ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Թուրքիայում եռակողմ հանդիպում նախատեսված չէ, բայց ոչինչ չի բացառվում․ վարչապետն ԱԺ-ում նոր թեզեր է ներկայացրել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի հրավերով մեկնում է Անկարա։ Այցի օրակարգի վերաբերյալ մանրամասներ, սակայն, մինչև այս պահը չեն ներկայացվում։ Հայաստանի վարչապետը նախօրեին հաստատել է կատարելիք այցը, բայց խորհրդարանում նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը կրկին անդրադարձ է եղել թեմային։ Այցը մի կողմից գնահատվում է պատմական է, մյուս կողմից՝ քաղաքական տարբեր թևերից քննադատության արժանանում։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին վարաբերող հարցեր և պայմանավորվել շարունակել երկխոսությունը։ Մայիսի 16-ին էլ երկու երկրների ղեկավարները զրույց էին ունեցել Տիրանայում։ Անցած սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին կայացել էր Փաշինյանի և Էրդողանի ևս մեկ հանդիպում: Փաշինյանը 2023-ի հունիսին ևս այցելել էր Թուրքիա՝ մասնակցելու Էրդողանի երդմնակալությանը։

Հայաստանի վարչապետի այցից մեկ օր առաջ Թուրքիա է մեկնել Ադրբեջանի նախագահը։ Սակայն դեռ  փաստ չէ, որ Թուրքիայում Փաշինյան-Ալիև երկկողմ կամ Փաշինյան-Ալիև-Էրդողան եռակողմ հանդիպումներ են նախապատրաստվում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ նման հանդիպում նախատեսված չէ։

Միջազգային հարթակներում բարձրաստիճան հանդիպումների կազմակերպման օրինաչափությունից ելնելով, սակայն, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ավելի զգուշավոր է իր կանխատեսումներում։

«Հիմա, որ ասեմ՝ հնարավոր է,  կասեք՝ ուրեմն մի բան գիտեր։ Բայց չէ, ես տեղեկություն չունեմ։ Նախատեսված չէ, բայց, գիտե՞ք, միջազգային հանդիպումները ոնց են լինում։ Շատ հաճախ որոշումները կայացվում են հենց տեղում։ Դրա մեջ որևէ տարօրինակ բան ես չեմ տեսնի և կարծում եմ, որ այցը շատ կարևոր է։ Եթե չեմ սխալվում, առաջին երկկողմ այցն է անկախացումից ի վեր։ Հատկապես այս եռացող տարածաշրջանում, կարծում եմ,  Թուրքիայի հետ պետք է խոսել, հասկանալ միմյանց»։

Եղոյանը խորհուրդ է տալիս գուշակություն չանել, բայց, ասում է, եթե Թուրքիայում, այնուամենայնիվ, եռակողմ հանդիպում կազմակերպվի, բնականաբար քննարկվելիք հիմնական թեման Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն է լինելու։ Եթե Երևանում իշխանական վերնախավը հանգիստ է վերաբերվում այս հեռանկարին, ապա կարելի՞ է ասել, որ Հայաստանի համար Թուրքիան ընդունելի է որպես խաղաղության երաշխավոր։ Պատգամավոր Եղոյանը պատասխանում է․

«Դե դրանք քաղաքական ձևակերպումներ են։ Գիտեք, գոյություն ունի միջազգային պայմանագրերի ստորագրման կարգ, դրանք հետագայում հանձնվում են համապատասխան դեպոզիտարիա, միջազգային պայմանագրերը խախտել չի կարելի, միջազգային պայմանագրերի կատարման երաշխավորը միջազգային հանրությունն է և այն կազմակերպությունները, որոնք անդամ կողմերն են, և որոնց կանոնները կողմերը ընդունում են։ Բայց Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում, իհարկե, կա,  գյուտ արած չեմ լինի»։

Քաղաքագիտական շրջանակներում չեն բացառում, որ Ռուսաստանն այս հարցում չի  ցանկանում իր ակնկալած միջնորդական տեղը զիջել Թուրքիային։ Տեսակետներ կան, որ նաև դա է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի՝ քաղաքական հայտ ներկայացնելու հիմնական պատճառը։ Իշխանական պատգամավորներն ասում են, որ Կարապետյանն ԱԱԾ-ում բացատրություններ տալու հնարավորություն է ստացել։

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի կալանավորման այլ լուրեր են դաշտ նետում ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց հոդվածներում Կարապետյանը ներկայացվում է որպես «հայկական զենքի հովանավորող», և ադրբեջանական հանրության մոտ հույս է ձևավորվում, թե Սամվել Կարապետյանին իրենց կհանձնեն՝ որպես «խաղաղությանը» միտված ժեստ։

Հայաստանյան ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Աննա Գրիգորյանը այլ ակնարկներ են անում՝ նաև նկատի ունենալով ներհայաստանյան իրադարձությունները։

Արթուր Խաչատրյան. «Ասում եք՝ պատերազմ չի լինելու։ Հայաստա՞նը պատերազմ պետք է սկսի։ Հայաստանը չի ասել, որ պատերազմ կսկսենք։ Այդ դեպքում ասեք՝ Հայաստանը չի սկսի։ Բաց Ալիևը խոստացե՞լ է, որ չի սկսի։ Կարո՞ղ է վաղը Անկարա գնալը հենց դրա հետ է կապված»։

Աննա Գրիգորյան. «Վաղը կարծես Նիկոլ Փաշինյանը Թուրքիա է մեկնում։ Նախ, իհարկե, այստեղ կարևոր է հասկանալ, թե Թուրքիա գնալն ինչ օրակարգ ունի, այնտեղ ինչ է քննարկվելու։ Բայց գոհ կլինեն այնտեղ ձեզանից։ Հիմա ստեղծված իրավիճակում եկեղեցուն հարվածի տակ դնելը, կաթողիկոսի մասին խոսելը, հոգևորականների մասին խոսելը ի՞նչ նպատակ է հետապնդում և, իսկապես, մեր անմիջական հարևանությամբ տեղի են ունենում աշխարհաքաղաքական լուրջ վերադասավորումներ։ Ո՞վ էր զարմանում պատերազմ բառից, այո, միջուկային պատերազմից 5 պակաս է»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից անդրադարձավ Թուրքիա կատարելիք իր այցին։

«ՀՀ-ն երբեք միջազգային իրադրություններին և իրավիճակներին, տարածաշրջանային հնարավոր պրոբլեմներին այնքան պատրաստված չի եղել, ինչքան պատրաստված է եղել այսօր։ Եվ դրա ամենակարևոր արտահայտությունն այն արտաքին հարաբերություններն են բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության արդյունքում, որը մենք ունենք։ Այո, խաղաղության գործընթացի դինամիկան է Ադրբեջանի հետ, այո, Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության գործընթացն է, այո, տարբեր ուղղություններով մեր հարաբերությունների և մեր վիճակի կարգավորումը և մեր միջազգային հեղինակության աներկբա և աննախադեպ բարձրացումը»։

Վարչապետ Փաշինյանն ԱԺ-ում էր նախորդ տարվա բյուջեի կատարողականի ամփոփման նպատակով։ Բուն թեմային առնչվող քննարկումը կարճ տևեց, պատգամավորներին ավելի շատ հուզում էին ներքաղաքական հարցեր, հին և նոր խնդիրներ։ Փաշինյանը քննարկումը գնահատեց օգտակար՝ «Քաղաքացիական պայմանագրի» և անձամբ իր ղեկավարման տարիների մասին մտորելու և վերագնահատելու առումով։ Վարչապետը նաև խոստովանեց, իր իսկ գնահատմամբ, 7 տարվա ընթացքում տարբեր գործոններից ելնելով, որպես անձ և որպես քաղաքական գործիչ, ինքն էականորեն փոխվել է։  

«Երբ ես վարչապետ ընտրվեցի, շատ արագ ինքս ինձ համար արձանագրեցի, որ ՀՀ վարչապետ եմ պայմանականորեն, և ես ավելի շատ ֆորպոստի վարչապետ եմ։ 2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, որ ես արձանագրում եմ, որ ՀՀ լիարժեք և ամբողջական վարչապետ եմ։ Ֆորպոստի խոսույթը մեր իրականության մեջ ներմուծվել է՝ կապակցված կոնկրետ մի երկրի հետ, բայց ահավոր մեծ անարդարություն է ֆորպոստացման ֆենոմենը կապել մի երկրի հետ։ Իրականում այդ ֆորպոստացման պրոցեսում ներգրավված են եղել բազմաթիվ երկրներ։ Շատ ավելի կարևոր է արձանագրել, որ ֆորպոստացման կրիտիկական զանգվածը ոչ թե եղել է մեզանից դուրս, այլ ֆորպոստացման կրիտիկական զանգվածը մենք ինքներս ենք»։

Աշխարհաքաղաքական վտանգավոր իրադարձություններին զուգահեռ՝ ներքաղաքական խնդիրներ գեներացնելու և սրելու իշխանության քայլերի հիմնավորումը պահանջող ընդդիմությանը իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանում է․

«Դո՞ւք ինչ եք անում բալիստիկ հրթիռների տակ։ Երկու ընդդիմադիր խմբակցություն  ամեն մեկը մի  թուղթ է վերցրել, որտեղ ստորագրություններ դնելու տեղ կա, մեկը մի թղթի տակ է ստորագրում, մյուսը՝ մյուս թղթի տակ է ստորագրում, հետո վիճում են, թե ով ում թղթի տակ ստորագրի։ Դա է ձեր արածը, ու այդ թուղթն էլ ինչի՞ համար է, որ կավատության գործով անցած մեկի եղբորը բերեն իբրև վարչապետի թեկնածու կանգնեցնեն այստեղ»։

Վարչապետն ինքը բացատրում է, թե ինչին են միտված վերջին շրջանի իր քայլերը։

«Ընդդիմադիր պատգամավորն ասում է՝ ասեք ինչ եք ուզում մեր ժողովրդից։ Ես ուզում եմ, որ մենք ճանաչենք աշխարհը։ Երկրագունդը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր, մենք աշխարհի ընկալման սեփական բանաձևերը չունենք։ Սա է խնդիրը։ Աշխարհի մեր ընկալումն այն է, որ աշխարհը մի  ծայրահեղ անարդար վայր է։ Իսկ կարո՞ղ է՝ մենք չգիտենք աշխարհը, չգիտենք այնտեղ ապրելու կանոնները։ Պետք է իմանալ այդ կանոնները՝ վրաերթի չենթարկվելու համար»։

Հանրության հետ զրույցների համար ևս մի քանի թեմա ունեմ՝ ասաց Փաշինյանը, բայց պատեհ չհամարեց դրանց մասին ԱԺ ամբիոնից խոսել։ Խոստացավ՝ կգրի համացանցում։ 

Կարդացեք նաև

Back to top button