ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում

Ակադեմիական քաղաքի ու բուհերի խոշորացման թեման շարունակում է անհանգստացնել շահագրգիռ կողմերին նույնիսկ «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» նոր օրենքի քննարկումից 10 և նախագծի մշակումից 2 տարի անց։ «Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ օրենքի հեղինակները պատասխանել են թեմայի վերաբերյալ ամենաքննարկված հարցրին՝ ինչո՞ւ են խոշորացվում բուհերը, ո՞րն է երաշխիքը, որ դրանք ակադեմիական քաղաքում ավելի լավ կգործեն, ի՞նչ է տեղի ունենալու բուհերի շենքերի հետ։

300-ից ավելի մարդ ցանկացել է մասնակցել, 50-ից ավելի մարդ՝ ելույթ ունենալ Ազգային ժողովում կազմակերպված բարձրագույն կրթության և գիտության ոլորտի բարեփոխումների քննարկմանը։ Նման հետաքրքրություն առաջացրած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունման փորձերը մեկնարկել են 10 տարի առաջ, օրենքը մեկ անգամ հետ է կանչվել՝ հակասահմանադրական դրույթներ ունենալու հիմնավորմամբ։ Նոր տարբերակի վրա աշխատանքները սկսվել են 1-2 տարի առաջ, ստացվել են ավելի քան 1000 էջ առաջարկություններ՝ հայտնում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Հերթական քննարկման ժամանակ ներկաների հարցերին պատասխանել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 10 տարվա ընթացքում հասունացել է օրնենքն ընդունելու հստակ քաղաքական կամքը։ Նա անդրադարձել է օրենքի հիմնական դրույթներից որոշներին․

«Բարձրագույն կրթության բարեփոխումները իրացնելու ճանապարհին կառավարությունը մշակել և հաստատել է խոշորագույն ծրագրի՝ ակադեմիական քաղաք ծրագրի հայեցակարգը, որի շուրջ համախմբել է տեղական և միջազգային բազմաթիվ գործընկերների՝ նախապատրաստական փուլը մանրակրկիտ իրականացնելու և բարձրագույն կրթության և հետազոտության արդիական միջավայր ձևավորելու համար։ Զուգահեռաբար, կառավարությունը մեկնարկել է բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների միավորման գործընթացը»։

Այս թեմայով հարցերը ժամեր տևած քննարկման ընթացքում ամենահաճախադեպն էին։ Հայաստանի պետական բուհերի արհմիությունների նախագահ Արմեն Ավետիսյան․

— Ակադեմիական քաղաքի ձևավորվելուց հետո բուհերը պիտի տեղափոխվեն ակադեմիական քաղաք։ Այդպես էր նշված, և՛ հայեցակարգում։ Ուզում եմ իմանալ՝ Երևանի պետական համալսարանը տեղափոխվելո՞ւ է, թե՞ ոչ, իսկ եթե տեղափոխվելու է, տեղափոխվելուց հետո շենքի հետ ի՞նչ է լինելու։
— Բոլոր ենթակառուցվածքները շարունակելու են ծառայել բարձրագույն կրթությանը և գիտությանը։ Դրանք պետք է ուղղված լինեն համակարգի զարգացմանը և օգտագործվելու են ակադեմիական քաղաքի, բուհերի և գիտական կազմակերպությունների գործունեության համար։ Ինչ վերաբերում է Երևանի պետական համալսարանի հետ կապված մեր քայլերին, մի բան ակնհայտ է․ անկախ նրանից՝ որտեղ կգործի, կգործի այնպիսի ենթակառուցվածքների ու միջավայրի պայմաններում, որ վստահ եմ, որ կխոսենք վարկանիշային սանդղակներում ոչ միայն առաջին 500-յակի, այլ էլ ավելի բարձր տեղերի մասին
,- պատասխանում է Անդրեասյանը։

Բուհերի շենքերի հետագա օգտագործման վերաբերյալ պատասխանները քննարկման մասնակիցները սպառիչ չեն համարում։ «Ռեստարտ» նախաձեռնության քաղաքացիական հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ավագյան․

— Կարո՞ղ եք արդյոք հստակեցնել՝ ի՞նչ եղանակով են ծառայելու։ Կարո՞ղ է, օրինակ, այնպես լինի, որ վաճառվի, այդ գումարը հատկացվի ակադեմիական քաղաքին և այդ եղանակով ծառայի։ Կամ, օրինակ, էդ շենք-շինությունները հանձնվեն միջազգային որևիցե կազմակերպության կառավարմանը, կամ էլի վաճառվեն իրենց, կամ ,օրինակ, վարձով տրվեն և այլն։ Եթե նշածս տարբերակները բացառում եք, կխնդրեմ գոնե մոտավոր որոշակի պատասխան տալ, որ պատկերացում կազմենք, թե ինչ է տեղի ունենալու պատմամշակութային ու ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի հետ։
— Ինչ վերաբերում է պատմամշակութային նշանակության ունեցող շենքերին, դրանց պաշտպանությունը նախատեսված է նաև մեր այդ ոլորտի օրենսդրությամբ։ Մենք ներգրավել ենք համապատասխան փորձառություն ունեցող ընկերությունների, որոնց հետ հիմա խորածավալ վերլուծություն է արվում, որովհետև Դուք, ասելով բուհական և գիտական համակարգ, պատկերացնում եք կոնկրետ մի քանի շենք, իսկ մենք գույքագրել ենք ամբողջը, և դա ահռելի տարածքներ են, ընդ որում՝ ոչ միայն շենքեր։ Օրինակ, մեր Ագրարային համալսարանը, եթե չեմ սխալվում, մոտ 1000 հա հողակտորներ ունի։ Իրավիճակը շատ ավելի բազմաշերտ է, քան դուք ներկայացնում եք։ Որևէ մեկը նպատակ չունի ինչ-որ շենք ծախել։ Կներեք, դրա համար պետք չէր ակադեմիական քաղաքի ծրագիրը գրել և մտնել այս մեծածավալ բարեփոխման մեջ։ Եվ կարծում եմ, որ ժամանակն է, որ դադարենք էդ նպատակադրումները վերագրել այս բարեփոխմանը։

Յուրի Ավագյանը, հղում անելով վիճակագրական ծառայության տվյալներին, նշում է՝ ամեն տարի միջինում 4600 մարդ մարզից Երևան է տեղափոխվում, մարզերում գործող 23 բուհեր ամեն տարի միջինում 1800 ուսանող է ընդունվում։ Ակադեմիական քաղաքի ձևավորման դեպքում այդ 1800 դիմորդները ևս միանալու են Երևան տեղափոխվող մարդկանց, արդյունքում դեպի երևան հոսքը ավելանալու է մոտ 40 տոկոսով։

«Եթե բուհերը փակում ենք և նոր բուհաքաղաք հիմնում, որտեղ այսօրվա բուհերի տրամադրած կրթությունը մրցունակ չի, ապա ո՞րն է երաշխիքը, որ, եթե բուհը չգտնվի Իսահակյան փողոցում, այլ 17-րդ թաղամասում, ուրեմն, կրթության որակը կբարելավի։ Արդյո՞ք հնարավոր չէ կրթության որակի բարելավման ուղղված միջոցառումներ իրականացնել առկա ենթակառուցվածքներում՝ առանց միլիարդներ ծախսելու և բարձրագույն կրթության ոլորտը ցնցումների ենթարկելու։ Արդյոք հստակ ներկայացնելու եք, թե ինչ ճակատագիր են ունենալու ճարտարապետական և պատմամշակութային բացառիկ նշանակություն ունեցող երևանյան բուհերի շենքերը, ինչ այլընտրանքային ծրագրեր եք իրականացնելու, որ կանխեք անհամաչափ զարգացման խնդիրները, որոնք է՛լ ավելի աղետալի կլինեն ակադեմիական քաղաք ծրագրի պատճառով»։

Հարցերին Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանն է պատասխանում, որի համար տարօրինակ է մինչ այս պահը գոյություն ունեցող՝ բուհերի փակվելու մասին խոսույթը։

«Բազմաթիվ անգամներ խոսվել է այն մասին, որ որևէ բուհ չի փակվում, տեղի է ունենում խոշորացման գործընթաց, միավորման պրոցես։ Ինչո՞ւ է շենքը հետաքրքրում մարդուն, այլ ոչ մատուցող ծառայության որակը, Էդ բուհերում իրականացվող հետազոտության, բայց էդ հարցի մյուս կողմն է։ Այտեղ ոչ վաճառքի մասին է խոսքը, ոչ էլ, միլիոնավոր անգամներ ասվել է դրա մասին, էդ գույքերի կառավարումը կազմակերպվելու է, դրա ճանապարհային քարտեզները մշակվելու են։ Ես չեմ հասկանում՝ մարդիկ որտեղի՞ց գիտեն՝ ոնց է օգտագործվելու, եթե մենք դեռ չգիտենք։ Հարցն առնվազն տարօրինակ է»։

Ակադեմիական քաղաքի ու բուհերի խոշորացմանը վերաբերող հարցը «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» նոր օրենքի նախագծի մեծ, սակայն միայն մեկ դրվագն է։ Քննարկման ընթացքում  գիտության, գիտակյան ինստիտուտների, դրանց կառավարման ու գործունեության փոփոխությունների, բուհերի ու դրանց կրթական ծրագրերի լիցենզավորման մասին հարցերը ևս բազմազան էին։ Ժաննա Անդրեասյանը դրանցում ստատուս քվոն պահպանելու ցանկություն տեսավ։ Սա, ըստ նախարարի, ամենաանհանգստացնողն է․

«Երբ որևէ ոլորտի փոփոխություն է նախաձեռնում, միանգամից տեսնում ես անհանգստություն։ Դա բնական է։ Բայց ինձ շատ անհանգստացնում է, որ մենք, ունենալով տարիներով կուտակված լրջագույն պրոբլեմներ, երբ փոփոխության հանձնառություն ենք ստանձնում, շարունակում ենք լսել տարօրինակ ստատուս քվոների մասին պնդումներ։ Ստատուս քվոն էն է, ինչը մեզ տարել է ճահիճ։ Լուծումները գտնելու ճանապարհին կքննարկենք, մի բանում կհամաձայնենք, մի բանում կվիճենք, մի հարցում չենք գա ընդհանուր համաձայնության, բայց փոփոխությունը տեղի կունենա։ 100 %-ով չենք հասնի մեր ուզածին, 70-ով կհասնենք, 60-ով կհասնենք։ Դա արդեն իսկ համակարգը կշարժի տեղից, համակարգը կհանի ճահճից։ Իներցիան մեզ ոչ մի լավ տեղ չի տանի։ Չի լինելու ուրիշ ժամանակ, որ գան ուրիշները և այս խնդիրները լուծեն։ Ստացվել է այնպես, որ էդ խնդիրները պիտի լուծենք մենք միասին»։

Ազգային ժողովը առաջիկայում կունենա արտահերթ նիստ, որի ընթացքում կքննարկի օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ Դրանից հետո խորհրդարանը կգնա արձակուրդ։ Ամռան ընթացքում, ըստ Ժաննա Անդրեասյանի, կվերանայվեն առաջարկությունները, կարվեն անհրաժեշտ շտկումներ, իսկ օրենքի վերջնական ընդունումը, ըստ օրենսդրի ու գործադրի ներկայացուցիչների, տեղի կունենա աշնանը։

Կարդացեք նաև

Back to top button