ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ Իրանի հետ բանակցությունների էական հնարավորություն է տեսնում, գրում է BBC-ին։
Reuters գործակալության աղբյուրները հայտնել են, որ Թրամփի վարչակազմի եւ Իրանի միջեւ հեռախոսային շփումները պահպանվում են։ Սակայն Սպիտակ տունը հաստատելով սա, չի ճշտում, թե ինչպիսի եւ ինչ մակարդակի շփումների մասին է։
Թրամփն իր մամուլի քարտուղարի միջոցով հայտնել է, որ պատերազմի մեջ մտնել- չմտնելու որոշումը կընդունի առաջիկա երկու շաբաթներին։ Սա տարբեր ԶԼՄ-ներում Իրանի վրա հնարավոր հարվածի մասին լուրերի պատասխանն էր։
Իսկ ահա AFP-ն հայտնել է, որ Կատարում ամերիկյան «Ալ Ուդեիդ» ռազմակայանում ինքնաթիռների մեծ մասն այլեւս արբանյակային լուսանկարներում չի երեւում։
«Իրանա-իսրայելական պատերազմից առաջ` հունիսի 5-ի լուսանկարներում ռազմակայանում երեւում են Hercules C-130 տրանսպորտայինից մինչեւ հետախուզական տարբեր տեսակի 40-ից ավելի ինքնաթիռներ։ Հունիսի 19-ին երեւում է միայն երեք ինքնաթիռ»,- հայտնել ֆրանսիական գործակալությունը։
Կատարում ԱՄՆ դեսպանատունն այսօր հայտարարել է, որ ռազմակայան մուտքը սահմանափակվել է «տարածաշրջանում ռազմական ակտիվության եւ բարձր զգուշավորության» պատճառով։
RAND կորպորացիայի վերլուծաբան եւ ԱՄՆ ցամաքային զորքերի պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ Մարկ Շվարցը նշել է, որ ռազմակայանը Իրանին մոտ լինելու պատճառով «չափազանց խոցելի է»։




