ԿարևորՄիջազգային

Իսրայել-Իրան խնդրով բանակցությունների հավանականությունը բացառված չէ, բայց փոքր է․ փորձագետներ

Իսրայել–Իրան հակամարտությունն արդեն 11 օր  շարունակվում է, կողմերը շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել։ Վերլուծաբաններն այս հակամարտության մեջ շրջադարձային համարում են հունիսի 22-ը, երբ ամերիկյան հրթիռները հարվածեցին Իրանի միջուկային օբյեկտներին։ Հատվեց այն կարմիր գիծը, որը տասնամյակների  ընթացքում հակամարտության կողմերը զգուշորեն փորձում էին շրջանցել։ Աշխարհի մայրաքաղաքներում քննարկվում է հարցը, թե ինչ է լինելու հետո և արդյոք հնարավոր է, որ կողմերը բանակցությունների վերադառնան։ 

Տեղի ունեցավ այն, ինչից ամենաշատն էր զգուշանում միջազգային հանրությունը․ ԱՄՆ-ն հարվածեց Իրանի միջուկային ստորգետնյա օբյեկտներին, և այժմ գերտերությունները, դիվանագետներն ու միջազգային վերլուծական կենտրոնները փորձում են հասկանել, թե ինչ է լինելու հետո։

Տրամադրությունները հասկանալ փորձում է նաև Իրանը։

Ամերիկյան հարվածներից հետո այդ երկրի  արտգործնախարարը մեկնել է Մոսկվա։ «Իրանի դեմ սանձազերծված ագրեսիան անհիմն է և որևէ  արդարացում չունի»,- հանդիպման մեկնարկին հայտարարել  է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և վստահեցրել, որ Մոսկվան ջանքեր է գործադրում Իրանի ժողովրդին աջակցելու: Ըստ Պուտինի՝ բանակցությունները  թույլ  կտան միասին հասկանալ, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված իրավիճակից:

«Մեր դիրքորոշումը տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտնի է։ Այն ձևակերպել է Արտաքին գործերի նախարարությունը՝ Ռուսաստանի անունից, և արտացոլում է մեր դիրքորոշումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Իրանի դեմ այս բացարձակապես չարդարացված ագրեսիան որևէ հիմք և արդարացում չունի։  Մենք ջանքեր ենք գործադրում Իրանի ժողովրդին օգնելու»:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ նկատել է, որ  Ռուսաստանը «պատմության ճիշտ կողմում» է։

«Շնորհակալ եմ Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածները դատապարտելու համար։ Ռուսաստանը կանգնած է «պատմության ճիշտ կողմում»:

Ռուսաստանի ԱԳՆ-ն դատապարտել էր Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները՝ դրանք որակելով Միջուկային զենքի չտարածման պայմանագրի խախտում և զգուշացնելով հակամարտության տարածման վտանգի մասին։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Մոսկվա այցից առաջ Թուրքիայում էր, որտեղ  հայտարարել էր, որ Վաշինգտոնն «ամբողջությամբ պատասխանատու է» Իրանի ամեն հնարավոր հակաքայլի համար։ Իրանի արտգործնախարարը չէր հստակացրել, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։

«Նրանք հատել են շատ մեծ կարմիր գիծ՝ հարվածելով միջուկային օբյեկտներին։ Չեմ կարող ասել՝ արդյոք դիվանագիտության համար որևէ հնարավորություն մնացել է, թե ոչ»,- ասել էր Իրանի արտգործնախարարը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ ասել էր, թե ամերիկյան գործողությունները նպատակ են ունեցել կանխելու Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը։

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, դիմելով  գործակալության կառավարիչների խորհրդին, ենթադրություն է արել է, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա հարվածները զգալի վնաս են պատճառել, և ասել, որ հարցն անհրաժեշտ է լուծել բանակցային սեղանի շուրջ։

«Իրանի կողմից միջուկային զենք ձեռք չբերելու երկարաժամկետ երաշխիքի հասնելու և գլոբալ չտարածման ռեժիմի շարունակական արդյունավետության համար մենք պետք է վերադառնանք բանակցություններին»։

Քաղաքագետ Արա Պողոսյանը կարևորում է Իրանի գործադրած դիվանագիտական ջանքերը։  
«Իրանը սկսեց արտաքին ճակատում մեկուսանալու փոխարեն պրոակտիվ դիվանագիտական աշխատանք, և գնալով այդ աշխատանքը տալու է արդյունքներ։ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Թուրքիայում, Մոսկվայում և այլուր, կազմակերպում է աջակցություն Իրանի ինքնապաշտպանության իրավունքին, իսկ նույն ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն արդեն խոսում է ռազմական գործողությունները ավարտելու մասին։ Ավելին` ԱՄՆ-ն ևս պատրաստ է բանակցությունների (ըստ հայտարարության, որը կարող է իրականությունից տարբեր լինել, և, իմ կարծիքով, ԱՄՆ փորձում է կրկին թուլացնել Իրանի զգոնությունը), բայց հիմա Իրանը վերջին տարիներին իր ստեղծած ազդեցությունը պահելու խնդիր ունի, բացի այդ՝ եթե այսպես ավարտվի հակամարտությունը, ակնհայտորեն Իրանը շահած չի լինի, իսկ կրած կորուստները ահռելի են։ Իրանը ստիպված է այս էջը փակել առնվազն նվազագույն ձեռքբերումներով։ Իսկ թե որոնք կլինեն դրանք, ցույց կտան առաջիկա օրերին կատարվող իրադարձությունները»։

Եվ հակառակ միջազգային դերակատարների՝ բանակցային դաշտ   վերադառնալու հորդորներին՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են՝ ավերածություններ հասցնելով երկու կողմին էլ։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը Տելեգրամում գրում է․ «Իրանում լավ հասկանում են, որ ԱՄՆ-ի գիշերային հարձակումն անուղղակիորեն ցույց է տալիս, որ Իսրայելի գործերն այդքան էլ լավ չեն ընթանում, եթե դրանց ստիպված է ուղղակիորեն խառնվել Վաշինգտոնը։

Հետևաբար, Թեհրանը մտադիր չէ դադարեցնել պատասխան ցավոտ հարվածները Իսրայելին»։

Իրանագետն ուշագրավ է համարում այն փաստը, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային ենթակառուցվածքների մեջ հիշատակվում են նաև Նաթանզի և Սպահանի օբյեկտները, մինչդեռ դրանց մասին փաստացի տեղեկություն առայժմ չի շրջանառվել։

Իրական կամ կեղծ բոլոր տեղեկությունները, արաբանյակային լուսանկարները վերաբերում են միայն Ֆորդոյի միջուկային օբյեկտին, ինչը, ըստ փորձագետի, առնվազն տարակուսելի է և խնդրահարույց։

Կարդացեք նաև

Back to top button