
Ահաբեկչության, զանգվածային անկարգությունների և իշխանության զավթման նախապատրաստման մեղադրանք է առաջադրվել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, լրագրողներին հայտնել է նրա պաշտպան Սերգեյ Հարությունյանը։
«Մեղադրանք է առաջադրվել Բագրատ սրբազանին։ Նա անցնում է այն հոդվածներով, ինչը քննչական կոմիտեն հայտարարել է՝ ահաբեկչության, զանգվածային անկարգության, իշխանության բռնազավթման նախապատրաստում։ Նա ձերբակալվել է 24-ժամյա ռեժիմով, և այդ ժամկետի ընթացքում պետք է տանեն դատարան։ Կալանքի միջնորդություն է ներկայացվելու»,- նշել է Հարությունյանը։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պաշտպանն ընդգծել է, որ և՛ ինքը, և՛ իր պաշտպանյալը ներկայացված մեղադրանքը համարում են քաղաքական հետապնդում։




