
Դամասկոսի Դուվեյլա շրջանում գտնվող Մար Էլիաս եկեղեցում ահաբեկչության հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը վիրավորվել են, հայտնում է Reuters-ը` հղում անելով Սիրիայի առողջապահական մարմիններին և անվտանգության աղբյուրներին։

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ մահապարտ ահաբեկիչը «Իսլամական պետություն» խմբավորման անդամ է եղել։
Նա մտել է Եղիա մարգարեի հույն ուղղափառ եկեղեցի, կրակ բացել, ապա պայթեցրել իրեն։
Անտիոքի Հույն Ուղղափառ Պատրիարքությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով.
«Չարիքի դավաճանական ձեռքը հարվածեց՝ խլելով նրանց կյանքը երեկոյան աստվածային պատարագի ժամանակ»:
Սա Դամասկոսում առաջին նմանատիպ հարձակումն էր այն բանից հետո, երբ իսլամիստների գլխավորած ապստամբ ուժերը դեկտեմբերին տապալեցին Բաշար ալ-Ասադին, որով վերջ դրվեց 13 տարի տևած ավերիչ քաղաքացիական պատերազմին։




