ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Արևմտյան Ադրբեջանը մեր երկրի նահանգներից մեկն է․ Իրանի դեսպանը մերժում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր լրագրողներին ասել է, որ Երևանն ու Թեհրանը շարունակում են քննարկումները Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը Հայաստան կազմակերպելու  ուղղությամբ։ Անգամ իսրայելական հրթիռակոծությունների բարդ ժամանակաշրջանում Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ աշխատանքը շարունակվել է, և հնարավոր է՝ ամռանը Իրանի նախագահը ժամանի Հայաստան՝ ասել է դեսպանը։ Նա գոհունակություն է հայտնել Իրանի համար այդ բարդ շրջանում հայ ժողովրդի և Հայաստանի դրսևորած վերաբերմունքից ու դիրքորոշումից։ Դեսպանն ասել է նաև, որ այժմ ուսումնասիրվում է այն տեղեկությունը, որ Ադրբեջանի տարածքից իսրայելական անօդաչուներ են ուղղվել դեպի Իրան։

Իսրայելի հետ հրթիռակոծությունների ժամանակ Իրանն ուշադրությամբ հետևել և արձանագրել է հարևան երկրների դիրքորոշումն ու վերաբերմունքը Թեհրանի նկատմամբ։ Լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին նախ նշեց, որ շնորհակալ է Իրանի նկատմամբ հայ ժողովրդի ցուցաբերած վերաբերմունքի համար․

«Պետք է ասեմ, որ Հայաստանի հետ մեր հարաբերությունները անգամ մի ակնթարթ չեն դադարել, պետք է ասեմ, որ երկու երկրների միջև անգամ փոխադարձ այցեր ավելի շատ են տեղի ունեցել։ Մենք ականատես եղանք Հայաստանի Հանրապետության կառավարության դրական դիրքորոշմանը, և որ դատապարտեց Իսրայելի ռեժիմի այդ գործողությունները։ Ինչպես նաև մենք ականատես եղանք Հայաստանի ժողովրդի հոգևոր այս միաբանությանը և աջակցությանը Իրանի ժողովրդին»։

Իսլամական համագործակցության կազմակերպության  նախարարների խորհուրդը մի քանի օր առաջ ընդունել էր «Ստամբուլի հռչակագիրը»։ Բացի այդ՝ Բաքուն բանաձևեր էր ընդունել, որոնցում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» համայնքին վերաբերող կետեր կային։ ՀՀ ԱԳՆ դատապարտել էր դրանցում տեղ գտած ձևակերպումները։ Իրանի դեսպանը, անդրադառնալով այդ հակահայկական բանաձևին, վստահեցրեց, որ Թեհրանն անընդունելի է համարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ յուրաքանչյուր ձևակերպում․

«Մենք կտրականապես մերժում ենք տարածքային յուրաքանչյուր պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը։ Ինչպես նաև յուրաքանչյուր կեղծ և շինծու արտահայտություն, որ պարունակում է որևէ տեսակի տարածքային պահանջ այլ երկրի նկատմամբ․ մենք դա ևս կտրականապես մերժում ենք։ Այդ հորինված և կեղծ արտահայտությունների օգտագործումը հակասում է տարածաշրջանում խաղաղ համակեցության ծրագրին, հարևանության տրամաբանությանը և այլ երկրների տարածքային ամբողջականությանը, և պետք է խուսափել այդ արտահայտությունների օգտագործումից։ Արևմտյան Ադրբեջանը Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներից մեկի անվանումն է, և այն չի կարող օգտագործվել որևէ այլ աշխարհագրական տարածաշրջանի համար, հատկապես եթե որևէ տեսակի տարածքային պահանջ է պարունակում մեկ այլ երկրի, հատկապես Հայաստանի նկատմամբ»։ 

Դեսպան Սոբհանին ասաց, որ Իսրայել-Իրան հակամարտության ժամանակ Թեհրանը տեղեկություններ է ստացել, որ Իսրայելի անօդաչու սարքերի որոշակի փոքր քանակություն Իրան է մտել հարևան Ադրբեջանի տարածքից․

«Մենք տեղեկություններ ստացանք, որ անօդաչու սարքերի փոքր քանակություն Իրանի տարածք է թռել հարևան երկրների տարածքից։ Այդ իսկ պատճառով Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև հեռախոսազրույցի ժամանակ մեր նախագահը խնդրել է Ալիևին լուրջ հետաքննություն անցկացնել այս հարցով։ Կսպասենք այդ հետաքննության արդյունքներին, և երբ հստակ լինի հետաքննության արդյունքը, արդեն որոշում կկայացնենք, թե ինչ արձագանք կտանք այդ իրողությանը»։

Միջազգային մամուլը գրում է, որ իսրայելա-իրանական հակամարտության ընթացքում՝ մինչև ԱՄՆ–ի՝ Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությունը, Սպիտակ տանը բանակցություններ են ընթացել Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Պարսից ծոցի մի քանի պետությունների ներկայացուցիչների միջև։ Տեղեկությունը տարածել է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասաց, որ կոնկրետ Թեհրանը որևէ բանակցություն չի վարել, և այժմ էլ պատասխան  չունեն նոր բանակցությունների հավանականության մասին։ Դա սակայն չի նշանակում, որ Իրանի համար բանակցությունների ուղին փակ է՝ վստահեցրեց դեսպանը․

«Մենք որևէ բանակցություն չենք վարել ԱՄՆ–ի հետ, նոր պայմանավորվածություն չունենք բանակցություն վարելու։ Այժմ ուսումնասիրում ենք՝ բանակցությունները մեր շահերից են բխում, թե ոչ։ Մենք բանակցությունների մեջ էինք, ինչը, սակայն, կանխվեց»։

Անդրադառնալով Իրանին հետագայում քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի համար ԱՄՆ-ից  ֆինանսական միջոցներ հատկացնելու տեղեկություններին՝ դեսպան Սոբհանին ասաց, որ ուժի սպառնալիքն ու դրա խրախուսումը Իրանի դեպքում չեն գործում։

Կարդացեք նաև

Back to top button