ԿարևորՀասարակությունՌեպորտաժներՏեսանյութեր

Հզոր կամք՝ թշնամու դեմ, ներողամիտ՝ իրար հանդեպ․ հորդորներ սյունեցի զորակոչիկներին

Սյունիքի մարզում մեկնարկել է այս տարվա ամառային զորակոչը։ Գորիսի զինկոմիսարիատից մարզեցի երիտասարդները մեկնեցին բանակ։ Հպարտություն, հուզմունք, սպասում, հորդորներ ու խորհուրդներ՝ նորակոչիկներին, միասնական աղոթք ու խնդրանք առ Աստված՝ խաղաղ ու անփորձանք ծառայություն։

Գորիսի զինկոմիսարիատի բակը  բազմամարդ է․ Սյունիքի մարզում 2025թ․ ամառային զորակոչի առաջին հավաքն է։ Դրսում նորակոչիկների հարազատներն են, ընկերները, իսկ ներսում զորակոչիկները բժշկական զննություն են անցնում։ Շենքից դուրս եկող՝ ծառայության համար պիտանի ճանաչված նորակոչիկին ընկերներն ուսերի վրա են բերում բակ։ Գորիսում ավանդույթ է այդ կարգը։ Հնչում է զինվորական առաջին հրահանգը՝ ծնողները հետ կանգնեն, զորակոչվողները՝ առաջին շարքում։

Արթուր Ներկարարանցը սահմանամերձ Տեղ գյուղից է։ Միանգամից ասում է՝ տղերք, ես «առաջը կպահեմ, դուք այդպես կանգնեք»։ Հարցնում ենք՝ բանակո՞ւմ էլ եք առաջնագիծը պահելու․

«- Անպայման, 100 տոկոս, ստացվում  է՝ հեռվից կյամ եմ էլի։ Ես հետևի մասին եմ խոսում, որ գան չընկնեն գետը։

Չե՞ս վախենում։

Որ վախենամ, ստեղ չեմ լինի»։

Արթուրը հարցս հումորի է տալիս ու շարունակում՝ չհասցրեց բուհ ընդունվել, բայց գիտի՝ ծառայությունից հետո ինչ է անելու․

«Դպրոցից պրյամո ստեղ, վերջին քննությունը երեկ տվեցի ու եկա ստեղ։ 5 տարով պայմանագիր եմ կնքելու, ռազվեդկայում մնամ»։

Ի տարբերություն Արթուրի՝ Ռուբեն Գյարգունցը հասցրել է ընդունվել Երևանի պետհամալսարանի ֆինանսերի և կառավարման բաժինը։ Ուսումը կշարունակի երկու տարի անց՝ ծառայությունից հետո․

«Զինվորներին՝ խաղաղ ծառայություն, թող առողջ գան իրենց մայրերի մոտ։ Ծնողներն էլ թող չանհանգստանան, բոլորս առողջ վերդառանալու ենք»։

N զորամասի գնդերեց Վահրամ Սարկավագը միասնական աղոթքի կոչ է հնչեցնում։ Բոլորի շուրթերից հնչում է «Հայր Մեր»-ը։ Սարկավագը հիշեցնում է՝ Սյունիք աշխարհը երբեք հպատակ չի եղել, այստեղ ապրել են զորեղ մարդիկ՝ Գարեգին Նժդեհ, Դավիթ Բեկը, այլք։

«Այսօր Սյունյաց աշխարհն իր զավակներին ուղարկում է Մայր Հայաստանի պաշտպանությանը։  Բոլորս գիտենք, որ զինվորական լինելը պատիվ է, ու այդ պատիվը պիտի պահել։ Մեր քաջերի ոգով, իրենց բազկի ուժով և Աստծո օրհնությամբ ձեզ ճանապարհում ենք զինվորական ծառայության։ Թող Աստված օրհնի ձեր ճանապարհը»։

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանն է շնորհավորում պատանիներին, հորդորում ուժեղ ու զգոն լինել։

«Ուզում եմ, որ դուք, համալրելով ՀՀ զինված ուժերը, ծառայելով երկու տարի, ձեր նվերը մատուցեք հայրենիքին։ Եվ դուք այդ երկու տարվա ամեն օրը պատիվ ունեք ներկայացնելու ամբողջ Սյունիքը։ Սյունիքի մարզպետի անունից էլ եմ շնորհավորում, շնորհակալություն հայտնում ձեր ծնողներին, ուսուցիչներին։ Նախկինում նշում էինք մեր պապերի հերոսությունը՝ սերունդներին օրինակ բերելու համար, իսկ այսօր դուք ձեր առջև ունեք ավագ ընկերների  սխրանքը։ Վստահ եմ, որ, այդ ուղենիշն ունենալով, ձեզնից յուրաքանչյուրը պատվով կծառայի ՀՀ-ին ու հանուն նրա չի խնայի ամենաթանկը։ Բայց հիշեք, որ ձեզ սպասում են, վստահ եղեք, որ ձեր մեջքին կանգնած ենք, դուք մենակ չեք»։

Մարզի զինկոմ Վահրամ Հարությունյանը հայրենիքին ծառայելը զորակոչիկների կյանքի նոր փուլ է համարում, որը և՛ հետաքրքիր է, և՛ աչալրջություն է պահանջում,  իսկ հայրենիքին ծառայելու առաքելությունը պիտի սիրով անել՝ ասում է։  Վահրամ Հարությունյան․

«Ձեզ ցանկանում եմ տոկոնություն, հզոր կամք՝ թշնամու դեմ։ Ցանկանում եմ ներողամիտ լինեք մեկդ մյուսի հանդեպ, ընկերասեր ու հայրենասեր լինեք, ձեր հրամանատարներին լսող լինեք։  Ու հավատացնում եմ ձեզ՝ ծառայությունը խաղաղ կանցնի, ու կվերադառնանք ձեր օջախներ։ Հավատացնում եմ ձեզ, սիրելի ծնողներ, որ զինկոմիսարիատի դուռը միշտ բաց է, կարող եք միշտ այցելել, ու մենք ձեր բոլոր հարցերին լուծում կտանք»։

Զինվորական նվագախմբի հնչյունների ներքո բոլորը շարժվեցին Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ Աստծուց խնդրելով խաղաղություն ու անփորձանք ծառայություն։ Այստեղից էլ սյունեցի զորակոչիկները մեկնեցին Երևան՝ գլխավոր հավաքակայան։

Կարդացեք նաև

Back to top button