ԿարևորՌեպորտաժներՏեսանյութեր

Գյումրիի ավագանին հաստատել է քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը

Գյումրիի ավագանին հունիսի 21-ի նիստում միաձայն հաստատել է քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Նախկին ավագանու լուծարումից հետո հանրապետության երկրորդ քաղաքը դեռ 2025 թվականի բյուջեի նախագիծ չուներ, համայնքը աշխատում էր անցած տարվա բյուջեի փաստաթղթով: Օրակարգային 30 հարցերի շրջանակներում հաստատվել են տեղական տուրքերի նոր դրույքաչափերը, բարձրացվել է նաև համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը:

Արձակուրդից առաջ Գյումրիի ավագանու նիստի օրակարգային հարցերից ամենակարևորը քաղաքի գլխավոր ֆինանսական փաստաթղթի հաստատումն էր: Մինչև նիստը բյուջեի նախագծին ֆինանսատնտեսագիտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել: Հանրապետության երկրորդ քաղաքի 2025 թվականի բյուջեն նախորդ տարվա համեմատ  մեկ միլարդ դրամով ավել կլինի, ասաց Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը:

«2025 թվականի եկամուտները մենք ինչքան ենք պլանավորել: Մենք պլանավորել ենք 7 միլիարդ 859 միլիոն 944 հազար դրամ: Ուրեմն աճը կազմեց 24 թվականի վրա, 1 միլիարդ 22 միլիոն 197 հազար դրամ, բյուջեն ավելացրել ենք»

Ավագանու բոլոր հինգ խմբակցությունները բյուջեի նախագծին միաձայն կողմ քվեարկեցին։ Այնուհետև քննարկման ներկայացվեց տեղական տուրքերի նոր դրույքաչափերի նախագիծը: Մինչև հիմա Գյումրիում շրջիկ առևտրի համար վճար նախատեսված չէր, առևտրականները քաղաքի ցանկացած հատվածում բացօթյա առևտուր էին կազմակերպում: Շրջիկ առևտրի համար ավագանին կոնկրետ դրույքաչափ սահմանեց: Փոփոխությունների նախագիծը ավագանուն ներկայացրեց Գյումրիի համայնքապետարանի առևտրի բաժնի մասնագետ Անի Մկրտչյանը:

«Փոփոխություններից առաջինը վերաբերում է շրջիկ առևտրի համար սահմանված տեղական տուրքի սահմանմանը: Նշեմ, որ նախկինում հնարավորություն չի ունեցել Գյումրի քաղաքը սահմանելու շրջիկ առևտրի կազմակերպման վճար, որովհետև օրենքը թույլ չի տվել: Սակայն 2024 թվականի մայիսին ընդունված որոշմամբ արդեն կարող ենք սահմանել շրջիկ առևտրի համար տեղական տուրք, ըստ այդմ, սահմանել ենք 25000 դրամ համայնքի վարչական տարածքում»։

Գյումրիի բյուջե ամսական տուրք կվճարեն նաև քաղաքի մայթերում ու բանուկ հատվածներում տեղադրված սրճեփ սարքերի սեփականատերերը: Բացի այդ, քաղաքը կգոտիավորվի ու կսահմանվեն սարքերի տեղադրման հստակ տարածքներ: Ըստ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սարիկ Մինասյանի, անհրաժեշտ է նախ գույքագրել ու հաշվառել տեղադրված սրճեփ սարքերը։ Այդ առաջարկին կողմ էր նաև քաղաքապետը:

«Էտ սարքավորումների 70 տոկոսը հաշվառում չունեն, որևէ վճար չեն վճարում համայնքի բյուջե և խնդիր են ստեղծում: Մարդիկ կոֆեն խմում են և բաժակները, գդալները գցում են, հաճախ երևում է, որ քաղաքը հավաքված չի, աղբը կուտակված է, պատճառը հենց էտ սրճեփ սարքավորումներն են, պետք է հստակ սահմանենք վայրերը, որտեղ կարելի է տեղադրել, որտեղ չի կարելի, որովհետև սնկի նման աճել են, ամբողջ քաղաքը էտ ապարատներից են»։

«Իրոք շատերը գումար չեն մուծել, մենք բոլորին բերելու ենք հարկային դաշտ, բացի դրանից, գումարները ավելացնելու ենք, որովհետև շատ քիչ է դրված գումարները: Հիմա մենք դրել ենք 10 հազար դրամ ամսական, բացի դրանից, քաղաքի կենտրոնական հատվածները ևս գոտիավորման հետ կապված, որ հաստատեցինք, անպայման կբարձրացնենք, կդարձնենք 15 հազար դրամ»։

Ավագանու նիստի օրակարգում ներառված չէր, բայց քննարկվեց նաև ավտոկայանատեղիները վճարովի դարձնելու հարցը: 2013 թվականից ավագանու որոշմամբ քաղաքում բոլոր կայանատեղիները անվճար են, բայց վարորդները գումար են վճարում պատահական մարդկանց, և ստվերային դրամաշրջանառության պատճառով գումարը քաղաքային բյուջե չի մուտքագրվում, նկատում է Վարդան Ղուկասյանը․

«Մենք ուզում ենք ուղղակի քաղաքապետարանին գումար բերել և պատշաճ էտ ծառայությունը մատուցել: Որ հիմա մի քիչ խորանում եմ, տեսնում եմ, որ մարդիկ կան անում են էտ գործը, ես չոմ ուզում ասել, թե ում հետ են արել, բայց, որ քաղաքապետարանը նրանց հետ մասնակից է եղել և համապատասխան կառույցները, որ մինչև էսօր էտ մարդիկ կանգնած գործունեություն են ծավալում, դա փաստ է»։

Քաղաքի բյուջե մուտքագրվող գոմարները կնպաստեն, որ բարձրացվի համայնքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը: Շիրակի մարզի համայնքներից Գյումրիի աշխատակիցների ստացած վարձատրությունը ամենացածրն է։ Ավագանու որոշմամբ, այս տարի աշխատավարձերը կբարձրանան 30, իսկ հաջորդ տարի ևս 20 տոկոսով, նշում է Վարդան Ղուկասյանը:

«50 տոկոսով անպայման աշխատողների աշխատավարձերը բարձրանալու է, դա հստակ գիտեցեք, հսկայական գումարների մասին է խոսքը, և մենք դա կարող ենք անել ու ստանձնել ենք գիտակցաբար»։

Համայնքապետարանի հաստիքացուցակի վերանայում ևս պետք է լինի, ուռճացված են հաստիքները:

Արդեն ուսումնասիրել ու պարզել են, որ համայնքապետարանին այս տարիների ընթացքում քաղաքացիները շուրջ վեց միլիարդ դրամ ապառիկ ունեն չվճարված: Տասնյակ գործեր գտնվում են ԴԱՀԿ ծառայության վարույթներում: Շուտով կվերաբացվեն 117 միլիոն դրամ ընդհանուր արժեքով դատական գործերը, որ համայնքին հասանելիք գումարները վերադարձնեն բյուջե ու ներդրումներ կատարեն քաղաքի զարգացման ծրագրերում:

Կարդացեք նաև

Back to top button