ԿարևորՀասարակություն

Ռադիոակտիվ ճառագայթման հնարավոր սցենարներն ու պաշտպանվելու միջոցները․ միջուկային ֆիզիկայի մասնագետն ասում է՝ վտանգը կշրջանցի մեզ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան  հարվածներից հետո Սպահանում, Ֆորդոյում և Նաթանզում ստորգետնյա լուրջ վնասներ են եղել, բայց օբյեկտներից դուրս ռադիոակտիվ ճառագայթման մակարդակի աճ չի գրանցվել։  Համանման հայտարարություն են տարածել նաև Սաուդյան Արաբիայի միջուկային և ճառագայթաբանական կարգավորման հանձնաժողովն ու Իրանի միջուկային անվտանգության կենտրոնը։

Հայաստանում ևս բնական ռադիոակտիվ ֆոնի փոփոխություն չկա՝ տեղեկացրել է Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոնը։ Կառույցից «Ռադիոլուր»-ին փոխանցել են, որ մասնագետներն այս պահին  Սյունիքի մարզում են՝ դոզիմետրիկ չափումներ կատարելու։ ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Անահիտ Բալաբեկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցի ժամանակ ասում է, որ հնարավոր ճառագայթման վտանգները կառավարելու համար պետք է հաշվի առնել տարբեր հանգամանքներ՝ քամու ուղղությունից ու եղանակից մինչև այն, թե միջուկային ինչ օբյեկտներ են վնասվել։

«Քանի որ դա մեր երկրի տարածքում տեղի չի ունենում, այդ ամենը կախված կլինի նրանից, թե քամին ինչպես կփչի, ինչ արագությամբ կփչի և ինչքան ժամանակում կհասնի մեզ։ Եթե ճանապարհին, ասենք, անձրև լինի, ամբողջը նստի Իրանի տարածքում, ի նկատի ունեմ, եթե Բուշերի հետ ինչ-որ վթար տեղի ունենա։ Երբ  ուրանը դեռ չաշխատած ուրանն է, ինքը այդան վտանգավոր ֆոն չի բարձրացնում։ Աշխատած վառելիքը ատոմակայանում մի քիչ ավելի վտանգավոր է, եթե ինչ-որ վթար լինի»։

Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտները

Իրանի միջուկային օբյեկտների վնասման բնապահմանական ու առողջապահական հնարավոր վտանգները նաև միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում են։ Պորտսմուտի համալսարանի պրոֆեսոր Ջիմ Սմիթը, որն ուսումնասիրել է Չեռնոբիլի աղետի հետևանքները, BBC-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ հարստացված ուրանի պատշաճ կերպով պահված պաշարների հրթիռակոծությունը չի ​​դառնա այն մասշտաբի «միջուկային աղետ», ինչպիսին  Ֆուկուսիմայի կամ Չեռնոբիլի ատոմակայաններում տեղի ունեցածներն են։

«Հարստացված ուրանը մոտ երեք անգամ ավելի ռադիոակտիվ է, քան չհարստացված ուրանը։ Մենք ավելի շատ մտահոգված ենք այսպես կոչված ատոմային տրոհման արգասիքներով, այն նյութերով, որոնց ուրանը քայքայում է ռեակտորում կամ ռումբում գտնվելիս։ Խոսքն այնպիսի  նյութերի մասին է, ինչպիսին են ռադիոակտիվ ցեզիումը, ստրոնցիումը, յոդը։ Դրանք  շրջակա միջավայրի աղտոտման համար լուրջ խնդիր են»։

Քանի որ Իրանի՝ ուրանի հարստացման կայաններում միջուկային ռեակցիաներ դեռ չեն լինում, ռումբի պայթյունը ևս ատոմային տրոհման չի հանգեցնի ՝ լրատվամիջոցի փոխանցմամբ հայտնել է պրոֆեսորը։

Միջուկային ֆիզիկայի ամբոնի դոցենտ Անահիտ Բալաբեկյանի խոսքով՝ մարդու օրգանիզմն ունակ է դիմանալու ճառագայթմանը և վերականգնվելու, եթե ճառագայթահարվի միայն մեկ անգամ և ոչ բարձր չափաբաժնով։

«Եթե դա թույլատրելի դոզայից մեծ դոզա է, բայց մի անգամ է ճառագայթահարվում, օրգանիզմը կարողանում է վերականգնել իր ֆունկցիաները, և դա առանձնապես վտանգավոր հետևանքի չի բերում։ Բայց եթե ռադիոակտիվությունը նստի տարածքում, և մարդն անընդհատ դրա մեջ գտնվի, իհարկե, օրգանական փոփոխությունների կբերի։ Այդ ամենը կախված է նրանից, թե ինչ քանակությամբ ռադիոակտիվությամբ կճառագայթահարվի»։

Բրիստոլի համալսարանի հանքաբանության և ռադիոակտիվ թափոնների կառավարման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Քլեր Քորքհիլը BBC-ի հետ զրույցի ժամանակ ասել է, որ թեև ուրանի ռմբակոծման դեպքում ճառագայթահարումը շատ հեռու չի տարածվում, բայց կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել մոտակայքում գտվողների համար․

«Դա պայմանավորված է նրանով, որ ուրանի մասնիկները կարող են խրվել բջիջներում՝ ձեր թոքերում կամ ստամոքսում, և դանդաղ ռադիոակտիվ քայքայման ենթարկվել, ինչը կհանգեցնի վնասի, ավելի հաճախ՝ քաղցկեղի»։

Նաթանզի միջուկային օբյեկտը

Միջուկային ֆիզիկայի մասնագետ Անահիտ Բալաբեկյանն ասում է, որ հնարավոր վատագույն սցենարը Իրանի գործող՝ Բուշերի ատոմակայանի ռմբակոծումը կլինի, սակայն նկատում է, որ այն աշխարհագրորեն այնքան մոտ չէ Հայաստանին, որ ռադիոակտիվ ճառագայթների ներթափանցումն անկառավարելի լինի։

« Այստեղ ամբողջ հարցը նաև այն է, թե ինչպե՞ս կզարգանա պատերազմի ընթացքը, որովհետև հիմա գերհզոր պետություններն են մտել խաղի մեջ և ռմբակոծում են։ Հույս կա, որ մենք կշրջանցենք  վտանգը, որովհետև իրենց գործող ատոմակայանը գտնվում է Պարսից ծոցի մոտ՝ Բուշերի ատոմակայանը, և եթե հանկարծ այնտեղ  հարվածեն,  այդ դեպքում առանձնապես ֆոնի բարձրացում, կարծում եմ, չպետք է լինի»։ 

Անահիտ Բալաբեկյանը վստահեցնում է, որ հայ մասնագետները Սյունիքում րոպեի ճգրտությամբ վերահսկում են իրավիճակը, և խորհուրդ է տալիս չկասկածել տարածվող հաղորդագրությունների ճշգրտությանը։ Հիշեցնում է, որ արտակարգ իրավիճակներից նվազագույն ռիսկերով դուրս գալու գլխավոր նախապայմանը խուճապի չմատնվելն ու անվտանգության կանոններին հետևելն է․

«Ցանկալի է, որ փակ տարածքում լինեն մարդիկ, դուրս չգան։ Մասնագետները արդեն կսկսեն աշխատել, կտեսնեն, թե որտեղ է ավելի վտանգավոր գտնվելը, այդտեղից կտարհանեն բնակչությունը։ Պետք է փակ տարածքում լինեն, դրանով իրենք իրենց պաշտպանած կլինեն։ Կարծում եմ, եթե մեծ վթար չլինի՝ Չեռնոբիլի նման վթար, ապա  այդքան  սարսափելի բան տեղի չի ունենա, վտանգավոր բան չի լինի»։

Բալաբեկյանի խոսքով՝ թեև այս պահին ճառագայթման որևէ վտանգ չկա, անվտանգության մի քանի կանոն պետք է անգիր անել։ Գլխավոր պայմանը փակ տարածքում մնալն է՝ ասում է մասնագետը։ Պետք է փակել տան կամ շենքի բոլոր պատուհանները, դռները, օդափոխիչները, խմել միայն փակ շշով կամ ծորակից եկող ջուր, չօգտագործել բաց տարածքում պահված մթերք։ Եթե տնից դուրս գալն անխուսափելի է՝ հագնել փակ, երկարաթև հագուստ ու ծածկել բերանն ու քիթը խոնավ շորով կամ դիմակով։

Կարդացեք նաև

Back to top button