
Այս օրերին Հայաստանում վրացական կողմի տարբեր պատվիրակությունների և խմբերի հետ հանդիպումներ են անցկացվում Հայաստանում։ Դիլիջանում ընթանում է«Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն» խորագրով համաժողովը՝ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ։ Հայ-վրացական համաժողովի պատվիրակների հետ կայացած հանդիպմանն էլ ՀՀ սահմանապահ զորքերի կառավարման մարմնի ներկայացուցիչ, գնդապետ Մանվել Մայիլյանն ուշագրավ տեղեկություններ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների վերջին աշխատանքների մասին։ Իսկ վաղը Երևանում սպասվում է հանդիպում վրացի լրագրողների հետ։
Հայաստան-Վրաստան հարաբերությունները միշտ էլ բարձր նշաձողի վրա են եղել, իսկ նախորդ տարի երկու երկրների միջև կնքված ռազմավարական գործընկերության հռչակագիրն ավելի է ամրացրել դրանք՝ արձանագրում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ հայ-վրացական համաժողովի ընթացքում։ Այդ փաստաթղթի ստորագրումը, Հարությունյանի գնահատմամբ, ընդգծում է երկու ժողովուրդների բարեկամությունն ու ամուր կապերը։ Վրաստանը կարևոր երկիր է Հայաստանի համար նախ այն առումով, որ այս երկրով է մեր ելքը դեպի Սև ծով։
Հայաստանը փորձում է Վրաստանի հետ զարգացնել հարաբերություններն առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում։ Բայց որոշ ցուցանիշներ դեռ չեն գոհացնում։ Օրինակ՝ զբոսաշրջության ոլորտի թվերը։ Հարությունյանը նկատում է, որ վրացիները նույն ակտիվությամբ չեն այցելում Հայաստան, որքան հայերը՝ Վրաստան։
«Բայց արձանագրել ենք, որ թվերը շեշտակի աճել են։ 2018-2019 թվականին, երբ ԿԳՄՍ նախարար էի, մենք սկսեցինք իրականացնել ծրագրեր, որի արդյունքում մեր երիտասարդներն ավելի շատ շփում կունենան։ Երկու ժողովուրդներն իրար լավ չեն ճանաչում, և սա խնդիր է։ Խնդիր է կառավարությունների համար և պետք է լուծեն։ Երկկողմ հարաբերություններում սա ամենամեծ խնդիրներից մեկն է»։
Որպես գործակցության ծանրակշիռ կողմ է դիտարկվում այն, որ Վրաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է նաև տարածաշրջանային խաղաղության հաստատման առումով։ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի հաղթահարմանը ևս Վրաստանն անմասն չէ՝ շեշտում է Արայիկ Հարությունյանը։
«Եվ ես ուզում եմ գոհունակությամբ հայտնել, որ Վրաստանի մեր գործընկերները վերջին շրջանում մի քանի անգամ հանդես են եկել նախաձեռնություններով Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտի հաղթահարմանը նպաստելու առումով»։
Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն դաշնակից հարևանի հետ գործակցության մասին խոսելիս ընդգծում է, որ նաև երկու երկրների պատմությունն է միմյանց կապում։ Տարածաշրջանային այս խառը օրերում երկու քրիստոնյա երկրներին մնում է միայն սերտ գործակցել՝ ընդգծում է դեսպանը։
Խաղաղության բանակցությունների հարցում ի՞նչ կարող է առաջարկել Վրաստանը։ Դեսպանն արդեն հաջողություն ու ձեռքբերում է համարում այն, որ սկսվել է Հայաստան-Ադրբեջան երկխոսությունը։ Անդրադառնալով խաղաղության խաչմերուկին՝ դեսպանը փոխանցում է պաշտոնական Թբիլիսիի հավանությունը։ Վրաստանը կողմ է այդ նախագծին նաև այն պատճառով, որ այդպիսով կբացվեն կապուղիները, առևտրային, էներգետիկ ուղիները։

«Վրաստանն իսկապես բարդ միջավայրում է, բայց շատ լավ հարաբերություններ ունի հարևանների հետ, բացի Ռուսաստանից, որովհետև Վրաստանի տարածքի 20 տոկոսն օկուպացված է Ռուսաստանի կողմից։ Բացի դրանից՝ մենք պետք է նպաստենք տևական խաղաղությանը տարածաշրջանում»։
Դիլիջանում հայ-վրացական համաժողովի պատվիրակների հետ հանդիպման ընթացքում էլ սահմանապահ զորքերի կառավարման մարմնի ներկայացուցիչ, գնդապետ Մանվել Մայիլյանն է ուշագրավ տեղեկություններ փոխանցել՝ մանրամասնելով, որ 2024 թվականի ապրիլին Տավուշի Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար-Բաղանիս տեղամասերում Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կողմից իրականացվել է սահմանի 12,7 կիլոմետր հատվածի սահմանազատում, իսկ մայիսից նշված հատվածի պահպանությունն իրականացնում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ստորաբաժանումները՝ սահմանային ծառայության եղանակով։ Մայիլյանի փոխանցմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ՀՀ ՊՆ ստորաբաժանումներից պահպանության են ընդունել նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի շփման գծի Բերքաբեր-Կիրանց և Կիրանց-Ոսկեպար միջանկյալ չսահմանազատված մոտ 7,6 կիլոմետր երկարությամբ տեղամասը։
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը ներկա պահին իրականացնում են Տավուշի մարզի Հայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս ընդհանուր մոտ 20,3 կիլոմետր հատվածի պահպանությունը՝ «Բերքաբեր», «Կիրանց» և «Ոսկեպար» սահմանապահ ուղեկալների ուժերով ու միջոցներով։ Սահմանապահ վերակարգերը ծառայությունն իրականացնում են կահավորված բաց դիտակետերից, զինված հրաձգային զենքով (ԱԿ-74 պահեստատուփը կցված չէ զենքին), առանց զրահաբաճկոնի և սաղավարտի։ Տեղամասը կահավորված է ցերեկային և ջերմատեսիլ տեսադիտման համակարգերով։ Պահպանվող տեղամասում իրականացվել են մոտ 10 կիլոմետր սահմանային ճանապարհների և փշալարային արգելափակոցների կառուցման, ինչպես նաև ականազերծման աշխատանքներ։ Սահմանագծին զուգահեռ՝ կառուցված է 130 մետր հենապատ և 510 մետր մետաղական պարիսպ»։
Հայ-վրացական հանդիպումների շրջանակում անդրադարձ է եղել նաև Վրաստանում և հայ-վրացական սահմանին հայ կոնյակագործների առջև ծառացած խնդիրներին։ Վարչապետի աշխատակաղմի ղեկավար Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ խնդիրը կամաց-կամաց, բայց լուծվում է։ Հարևան երկրի հետ հարաբերություններն, ըստ նրա, փորձ է արվում լուծել այնպես, որ հարաբերություններում լարվածություն չմտնի։




