
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը հունիսի 20-ը սահմանել է որպես փախստականների իրավունքների պաշտպանության օր։ Այս տարի օրվա պաշտոնական խորագիրն է «Համերաշխություն փախստականների հետ», իսկ նպատակը՝ ավելացնել լուծումներին միտված ջանքերը։
Պատերազմների, զինված բախումների, անհանդուրժողականության և ռասայական խտրականության այսօրվա պայմաններում աշխարհում 100 միլիոնից ավելի մարդ բռնի տեղահանված մարդ կա։ Հայաստանի և ԼՂ պարագայում տեղահանվածների թիվը շուջ 120 հազար է։
Միջազգային իրավունքը բազմաթիվ ձևակերպումներով և չափորոշիչներով սահմանում է, որ եթե անգամ քաղաքացիները սեփական կամքով նստում են մեքենա և հեռանում իրենց բնակավայրից, միևնույն է՝ դա տեղավորվում է «բռնի տեղահանում» սահմանման մեջ։ Մասնագետները ճշտում են՝ միջազգային իրավունքով կա գործիքակազմ, որով փախստականները, անգամ չապավինելով պետության քայլերին, կարող են նախաձեռնել սեփական քայլերը՝ իրենց իրավունքների պաշտպանության և վերականգման համար։ Իրավական հնարավոր քայլերը մասնագետները քննարկել են կազմակերպված հատուկ աշխատաժողովում։
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը Ադրբեջանում պահվող 23 գերիներին վերջին անգամ պաշտոնական տվյալներով տեսակցել է 2025-ի հունիսին։ Դրանից հետո այցեր չեն եղել այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի տարածքում նրանց աշխատանքը տեղի իշխանությունների որոշմամբ կասեցվում է։ Ադրբեջանում պահվող հայ գերիների ամբողջական մեկուսացումը կանխելու համար այս պահին կա մի մեխանիզմ՝ «հյուպատոսական այցելություններ» կազմակերպելու հնարավորություն։ Միջազգային իրավունքի մասնագետ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանն ասում է, որ սա միջազգային իրավունքում ընդունված գործիք է, երբ ցանկացած պետություն կարող է իր քաղաքացուն տեսակցել այլ երկրում, եթե վերջինս զրկված է ազատությունից։
3 — «Բնականաբար, ՀՀ-ն այս իրավունքի կրող է, սակայն խոչընդոտ է այն, որ չկան հայ-ադրբեջանական դիվանագիտական հարաբերություններ, բայց կա դրա փոխարինող միջոցը, երբ պետությունը պատվիրակում է իրավունքն այնտեղ հավատարմագրված երրորդ չեզոք երկրի, և փոխադարձ համաձայնությամբ պետության փոխարեն այս այցելությունները իրականացնում է երրորդ պետությունը»։
Մասնագետներն ասում են՝ գուցե տարօրինակ հնչի, բայց Հայաստանին անհրաժեշտ է, որ Բաքվում հայ գերիների դատավարությունները, որոնց օրինականությունը հարցականի տակ են դնում միջազգային կառույցներն ու գործիչները, ավարտին հասցվեն։ Սիրանուշ Սահակյանն ասվածիօ հիմնավորումն ունի, բայց նախ պարզաբանում է՝ գերիների ազատ արձակումը պետության պարտավորություն է, և անհարկի ձգձգումը միջազգային՝ պատերազմական հանցագործություն է։ Բացի այն, որ Բաքվի դատավարություններն այլ նպատակներ ունեն, դրանք նաև քողարկում են հենց այդ հանցագործությունը՝ իրավական կեղծ հիմքեր ստեղծելով։
2 — «Գործընթացի տեսանկյունից շատ կարևոր է, որ դատական պրոցեսները շարունակվեն․ և եթե քաղաքական նոր լուծումներ չձևավորվեն, մենք կունենանք հստակ դատական ակտեր, որոնք արձանագրում են մարդու իրավունքների խախտումներ, և որոնց հիման վրա կարող ենք պահանջել ազատ արձակումը։ Օրինակ, եթե նշվել է, որ ապօրինի են պահվում, կատարման ձևը նրանց անհապաղ ազատ արձակումն է։ Կրկին երաշխավորված չէ, որ դատական ակտն անմիջապես կկատարվի, բայց մի բան երաշխավորված է, որ այդ դատական ակտի չկատարումը հանգեցնելու է հավելյալ քաղաքական ճնշումների»։
Միջազգային իրավունքի մասնագետը մատնանշում է, թե այդ դեպքում ինչ կարող է տեղի ունենալ։ Թեման մնալու է բաց, ինչը հանգեցնելու է տարաբնույթ ատյաններում, մասնավորապես, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի քննարկման առարկա դառնալուն, և հարցն առկախված է մնալու այնքան ժամանակ, քանի դեռ դատական լուծում չի ստացել։
Արցախցիների միջազգային իրավունքներից ամենածանրակշիռը, թերևս, վերադարձի իրավունքն է։ Միջազգային արդարադատության ճանապարհը երկար է, բայց այն կարող է ապահովել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների, այդ թվում՝ նաև վերադարձի պաշտպանությունը։ Միջազգային իրավունքի մասնագետները հստակ պատկերացնում են այդ ուղին և մատնանշում տարբեր մեխանիզմներ, ընդ որում՝ անկախ պետական քաղաքականությունից։ Ըստ միջազգային իրավունքի մասնագետ, Հայաստանի միջազգային իրավունքի միության համահիմնադիր Իգոր Միրզախանյանի ՝ առաջարկվող մեխանիզմներից օգտվել կամ չօգտվելը յուրաքանչյուր անհատի որոշումն է, և այդ ուղին բռնողները պետք է գիտակցեն, որ դա շատ երկար ճանապարհ է ենթադրում։
1 — «Խոշոր առումով, եթե սպասում եք, որ կոմիտեն կամ դատարանը կամ միջազգային այլ մարմին ձեզ ասելու է՝ շատ լավ, ձեր իրավունքը խախտվել է, և դուք վաղը կարող եք վերադառնալ Արցախ, չէ, այդպես չի լինելու։ Եթե դուք սպասում եք, որ դուք ստանալու եք մեծ գումարներով փոխհատուցումներ, այդպես էլ չի լինելու։ Փոխհատուցման մասին որոշում կկայացվի, բայց այդ գումարները կստանաք, թե չէ՝ Աստված գիտի։ Միջազգային իրավական պաշտպանության ամենակարևոր նպատակը հենց ձեր խախտման արձանագրումն է, ինչը կարող եք օգտագործել թե՛ անհատապես, թե՛ որպես համայնք։ Դա կարող է հետագայում կիրառել նաև մեր պետությունն իր բանակցություններում, միջազգային հարաբերությունների մեջ»։
Վերադարձի իրավունքը երաշխավորվում է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի» 12-րդ հոդվածի 4-րդ կետով։ Իսկ այնտեղ սահմանված է, որ, մեջբերում, «ոչ ոք չի կարող քմահաճ ձևով զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից»: Հենց այդ միջազգային դաշնագրում նաև այլ սկզբունքների է հղում անում Իգոր Միրզախանյանը․
4 — «Վերադարձի իրավունքը երաշխավորվում է յուրաքանչյուր անձի համար, ինչը նշանակում է, որ էական չէ անձի քաղաքացիությունը, էական չէ անձի՝ փախստականի կարգավիճակ ունենալ կամ չունենալը, էական չէ անձի անձամբ տեղահանված լինելու հանգամանքը։ Յուրաքանչյուր ոք, ով ունի բավարար կապեր իր երկրի, սեփական երկրի հետ, իրավունք ունի վերադառնալու տվյալ երկիր։ Պետք է արձանագրել, որ բռնի տեղահանումը մշտական բնույթ է կրում, քանի դեռ տեղահանված բնակչությունը չի վերադարձել ապահով և արժանապատիվ պայմաններով իր սեփական երկիր։ Ի՞նչ է սա նշանակում, որ նույնիսկ այն երեխաները, սերունդները, ովքեր ծնվում են տեղահանությունից դուրս, այսինքն՝ Արցախից դուրս տարածքում, ևս պահպանում են Արցախ վերադառնալու իրավունքը»։
Սա արդեն սահմանում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեն, որը վերջերս Գվատեմալայի դեմ կայացրած նախադեպային իր վճիռներից մեկում, քննարկելով մայաների վերադարձի իրավունքի խնդիրը, հստակ արձանագրել է, որ վերադարձի իրավունքը պահպանվում է նաև սերունդների համար։
Լեռնային Ղարաբաղի դեպքում վերադարձի իրավունքն ավելի իրատեսորեն դիտարկելու համար միջազգային իրավունքի մասնագետ Իգոր Միրզախանյանը նախ անհրաժեշտ է համարում հասկանալ, թե վերադարձ ո՞ւր, ի՞նչ միավորի։
2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ ամրագրվել է, որ Ադրբեջանն ունի պարտավորություն՝ ապահովելու արցախցիների վերադարձի իրավունքը։ Դրանում նշվում է «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Արդյոք հիմա կա՞ ԼՂ միավոր, թե ոչ, և արդյոք արցախցիներն ունե՞ն սեփական երկիր, որտեղ կարող են վերադառնալ․
5 — «Սա առաջնային հարցն է, որը բարձրաձայնում ենք վերադարձի իրավունքի վերաբերյալ։ Օրինակ, վերցնենք ամենախոշոր քաղաքը՝ Ստեփանակերտը։ Եթե Ստեփանակերտի բնակիչը որոշի վերադառնալ սեփական երկիր, ինքը չունի այն միավորը, որին կարող է վերադառնալ։ Նույնիսկ եթե թեորեապես որևէ անձ որոշի գնալ և ապրել Ստեփանակերտում, դա չի լինի իր համար վերադարձի իրավունքի իրացում։ ԼՂ միավոր այս պահին գոյություն չունի։ Հետևապես, երբ մենք խոսում ենք վերադարձի իրավունքից, մենք անխուսափելիորեն պետք է խոսենք նաև ինքնորոշման իրավունքից կամ այն քաղաքական կարգավիճակից, որին ուզում ենք վերադառնալ»։
Միջազգային իրավունքի մասնագետները վկայակոչում են նաև միջազգային կոնվենցիայով սահմանված «բնակարանի իրավունքը», որն արտացոլված է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» նախադեպային վճռում։
Պետական քայլերից զատ՝ կա նաև Հաագայի միջազգային քրեական դատարան հասնելու այլընտրանքային ուղին։ Մասնագետներն ասում են, որ դա անձերի և ՀԿ-ների կողմից միջազգային քրեական դատարանի դատախազին տեղեկատվություն տրամադրելն է։ Եթե այդ տեղեկության ուսումնասիրությամբ հիմնավորվի հանցագործությունը, ապա դատախազն ունի հայեցողություն՝ նախաձեռնելու հետաքննություն։ Սա նույնպես երկար և բարդ ճանապարհ է, քանի որ այս պարագայում հաշվի են առնվում բազմաթիվ գործոններ, այդ թվում աշխարհաքաղաքական, ֆինանսական, ռեսուրսների բավարարության և այլ։
Բայց ամեն դեպքում ոչ միայն Հայաստանում, այլ աշխարհի տարբեր անկյուններում սկսել են խոսել վերադարձի իրավունքի մասին, քանի որ դա արդի խնդիր է դարձել միլիոնավոր մարդկանց համար։ Իսկ որոշումները կարող են նախադեպային դառնալ լոկալ խնդիրների լուծման դեպքում։




