ԿարևորՄիջազգային

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Ժնևում ավարտվել են

Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ավարտվել են Ժնևում՝ ուրբաթ, հունիսի 20-ին:

Ինչպես hաղորդում է Agence France-Presse-ը, բանակցություններին մասնակցել են ԱԳ նախարարներ Գերմանիայից՝ Յոհան Վադեֆուլը, Ֆրանսիայից՝ Ժան-Նոել Բարոնը, Մեծ Բրիտանիայից՝ Դեյվիդ Լամմին, Եվրամիությունից՝ արտաքին քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Կայա Կալասը և Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին։

Երեք ժամ տևած քննարկումներից հետո Գերմանիայի ներկայացուցիչ Վադեֆուլը նշել է, որ բանակցությունները եղել են լուրջ և կառուցողական։ «Այսօրվա դրական արդյունքն այն է, որ մենք սենյակից դուրս ենք գալիս այն տպավորությամբ, որ իրանական կողմը սկզբունքորեն պատրաստ է շարունակել բոլոր կարևոր հարցերի քննարկումը»,-հայտարարել է Վադեֆուլը։

Այս հանդիպումից առաջ Իրանի դիվանագիտության ղեկավար Աբաս Արաքչին պնդել է, որ Թեհրանը «քննարկելու ոչինչ չունի» Միացյալ Նահանգների հետ, քանի դեռ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Իրանին։ Իրանցի պաշտոնյան միաժամանակ հավելել է, որ բաց են «երկխոսության» համար այլոց հետ։

Կարդացեք նաև

Back to top button