
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հունիսին տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատված են Ադրբեջանի կողմից, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
«Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում հունիսին կրկին տեսակցել են բոլոր պահվող հայերին, որոնց ներկայությունը հաստատել են Ադրբեջանի իշխանությունները։ Տեսակցությունը, ինչպես սովորաբար է լինում, այս անգամ ևս անցել է ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ընթացակարգերի՝ առանձնազրույցների տեսքով»,- նշել է Ամատունին՝ հավելելով, որ ուշադրության կենտրոնում են եղել գերիների պահման պայմանները, առողջությունը, վերաբերմունքն այդ անձանց նկատմամբ։
Նա նաև հավելել է, որ այդ անձինք կապ են հաստատել իրենց հարազատների հետ։
«Նրանց ընտանիքների կողմից նաև փոխանցվել են ծանրոցներ»,- նշել է Զառա Ամատունին։
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ադրբեջանի կառավարությունը դեռևս մարտ ամսին հայտարարել էր երկրում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին՝ Ամատունին նշել է, որ ներկայացուցչությունը դեռևս շարունակում է գործել՝ չնայած այն հանգամանքին, որ գրասենյակի փակման մտադրությունը դեռևս գոյություն ունի։
Ըստ պաշտոնական տվյալների` Բաքվում պահվում է 23 հայ, որոնցից 5-ը գերեվարվել են 2020 թվականին, իսկ մյուսները` 2023 թվականին։ Հայ գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ Բաքվում ընթանում է շինծու դատական գործընթաց։ 23 անձից 7-ի մասով արդեն իսկ դատավարություններն ավարտվել են, կան մեղադրական վճիռներ։




