ԿարևորՀասարակություն

Եղեգնաձորում «Թումո տուփ» կհիմնվի

Կառավարությունն ընդունել է «Հողամաս հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ այդմ՝ Եղեգնաձորի վարժարանին ամրացված անշարժ գույքից հողամասը կառանձնացվի և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի Սիմոնյան կրթական հիմնադրամին՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր հիմնելու նպատակով:

«Թումոն տուփի մեջ» ծրագիրը նպատակաուղղված է ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցումը ՀՀ մարզերի քաղաքների և գյուղերի երեխաների համար հասանելի դարձնելուն: Թումո կենտրոնի շահառուները հանդիսանում են 12-18 տարեկան երեխաները, և ամբողջ կրթական ծրագիրն իրականացվում է անվճար հիմունքներով: Տուփը կազմված է լինելու շարժական կառույցներից, որոնց տեղադրման համար հարկավոր չէ շինարարական թույլտվություն, ինչպես նաև նշված կառույցները ցանկացած ժամանակ կարելի է տեղափոխել:

«Մեր երկրում գործում են 6 խոշոր կենտրոններ և դրանց կից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում են ավելի քան 21000 երեխաներ: Սա թույլ է տվել, որպեսզի մենք ոչ ֆորմալ կրթական ծրագրերը դարձնենք հասանելի մեր երկրի ամենատարբեր բնակավայրերում»,- կառավարության նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ Հայաստանն ունի  կրթական պրոդուկտ, որը նաև արտահանվում է և  այս մոդելը մրցունակ է աշխարհում: «Մեր երկրում ունենք նաև «ՔՈԱՖ» կենտրոններ, որտեղ շուրջ 5000 երեխաներ են հաճախում՝ 54 բնակավայրերից: Բացի այդ, գիտեք, որ պետությունը ֆինանսավորում է տեխնոլոգիական ոլորտի հետ համատեղ «Արմաթ» խմբակների գործունեությունը: Այս պահին ունենք 1044 խմբակ՝ շուրջ 16000 հաճախող երեխաներով»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։

Կարդացեք նաև

Back to top button