ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Սյունիքը կարևոր է հայ ժողովրդի, ՀՀ ինքնիշխանության համար»․ Վասիլիս Մարագոսն ու ԵՄ դեսպաններն այցելել են Տեղ

2023թ-ից մեկնարկած «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում արդեն բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Սյունիքի 7 համայնքներում։ Ընդհանուր բյուջեն 150 մլն եվրո է, ծրագրի տևողությունը՝ 5 տարի։

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում Եվրամիության մի քանի երկրների դեսպաններ, մարզային ու համայնքային իշխանության ներկայացուցիչներ Սյունիքի մարզպետի աշխատակազմում ամփոփել են մինչև օրս կատարված աշխատանքները։

Ըստ Մարագոսի՝ ֆինանսական բաղադրիչն ընդամենը մի ուղղությունն  է, բայց այդ համատեքստում շատ կարևոր է գործընկերությունը։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը, Հայաստանում Եվրամիության մի քանի երկրների դեսպաններ, մարզային ու համայնքային իշխանության, միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ ամփոփում են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում անցած տարի իրականացված աշխատանքները։ «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպան» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրներ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։ 2023թ-ից մեկնարկած, 5 տարի ժամկետով  այս ծրագրի բյուջեն 150 միլիոն եվրո է։

Ինչո՞ւ են ներդրումներ անում Սյունիքում՝ շատերին է հետաքրքրում այս հարցը՝ ասում է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն ու պարզաբանում․

«Սյունիքը կարևոր է հայ ժողովրդի, Հայաստանի  կառավարության համար, կարևոր է նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության, Հայաստանի ինքնիշխանության համար։ Սա անկյունաքար է Սյունիքի մարզի հետ մեր համագործակցության ընթացքում։ Մենք շարունակելու ենք իրականացրել կոնկրետ ծրագրեր, որոնց նպատակն է ուժեղացնել ձեռնարկատիրությունը, միջմարդկային կապերն ու մարդկային կապիտալը։ Սա մեր նոր գործընկերության մասն է կազմելու։ Հավատացած ենք նաև, որ «Դիմակայուն Սյունիք» ծրագրով այս գործունեությունը ավելի շոշափելի կդառնա։ Պատրաստ ենք աջակցել Հայաստանին, ուժեղացնել այն կապը, որ կա Հայաստանի ժողովրդի և Եվրամիության միջև։ Ֆինանսական բաղադրիչն ընդամենը մի ուղղությունն է, շատ կարևոր է գործընկերությունը»։

Արդեն 22 ծրագիր ավարտվել է, 42-ն ընթացքի մեջ է։ 2024թ․ տարբեր ծրագրերով մարզում ստեղծվել է 52 նոր աշխատատեղ, 20 ստարտափ, 80 բիզնեսի տրվել է աջակցություն, ավելի քան 3000 մարդ տարբեր կարողությունների զարգացման դասեր ու վերապատրաստում է անցել։ Գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արևային վահանակներ, ենթակառուցվածքների զարգացում, բայց հրատապ հարցը Սյունիքի մի քանի բնակավայրում խմելու ջրի հարցն է՝ ասում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Բոլոր ոլորտների ուղղությամբ պետք է միաժամանակ ծրագրերը իրականացրել, քանի որ առանձին ոլորտներ դիտարկում ենք առաջնահերթություններով, հետևաբար այստեղ դիտարկել, թե որ ոլորտն է ավելի առաջնային՝ սխալ կլինի։ Նաև շեշտենք, որ յուրաքանչյուր ոլորտում կա առանձին ֆինանսավորում այս ֆորմատով, ու «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա»-ի ծրագրերն անջատ չեն ընդհանուր պրոցեսից։ Դրանք ուղղակի համալրում են   փոխկապակցված  այլ ծրագրերին, օրինակ սուբվենցիոն, որոնք դիտարկվում են համայնքային մակարդակում՝ 5 ամյա զարգացման ծրագրերի համատեքստում»։

ԱԺ պատգամավոր, եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանի համոզմամբ՝ նման այցերի արդյունքում է, որ քարտեզագրում ես խնդիրներն ու փորձում լուծումներ առաջարկել։ Այժմ դրանք վերանայելու, լավարկելու և հասցեական դարձնելու փուլն է։ Մերի Գալստյան․ «Հայաստանի բարեկեցության և դիմակայնության բանալին համայնքներում է։ Այստեղ են դիմակայունությանն ու բարեկեցությանը հասնելու հսկայական ու դեռ չիրացված ներուժը։ Կարծում եմ` հետագա աշխատանքը կլինի այդ պոտենցիալը վեր հանելն ու ծառայեցնելը մեր ընդհանուր նպատակներին»։

«Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության ֆինանսավորմամբ ծրագրեր իրականացվում են Սյունիքի բոլոր 7 համայնքներում։ Եվրոպական միության դեսպաններն այցելեցին Տեղ սահմանամերձ համայնք, եղան Շինուհայրում ու Մեղրիում։ Իսկ այցի վերջինը օրը նրանք եղան Վահանավանքում, այցելեցին Տաթևի վանական համալիր։

Կարդացեք նաև

Back to top button