Իսրայելը կարծում է, որ Իրանի դեմ գործողությունների ժամանակ լուծել է իր առջեւ դրված խնդիրները, վերացրել «կրկնակի կենսական սպառնալիքը»։ Հենց այդ պատճառով է համաձայնել հրադադարի ԱՄՆ առաջարկին, ասված է վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։
Իսրայելը նաեւ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին եւ նախագահ Թրամփին «պաշտպանության եւ իրանական միջուկային ծրագրի վերացման գործում աջակցության» համար։
Մինչդեռ իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն իր ռուսաստանցի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում նշել է, որ «վճռական ենք ողջ ուժով պատժել ագրեսորին և չենք ընդունի պարտադրված խաղաղություն»։
Իրանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ տարածաշրջանում բոլոր խնդիրների և անկայունության աղբյուրը Միացյալ Նահանգներն է՝ ընդգծելով, որ Իրանը և Ռուսաստանը կարող են միավորել ուժերը տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։




