ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Չեղարկվել է Վարդանաշենի կրթահամալիրի կառուցումը, իսկ Արաքսի վթարային դպրոցը սպասում է 300 դպրոցների ցանկ ներառվելուն

 Արմավիրի մարզի 21 հանրակրթական հաստատություններ ընդգրկված են կառավարության «Մինչև 2026թ. կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրում: Դրանցից 4-ն արդեն շահագործվել են, իսկ 10-ի կառուցումն ընթացքի մեջ է: Կառավարության որոշմամբ, Վարդանաշեն գյուղի միջնակարգ դպրոցը ևս ընդգրկվել էր այդ ցանկ։ Այստեղ կառուցվելու էր 280 աշակերտական տեղով կրթահամալիր: Դպրոցը 30 տարուց ավելի գործում է գյուղի մանկապարտեզի հարմարեցված շենքում: Վարդանաշենի կրթահամալիրի կառուցման ծրագիրը, սակայն, չեղարկվել է՝ բավարար հողատարածք չունենալու պատճառով: Իսկ  սահմանամերձ Արաքս գյուղի 3-րդ աստիճանի վթարային դպրոցը սպասում է նոր կառուցվող դպրոցների ցանկ ներառվելուն:

Վարդանաշենի դպրոցն արդեն 31 տարի գործում է գյուղի մանկապարտեզի հարմարեցված շենքում, որտեղ չկան բավարար պայմաններ դասեր կազմակերպելու համար. գույքը հնամաշ է, շենքի հատակն ու պատերը՝ քանդված: Երբեմն ուսուցիչները սեփական միջոցներով են դրանք կարգի բերում՝ ասում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Խաչատրյանը.

«Տղամարդ ուսուցիչներով մեր գրպանից գումար ենք դնում, ինչ որ դասարան վերանորոգում ենք: Այս տարի վերջինը վերանորոգել ենք 4-րդ դասարանը: Հատակը հող էր դարձել։ Երեխաները, որ քայլում էին, փոշի էր լինում, խեղդվում էին: Մենք հատակը հարթեցրել ենք» :

Դպրոցն ունի165 աշակերտ։ Մանկապարտեզի տիպային շենքում դասարանները կապված են եղել մեկը մյուսին, ինչպես մանկապարտեզի խմբասենյակները: Առանձին դասասենյակներով ապահովելու համար նախագծային որոշակի փոփոխություններ են արել ու ապահովել 12 դասարան: Սա լրացուցիչ ծախսեր է պահանջել կադաստրում պետական գրանցում ստանալու համար:

«Պարզվում է՝ այդ դասարանները, որ սարքել ենք, կադաստրից թուղթ պետք է ունենանք: Այն ժամանակ, որ գիտեինք դպրոցը պետք է քանդվի, մեզնից դպրոցի ներսի կադաստրային չափագրումներ չեն ուզել: Ասել են՝ միայն դպրոցի հողամասը չափագրեք, հերիք է: Հողամասը չափագրեցինք, ահագին գումար տրամադրեցինք, հետո պարզվեց, որ դպրոցը չեն քանդելու, նորից դա պետք է արվի: Այսինքն՝ նախօրոք արած ծախսը կորավ, իզուր էր»:

Վարդանաշենի դպրոցի ֆինանսավորումը քիչ է՝ սուղ միջոցներով մի կերպ կազմակերպում են ուսումնական մասի ծախսերը: Դպրոցը երկար տարիներ կադաստրի պետական գրանցում չի ունեցել, քանի որ բակային հողը մասնատվել էր գյուղացիների կողմից ու սեփականաշնորհվել: Դա ազդել է նաև Վարդանաշենում 280 աշակերտի համար նախատեսված կրթահամալիր կառուցելու ծրագրի վրա: Դպրոցի տարածքը 4600 քմ. է: Այն չի բավարարում նախագծով շինարարության համար: Խնդիրը պարզաբանում  է Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը:

«Այնտեղ հողատարածքի խնդիր կա, հողատարածք չի եղել և առաջարկվել է ծրագրում ընդգրկել Ամասիայի դպրոցը: Այնտեղ զուտ հողի խնդիր է եղել և փոխարինվել է Ամասիայով: Հետագայում կհասկանանք, թե ինչ կարելի է անել, որովհետև մենք դպրոցի պայմաններին ծանոթ էինք ու դրանից ելնելով էինք ընդգրկել ծրագրում»:

Արմավիրի մարզում կառուցվող կրթահամալիրների դպրոցները նախատեսված են 200-ական աշակերտի, իսկ նախակրթարանները 80-ական սանի համար: Վարդանաշենի դպրոցականները հաջորդ ուսումնական տարում ևս կշարունակեն հաճախել հին դպրոց: Այս տարի 12-րդ դասարանը10 աշակերտ է ավարտել։ Նրանցից ոչ մեկը չի մասնակցել միասնական քննություններին: Շենքի անմխիթար վիճակով պայմանավորված՝ ծնողները երեխաներին հաճախ տեղափոխում են այլ  բնակավայրերի հարմարավետ դպրոցներ:

Պակասել է նաև սահմանամերձ  Արաքս գյուղի դպրոցի աշակերտների թիվը։ 40 երեխաներ հարևան Գայ, Մեծամոր գյուղերի և Էջմիածին քաղաքի դպրոցներ են հաճախում:Կրթօջախը կառուցվել է 1967թ.-ին։ Սեյսմիկ եզրակացությամբ այն 3-րդ աստիճանի վթարային է՝ ասում է դպրոցի տնօրեն Սուրիկ Նավասարդյանը:

«Մեզ մոտ գրունտային ջրերը բարձր են, ամեն տարի աղը բարձրանում է ու շենքի պատերը թուլանում են: Դրանով պայմանավորված՝ որոշում է կայացվել, որ դպրոցը ոչ թե վերանորոգվելու է, այլ նորն է կառուցվելու: Այն ներառված է 300 դպրոցների ծրագրում»:

Դպրոցում կան առանձին լաբորատորիաներ, ուսուցումը բավարար մակարդակով է կազմակերպվում, աշակերտների առաջադիմությունը բարձր է, ասում է տնօրենը։ Արաքսում նախատեսում են կառուցել միջնակարգ դպրոց:

Կարդացեք նաև

Back to top button