
Վաղարշապատ համայնքում երկրորդ անգամ չի կայացել համայնքի ղեկավարի ընտրության նպատակով հրավիրված ավագանու արտահերթ նիստը, որը գումարվել էր ավագանու ընդդիմադիր անդամների 1/3-ի պահանջով: Նիստը դարձյալ բոյկոտել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 15 անդամները, չի ներկայացել նաև նիստը վարողը՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Արսեն Պետրոսյանը: Երկշաբաթյա ընթացքում համայնքի ղեկավար չընտրելու դեպքում, ՏԻՄ օրենքի համաձայն, վաղաժամկետ դադարեցվում են ավագանու լիազորությունները:
Վաղարշապատ համայնքի ավագանու ««Էջմիածին» կուսակցությունների դաշինք» և «Հայրենատէր» խմբակցությունների անդամների 1/3-ի պահանջով՝ համայնքի ղեկավար ընտրելու նպատակով հունիսի 25-ին դարձյալ գումարվել էր ավագանու արտահերթ նիստ: Օրակարգում երկու հարց էր՝ ընտրել համայնքի ղեկավարի և կազմակերպել վերջինիս լիազորությունները ստանձնելու ու երդման արարողությունը: Սակայն նիստն այս անգամ էլ չկայացավ՝ ավագանիում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 15 անդամների բացակայության պատճառով:
Ավագանու 27 անդամից գրանցվել էր 11-ը. 2-ը՝ «Հայրենատէր», 9-ը՝ ««Էջմիածին» կուսակցությունների դաշինք» խմբակցությունից․ արձանագրում է Վաղարշապատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սմբատյանը.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավագանու հրավիրած արտահերթ նիստին, օրենքով սահմանված կարգով, կես ժամվա ընթացքում չեն ներկայացել նիստը վարողը՝ համայնքի ղեկավարին փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանը և ավագանու անդամների, օրենքով սահմանված կարգով, կեսից ավելին, ուստի նիստը իրավազոր չէ»:

Վաղարշապատ համայնքի ավագանու ընդդիմադիր անդամներն ասում են, որ իշխող կուսակցությունն այս կերպ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Կարծում են՝ իշխող ուժն ավագանու նիստերը բոյկոտում է Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանին համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու նպատակով: «Էջմիածին» կուսակցությունների դաշինք խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյան.
«Նիստը նորից ՔՊ-ականները տապալեցին: Հենց ՔՊ-ի ավագանու անդամները, որոնք ժամանակին, էջմիածնեցիներից քվե ստանալով, պարտավորվել են զբաղվել քաղաքի կառավարմամբ, շենացնել այս քաղաքը, հիմա անում են ճիշտ հակառակը»։
Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանն ընտանիքին ավելի շատ ժամանակ հատկացնելու և հանգստի կարիք ունենալու հիմնավորմամբ պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել մայիսի 20-ին, լիազորությունները դադարեցվել էին մայիսի 27-ին:
Օրենքով համայնքի ղեկավար ընտրելու լիազորությունը վերապահված է ավագանուն․ մանրամասնում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը:

«Գործող օրենսդրության համաձայն՝ մեկ ամսվա ընթացքում ավագանին պետք է նիստ գումարի և ընտրի համայնքի ղեկավարի: Հունիսի 12-ի արտահերթ նիստը՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով, չի կայացել, որովհետև ավագանին իրավազոր չի եղել որոշումներ կայացնելու: Գործող օրենսդրությամբ՝ երկու շաբաթվա ընթացքում ավագանին նորից պետք է համայնքի ղեկավար ընտրի»:
Վաղարշապատ համայնքի ավագանին մեկ ամսվա ընթացքում չընտրեց համայնքի ղեկավարի: Առաջիկայում ավագանու լիազորությունները կդադարեցվեն օրենքի պահանջով՝ ասում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Գոռ Հովհաննիսյանը:
«Ժամկետը լրանում է հունիսի 26-ին: Հունիսի 27-ին արդեն համայնքի ավագանին օրենքով տրված ժամանակահատվածում չի կարողացել համայնքի ղեկավարի ընտրել: Բնականաբար, կազմվելու է արձանագրություն տվյալ գործընթացների վերաբերյալ, ներկայացվելու է ՏԿԵՆ, մտնելու է կառավարության նիստ, և ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու են»:

Ի դեպ, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, ում անունը շրջանառվում է որպես Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, Խոյ համայնքի նախկին ղեկավարն էր: Խոյում ներառված է 17 գյուղական բնակավայր, իսկ Վաղարշապատում՝ Էջմիածին քաղաքն ու Ոսկեհատ գյուղը: Երկու համայնքներն իրենց 19 բնակավայրով միավորվելու են Վաղարշապատ համայնքի կազմում․ կառավարության որոշումն արդեն կա։




