
Հունիսի 23-27-ը` ԵԽԽՎ ամառային նստաշրջանում խոսվել է բռնապետական երկրների կողմից միջազգային իրավունքի ոտնահարման մասին։ Բացի այդ, ԵԽԽՎ-ում համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի հանցագործության համար Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու վերաբերյալ:
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը խոսել է ռազմագերիների նկատմամբ կիրառվող կտտանքների և խոշտանգումների մասին։ Նա ևս մեկ անգամ պատվիարակների ուշադրությունը կենտրոնացրել է հայ ռազմագերիների նկատմամբ Բաքվում կատարվող ապօրինություններին։ Նա շեշտել է, որ այն, ինչ արվում է ռազմագերիների նկատմամբ, Ժնևյան կոնվենցիայի խախտում է։
«Ռազմագերի լինելը պատիժ չէ։ Դա պարզապես ռազմական միջոց է՝ կանխելու համար տվյալ անձանց հետագա մասնակցությունը ռազմական գործողություններին, կանխարգելու նրանց հետագա վերադարձը ռազմադաշտ։ Ցավոք, այն իրավիճակը, որին այսօր բախվում ենք, հավասարեցնում է ռազմագերիներին հանցագործների կարգավիճակին։ Մենք հավասարեցնում ենք ռազագերիների ճամբարները քրեակատարողական հիմնարկներին։ Եվ, ցավոք, ռազմագերիները ավելի ու ավելի հաճախ են ենթարկվում կտտանքների և խոշտանգումների։ Սա ամբողջովին խարխլում է Ժնևյան կոնվենցիայի տրամաբանությունը, խարխլում է միջազգային մարդասիրական իրավունքի էությունը, որի համաձայն՝ զինվորին գերելը սոսկ նրա վերադարձը մարտադաշտ կանխելն է»։
Հայաստանի պատվիրակը հիշեցրել է, որ պատերազմական գործողությունների ավարտից հետո բոլոր ռազմագերիները պետք է հայրենադարձվեն։ Ռազմագերիների հայրենադարձման անհիմն ձգձգումն, ըստ նրա, միջազգային հանցագործություն է։ Այս հիշեցումը Վարդանյանն արել է բռնապետական երկրների ղեկավարների համար։ Նա ընդգծել է, որ միջազգային քրեական իրավունքում մարդկության դեմ ուղղված հանցագործություններն ու ռազմական հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն։

«Ժնևյան կոնվենցիաները միանշանակորեն սահմանում են, որ որոշ կատեգորիայի ռազմագերիներ պետք է հայրենադարձվեն, նույնիսկ ռազմական գործողությունների ընթացքում։ Դրանք են՝ անդամալույծները, հոգեկան հիվանդություն կամ լուրջ առողջական խնդիրներ ունեցողները։ Այս կատեգորիան պետք է ազատ արձակվի նույնիսկ ռազմական գործողությունների ժամանակ»։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիարակության անդամ Արմեն Գևորգյանը հարց է ուղղել ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Մալթայի արտաքին գործերի, Եվրոպայի հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջին` թե ինչու է Եվրոպայի Խորհուրդն անկարող ազդելու Ադրբեջանում ընթացող, իր ձևակերպմամբ՝ ամոթալի դատավարությունների վրա և թե ի՞նչ ուղերձ է նրանց, ովքեր դեռևս հավատում են ժողովրդավարական արժեքներին, հատկապես այն ժամանակ, երբ այդ արժեքները ինտենսիվ ճնշվում են։
Հայ պատվիրակի հարցին ի պատասխան, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը նշել է, որ չեն կարող այլ բան անել, քան հորդորելը բոլոր անդամ երկրներին հավատարիմ մնալու այն արժեքներին, որոնք որդեգրել է կազմակերպությունը և կատարելու այն հանձնառությունները, որոնք ստանձնել են երկրները՝ միանալով Եվրոպայի խորհրդին։ Մենք ոչ միայն Ադրբեջանից ու Թուրքիայից ենք պահանջում կատարել այդ հանձնառությունները, այլև մյուս երկրներից, ասել է ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը:
Բուռն քննարկում է ծավալվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելով» թեմայի շրջանակներում։ ԵԽԽՎ պատվիրակները մտահոգություն են հայտնել, որ ԵԽ անդամ որոշ երկրներ չեն կատարում ՄԻԵԴ վճիռները՝ այդպիսով խաթարելով մարդու իրավունքների պաշտպանությունը։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը, խոսելով Մերձավոր Արևելքում առկա լարվածության մասին, հստակեցրել է, որ այն տարածվում է և ուղղակի սպառնալիք է ներկայացնում Հարավային Կովկասի համար։
«Հայաստանի աշխարհաքաղաքական պատմության վերջին 5 տարիները ցույց են տալիս, որ միջազգային ինստիտուտները կորցնում են իրենց հեղինակությունը, համընդհանուր նորմերը կորցնում են իրենց արդիականությունը, ազգային սահմանները կորցնում են իրենց կայունությունը, և, վերջին հաշվով, յուրաքանչյուր երկիր ստիպված է ունենալ գոյատևման սեփական ռազմավարությունը։ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հակամարտությունը ցույց տվեց գործընկերության գործոնի կարևորությունը և հարաբերություններում վստահության արժեքը։ Ցավոք, այսօր Հայաստանի համար դրանք մարտահրավերներ են»։

Արմեն Գևորգյանի դիտարկմամբ, երբ անհրաժեշտ է դիմակայել ռիսկերին և լուծել հակամարտությունները, Եվրոպայի Խորհրդում խաղի բոլորովին այլ կանոններ են գործում։ Լավատեսական ակնկալիքները չեն կարող դիմագրավել տեղում առկա վտանգներին։
«Ի տարբերություն մեր կազմակերպության, վերջերս Իսլամական համագործակցության կազմակերպությունն ընդունեց բացահայտ հակահայկական բանաձև, որը կրոնը զենք է դարձնում հայկական մշակութային ժառանգության և քրիստոնեական ինքնության դեմ: Եվրոպայի Խորհուրդը պահպանում է դիվանագիտական լռություն և հավասարակշռված մոտեցում հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ խուսափելով բարոյական հստակությամբ և քաղաքական վճռականությամբ խոսելուց»:
Բացի օրակարգային քննարկումներից, նստաշրջանի ընթացքում նաև համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի միջև։ Ըստ այդ համաձայնագրի, ԵԽ-ը Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի հանցագործության համար Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ պետք է ստեղծի։
Հատուկ դատարանը պետք է դատի քաղաքական և ռազմական այն գործիչներին, որոնք պատասխանատու են Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների համար։ Սակայն դատարանը կկարողանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդեպ դատավարություն սկսել միայն այն բանից հետո, երբ նրանք թողնեն իրենց պաշտոնները։
Դատարանը կունենա 15 դատավոր, որոնց կնշանակեն տվյալ մարմնի ստեղծման համաձայնագրին միացող երկրները։




