ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը կասկածի տակ է դրել Ազգային հետախուզության տնօրենի՝ Թուլսի Գաբարդի և հետախուզական համայնքի գնահատականները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ՝ պնդելով, որ Թեհրանը կարող է «մի քանի շաբաթվա ընթացքում» ստեղծել գործող միջուկային զենք։ Սակայն նա որևէ ապացույց այդ պնդման համար չի ներկայացրել, գրում է The Independent-ը։
Թրամփը այս հայտարարությունն արել է Նյու Ջերսիում լրագրողների հետ զրույցում՝ ժամանելով իր գոլֆի հանգստավայրերից մեկը, որտեղ նախատեսվում է հանդիպումներ խորհրդականների հետ՝ քննարկելու Իսրայելի և Իրանի միջև շարունակվող ռազմական զարգացումները։
Ինչպես գրում է BBC-ին, լրագրողները Թրամփին հիշեցրել են, որ նրա հետախուզական համայնքը նախկինում հայտարարել էր, որ ապացույցներ չունի, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում։
«Դե, ուրեմն իմ հետախուզական համայնքը սխալվում է։ Հետախուզական համայնքում ո՞վ է դա ասել»,-հարցրել է Թրամփը։
Լրագրողը պատասխանել է, որ դա Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդն է ասել։
«Նա սխալվում է»,-պատասխանել է Թրամփը։
Մարտ ամսին, Գաբարդը Կոնգրեսին ասել էր, որ ԱՄՆ հետախուզական գործակալությունների տվյալներով, Իրանը չի վերսկսել 2003 թվականի կասեցված միջուկային զենքի ծրագիրը։




