրեն Մարվին Ֆոյերի, ինչպես նաև Ամերիկայի հրեական կոմիտեի (AJC) քաղաքական հարցերով ղեկավար Ջեյսոն Այզակսոնի և կոմիտեի անդամների հետ քննարկել ենք Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև Հայաստան-ԱՄՆ և Հայաստան-Իսրայել հարաբերությունների օրակարգը։

Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) Եվրասիական տարածաշրջանի գլխավոր տնօրեն Միրիամ Լանսկոյի և փորձագետների հանդիպմանը քննարկել ենք հիմնադրամի՝ Հայաստանում իրականացվող ծրագրերը, ժողովրդավարական հաստատությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Բաց Հասարակություն հիմնադրամի (OSF) քաղաքականությունների վերլուծաբան Ջոշուա Ռասելի հետ հանդիպմանը անդրադարձել ենք Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին և ԱՄՆ-ի աջակցությանը այդ գործընթացում»,-ասված է Սարգիս Խանդանյանի գրառման մեջ։

Կարդացեք նաև

Back to top button