
Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։
Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։
Սրբազան արարողությանը ներկա են եղել Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբանական համագումարի մասնակիցները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Հայ Եկեղեցու բարերարներ, Հայաստանի և սփյուռքի տարբեր համայնքներից ժամանած բազմաթիվ ուխտավորներ:

Տոնի առիթով հավատացյալների օրհնության, մխիթարության և երկրպագության համար դուրս են բերվել նաև Սուրբ Էջմիածնում պահվող Տիրոջ Կենաց Փայտի մասունքը, Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը, Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը, Սկևռայի մասանց պահարանը և Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը:

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Տաճարի զանգակատան առջև կատարվել է Սուրբ Էջմիածնի մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասը աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։
Վերջում Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունն ու պատգամն է հղել հավատավոր ժողովրդին։

«Սուրբ Էջմիածնի տոնի այս նվիրական օրը առաքյալի խոսքով պատգամում ենք ձեզ․ «Հաստատուն մնացեք հավատի մեջ, քաջ եղեք, զորացեք։ Ձեր ամեն ինչը սիրով թող լինի» (Ա Կորնթ․ 16.13-14)։ Հավատարիմ մնացեք Քրիստոսահիմն Սուրբ Էջմիածնին, ձեր ինքնությանը։ Հաստատակամությամբ պաշտպանեք մեր պատմությունն ու սրբազան մեր արժեքները, մեր հավատքը, սրբությունները և նախանձախնդիր եղեք ազգաշեն ու հայրենօգուտ բարի գործերի մեջ։

Ապրեք համերաշխությամբ, միմյանց հանդեպ հոգատարությամբ և միշտ ընթացեք աստվածահաճո ուղիներով։ Հավատում ենք, որ մեր ժողովրդի սերն առ Աստված և նվիրումն առ հայրենին ամուր հիմք ու երաշխիք են մեր համընդհանուր իղձերի ու տեսիլքների իրականացման, մեր խաղաղ ու անվտանգ կյանքի»,- ասել է Գարեգին Երկրորդը։




