ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ընտանեկան բռնությունը՝ արատավոր երևույթ. իրազեկման արշավները բացահայտում են դեպքերը

Ընտանեկան բռնության դեպքերն աճում են հատկապես ճգնաժամային իրավիճակներում՝ նման գնահատում են ներկայացրել սոցապնախարարության «Աջակցման կենտրոններն» ու այն կառույցները, որոնք զբաղվում են բռնության դեպքերի բնացահայտմամբ ու բռնության ենթարկվածներին անհրաժեշտ ծառայությունների տրամադրմամբ:

Գենդերային բռնության ու խտրականության կանխարգելմանն է ուղղված Եվրոպական Միության ֆինանսավորմամբ «ՕքսԵՋեն» հիմնադրամի կողմից 5 մարզում իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման» ծրագիրը: Իրազեկման աշխատանքների արդյունքում թիրախավորված անձինք այլևս չեն խուսափում խոսել արատավոր երևույթների մասին, դիմում են կենտրոններ, ստանում անհրաժեշտ ծառայություններ:

«Աննա ջան, ինչպե՞ս ես, երեկ կրկին ձեր տնից լացի ձայներ էին լսվում: Ամուսինդ այս անգամ ինչ կոտրեց: Վա՜յ, աչքիդ տակն էլի կապտել է: Դե, դու էլ մի հակաճառիր, որ էս օրը չընկնես»: Սա ոչ թե հատված է թատերական ներկայացումից, այլ՝ փոքր բեմադրություն ընտանեկան բռնության մասին: Թեման արդիական է, ու խնդրով մտահոգ հասարակական կազմակերպություններն ընտանեկան բռնության վերաբերյալ իրազեկման արշավներ են կազմակերպում 5 մարզի տարբեր բնակավայրերում: Արմավիրի մարզում հանդիպումներն անցնում են դպրոցներում, քանի որ ուսուցիչների շփումն ընտանիքների հետ ավելի մեծ է՝ ասում է «Երիտասարդական ավանգարդ» հասարակական կազմակերպության «Կանանց աջակցման կենտրոնի» ծրագրի պատասխանատու Ռուզաննա Մատինյանը:

«Ներկաներին տրամադրում ենք մեր շուրջօրյա թեժ գծի այցեքարտերը: Եթե բռնության ենթարկված անձը չի ցանկանում կենտրոն հաճախել, կարող է հեռախոսազանգով ստանալ խորհրդատվություն, և անպայման նշում ենք, որ այս ամենը գաղտնի է մնում»:

Արմավիրի «Կանանց աջակցման կենտրոնը» գործում է արդեն 5 տարի։ Իրազեկման արշավների ժամանակ կարևորվում է երկու գործոն՝ տեղեկացնում է կառույցի ղեկավար Սուսաննա Մատինյանը:

«Առաջինը՝ բարձրաձայնում ենք խնդիրը, քանի որ ընտանեկան բռնությունը տարածված է, սակայն դրա մասին շատ քիչ են խոսում՝ դա  համարելով նեղ անձնական խնդիր, փակվում են այդ խնդիրների մեջ ու հայտնվում բռնության փակ շղթաներում: Երկրորդ՝ ցանկանում ենք բարձրացնել մեր աջակցման կենտրոնի մասին իրազեկման մակարդակը, ներկայացնել, թե ինչ ծառայություններ ենք մատուցում»:        

Կանանց աջակցման կենտրոններում բռնության ենթարկված անձինք ստանում են հոգեբանական, իրավաբանական, սոցիալական խորհրդատվություն, նաև ձեռք են բերում փոքր բիզնեսով զբաղվելու հմտություններ: Նպատակն է՝ մենակ չթողնել բռնության ենթարկված կանանց և ազատել բռնարարի կախվածությունից: Մանրամասնում է «ՕքսԵՋեն» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Քրիստինե Մխիթարյանը:

«Ծրագիրն ունի տնտեսական բաղադրիչ, որի շրջանակում ընտանեկան բռնության ենթարկվածներին ու ռիսկային խմբերում գտնվող կանանց մոտ զարգացնում են որոշակի հմտություններ, ապահովում մասնագիտական վերապատրաստումներ, բիզնեսը զարգացնելու կարողություններ: Դրանից հետո տրամադրվում են  փոքր դրամաշնորհներ, որպեսզի հիմնական կարիքները հոգալու համար կարողանան տնտեսական գործողություններ սկսել»:

Քրիստինե Մխիթարյանն ասում է, որ բռնության դեպքերն ավելանում են հատկապես ճգնաժամային իրավիճակներում: Դեպքերի բացահայտումների ավելացումը բացատրում է նաև օրենսդրական փոփոխություններով, որոնց հիմքում նաև իրենց առաջարկներն են։ 

«Ռադիոլուրի» զրուցակիցը Արմավիրի մարզից է, հոգեբանական ու ֆիզիկական բռնության պատճառով ամուսնական կարճ կյանք է ունեցել, ու արդեն 11 տարի միայնակ է մեծացնում որդուն:

«Ամեն գնով փորձում էի ընտանիքս փրկել, որովհետև հայրս, ընտանիքս ավանդապահ, պահպանողական մարդիկ են: Կյանքում չէի պատկերացնի, որ ես կհայտնվեմ նման իրավիճակում, և դա չէր լավագույն ելքն ու լուծումը: Ամեն գնով փորձել եմ դրանից խուսափել, փորձել բաց թողնել անցյալն ու ապրել ներկայով, էլ հետ չնայել: Այսինքն՝ ես հաշտ եմ իմ անցյալի հետ»:

Հայաստանում գենդերային խտրականության ու բռնության դեմ պայքարի ծրագրին  միացել են Կոտայքի, Արագածոտնի, Արարատի ու Վայոց ձորի մարզերի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք ստեղծել են աշխատանքային ցանց ու նման ծառայություններ են մատուցում բռնության ենթարկված կանանց:

Արագածոտնի մարզում գործող «Թալին-հույս» հասարակական կազմակերպության նախագահ Անահիտ Աբգարյանն ասում է՝ կարծրատիպերը շատ ամուր են։

«Կարող եմ նշել Կարմրաշեն գյուղը, որտեղ բռնությունը շատ է, ընդհուպ՝ սկեսուրները հարսների նկատմամբ: Այն աստիճան է, որ ես նույնիսկ չեմ համարձակվում գնալ այնտեղ ու իրազեկել: Կարծրատիպային համայնք է, տեղի մի երկու դեպքի մասին ոստիկանությունից են մեզ տեղեկացրել, բայց ընդհանուր շատ են դիմում: Քանի որ մեզ մոտ ծառայությունը գաղտնի է, չենք բարձրաձայնում»:

Բռնությունների դեպքեր են արձանագրվում նաև եզդիական համայնքներում: Միայն անցած տարի գրանցել են 10 դեպք, որից 8-ի դեպքում ոստիկանությունն է ուղղորդել:

«Շամիրամից 3 դեպք ենք ունեցել, Ծաղկահովիտի եզդիական համայնքներից ապաստան ենք տվել մի եզդի կնոջ՝ երեք անչափահաս երեխաների հետ»:

Իրազեկման արշավներն անարձագանք չեն մնում, և բռնության ճիրաններում հայտնված անձինք գնալով ավելի մեծ թվով ու ավելի մեծ վստահությամբ են դիմում «Աջակցման կենտրոններ», օգտվում աջակցության ծառայություններից:

Կարդացեք նաև

Back to top button