12 օր տևած Իրան-Իսրայել հրթիռակոծությունը կարծես ավարտվեց՝ սակայն բազմաթիվ հարցեր անպատասխան թողնելով։ ԱՄՆ նախագահը հայտարարում է հրադադարի համաձայնության մասին, Իսրայելի վարչապետը հաստատում է այն։ Փորձագետները վերլուծում են հակամարտությունը՝ հիմնականում նշելով, որ 12 օրում բացահայտվեցին երկու կողմերի խոցելի կետերը։
Օր առաջին՝ Իսրայելը հարվածեց Իրանին․ այդ գիշեր Իրանը պատասխան հրթիռներ ուղարկեց Իսրայել։ Հաջորդող օրերին հարվածներն ավելի կատաղի էին, զինանոցը՝ ավելի արդիական։ Երկու կողմում ավերածությունները հսկայական էին, իրավիճակը՝ քաոսային։ Վերջնագրեր հիշեցնող փոխադարձ հայտարարություններ էին հնչում։ Թեհրանը հայտարարեց, որ վերացրել է իսրայելական լրտեսական ցանցը Իրանում, լրտեսության համար մեղադրվողներից մեկին անգամ մահապատժի դատապարտեցին՝ հրթիռին կապած՝ Իսրայել ուղարկելով։ Աստիճանաբար պարզ դարձավ, որ Իսրայելի ՀՕՊ-ը չի կարողանում որսալ իրանական հրթիռները։
Գործին միջամտեց Միացյալ Նահանգները։ Պատերազմի մեկնարկից շուրջ տասն օր անց Վաշինգտոնը պատմության մեջ առաջին անգամ նոր զինատեսակով՝ ընդերքային հարվածներ հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի միջուկային պաշարները վերացված են։ Թեհրանը հակադարձեց, որ հարստացված ուրանը հասցրել է տեղափոխել այլ վայր։ Իրանը և Իսրայելն այսքանից հետո էլ շարունակեցին փոխադարձ հրթիռակոծությունները։ Հակամարտության 11-րդ օրը Իրանը հարվածեց Կատարի ամերիկյան ռազմաբազաներին։ Օր 12-րդ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանն ու Իսրայելը համաձայնության են հանգել հրադադարի շուրջ։
Ողջ աշխարհը 12 օր շարունակ հետևում էր չափազանց վտանգավոր այս հակամարտությանը։ Այժմ հայտարարվում է, որ հակամարտությունն ավարտվել է, սակայն բազմաթիվ անհասկանալի հարցեր են մնացել՝ ասում են վերլուծաբանները։ Փորձագետները դեռևս չունեն շատ հարցերի պատասխաններ։ Առայժմ պարզ չէ, թե ինչ հետևանք է ունեցել Իրանի միջուկային օբյեկտների ամերիկյան ռմբահարությունը։ Թե ինչ է կատարվել մի քանի կմ խորության տակ, ոչ ոք չի կարող ասել։ Փորձագետների համար անհասկանալի է նաև, թե ինչպես կարողացան հակամարտող կողմերն այդքան արագ համաձայնության հասնել հրադադարի շուրջ։ Այս հարցերի իրական պատասխանները գուցե այդպես էլ հայտնի չդառնան, սակայն հարցերը լայն դաշտ են բացել եզրակացությունների համար։
«Այս պատերազմը կարող էր տարիներ տևել և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա», — Truth Social ցանցում գրել է Դոնալդ Թրամփը։ Նրա խոսքով՝ Իսրայելը և Իրանը «գրեթե միաժամանակ» դիմել են իրեն և խաղաղություն խնդրել։
Թրամփի այս հայտարարությանն արձագանքելով՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին հայտարարեց, որ այս պահին հրադադարի կամ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համաձայնություն չկա։
Արաքչին X-ում գրել է․ «Ինչպես Իրանը բազմիցս պարզաբանել է, Իսրայելն է պատերազմ սկսել Իրանի դեմ, այլ ոչ թե հակառակը: Եթե Իսրայելի ռեժիմը դադարեցնի իր անօրինական ագրեսիան Իրանի ժողովրդի դեմ ոչ ուշ, քան Թեհրանի ժամանակով 16-ը, մենք չենք շարունակի դրանից հետո»։
Սրան ի պատասխան՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը համաձայնել է ԱՄՆ նախագահի առաջարկած հրադադարին՝ գրում է The Jerusalem Post-ը։
Նեթանյահուի գրասենյակը տեղեկություն տարածեց, որ Իսրայելը վերացրել է Իրանից հիմնական սպառնալիքները՝ միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռները։
Որպես առաջին եզրակացություն քաղաքագետ Արա Պողոսյանը Ֆեյսբուքում գրում է․
«Իրանը այլևս նախկինը չէ, ինչպես և Իսրայելն այլևս նախկին Իսրայելը չէ։ Ընդ որում՝ թե՛ Իրանը և թե՛ Իսրայելը այս 11-օրյա պատերազմից ավելի ուժեղացած դուրս չեն եկել։ Երկուսն էլ ունեն իմիջային, տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական լրացուցիչ նոր խնդիրներ, և այդ խնդիրները ստիպված են լինելու լուծել։ Իսկ դա կնշանակի առնվազն որոշ ժամանակ «վերքերի բուժման» շրջան, հետևաբար և տարածաշրջանում ռազմական բախումների վտանգի էական նվազում»։
Մյուս կողմից, ըստ քաղագետի, Թեհրանը կանգնած է ռազմավարական ընտրության առաջ, քանի որ հողի վրա նոր իրողություններ են հաստատվել։ Իրանը ստիպված է լինելու առերեսվել թե՛ իր տարածաշրջանային քաղաքականության, և թե՛ գլոբալ քաղաքականության փոխակերպումներին։ Ըստ Պողոսյանի՝ ոչ պակաս կարևոր են նաև հնարավոր ներքին փոփոխությունները։
NBC News-ը բանակցությունների ընթացքին ծանոթ իր դիվանագիտական աղբյուրներին հղելով գրում է, որ Թրամփը և փոխնախագահ Վենսը գործարքի միջնորդ են ընտրել Կատարը, որն էլ Իրանին է հանձնել հրադադարի առաջարկը։ Թրամփը զանգահարել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին և ուղիղ ասել՝ «Այլևս ո՛չ մի պատերազմ, ո՛չ մի մարտական գործողություն։ Իրանցիները զգալիորեն թուլացել են»։
Հետո արդեն, ըստ պարբերականի, Վենսն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն իրանցիներին հասկացրել են, որ ԱՄՆ-ն հրադադար է ցանկանում, և հարկ է, որ իրանցիները համաձայնեն դրան։

Թեև շատ հացերի պատասխաններ հայտնի չեն, հակամարտող երկու երկրներում էլ հրադադարի համաձայությունն ակնհայտորեն ոգևորություն է առաջացրել։ Ուրախ են թե՛ Իսրայելում և թե՛ Իրանում։ Իսրայելի ռմբապաստարաններում մարդիկ խոսում են այդ մասին, Իրանի փողոցներում երաժշտություն է հնչում։
Որոշ փորձագետներ պարզապես հիշեցնում են, որ ԱՄՆ հարվածներից հետո Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Պուտինի հետ։
Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը, արձագանքելով Իսրայել-Իրան համաձայնության մասին հայտարարություններին, հրաժարվել է վաղաժամ հայտարարություններ անելուց․
«Կարծում եմ՝ հիմա շատ դժվար է վերջնական եզրակացություն անելը և պարզ պատկեր ստանալը։ Հաղորդվում է, որ ԱՄՆ-ն համոզել է Իսրայելին դադարեցնելու հրթիռակոծությունը և համաձայնության հանգելու։ Իրանի դիրքորոշման հարցում համարժեք դերակատարություն է ունեցել Կատարը։ Մենք միայն կողջունենք, եթե նման համաձայնություն կա, բայց հայտարարությունից անմիջապես հետո հարվածներ գրանցվեցին երկու կողմից էլ։
Բայց եկեք հիմա հապշտապ հայտարարություններ չանենք հատվածական տեղեկությունների հիման վրա։ Այնուամենայնիվ, մենք խաղաղության կողմնակից ենք»։
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքում տեսակետ է հայտնում, որ Իսրայելը կարճ տարածության վազող է. հաշվարկել էր, որ կայծակնային գրոհով շոկի մեջ կգցի Իրանին՝ հրամանատարներին ոչնչացնելով ու խուճապահար անելով զինված ուժերն ու հասարակությանը, թիրախային հարվածներ հասցնելով ու երկիրը պայթեցնելով ներսից։ Ըստ Սաֆարյանի՝ այդ օպերացիան տապալվեց, որովհետև Իրանն արագ ինքնակազմակերպվեց ու ցույց տվեց, որ երկար տարածության վազող է ու հայտարարեց տևական ու հյուծիչ պատերազմ վարելու իր վճռականության մասին։
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով էլ՝ սա դեռ խաղաղություն չէ, այլ միայն հրադադար։ Ըստ նրա՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է անցնել երկար և դժվար ճանապարհ։ Սարգսյանը գրում է․
«Մենք էլ հրադադարի ենք հասել 2020 թվականին, սակայն մինչև հիմա խաղաղության դարաշրջանը դեռ չի երևում։ Ավելին՝ Իրանի և Իսրայելի միջև ընթացած պատերազմում որևէ մեկը լիարժեքորեն հաղթող կամ պարտված չէ։ Կողմերը պարզապես որոշել են կանգ առնել ճիշտ ժամանակին՝ գերտերության հորդորով (և հնարավոր է՝ միջնորդությամբ)»։
Ըստ ամերիկագետի՝ եթե որևէ մեկին թվում է, որ Իրանը և Իսրայելը կարող են այնպիսի լուծումներ գտնել, որոնք միաժամանակ կընդունելի կլինեն երկու երկրների և նույնիսկ ԱՄՆ-ի համար, ապա սխալվում է։




