ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Աշխարհը սպասում է ԱՄՆ–ի որոշմանը․ Մերձավոր Արևելքի ճակատագիրը կարող է որոշվել առաջիկա ժամերին

Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծություններն օր-օր ինտենսիվանում են։ Փորձագետները կարծում են որ հակամարտությանը Միացյալ Նահանգների ուղղակի միջամտությունը կարող է ավելի բարդացնել իրադրությունն ու ողջ Մերձավոր Արևելքը ներքաշել լայնածավալ պատերազմի մեջ։

Իսրայել-Իրան փոխադարձ հարվածները արդեն կատաղի բնույթ են կրում։ Այս հակամարտությունը թեժանում է, սպառնալով ավելի մեծ ավերածություններով։ Իրադրության հանգուցալուծման որևէ նշան առայժմ չի երևում։ Ավելին, կողմերի հայտարարությունները միջազգային վերլուծական կենտրոններին հիմք են տալիս վատագույն սցենարներ դիտարկելու։

Ըստ մամլո հրապարակումների, Իրանը հիպերձայնային հրթիռներ է կիրառել անցած գիշեր։ Փորձագետները, վերլուծելով հրթիռակոծության կադրերը, հանգում են այն եզրակացության, որ Իսրայելի ՀՕՊ համակարգն այդ հրթիռների դեմ այնքան էլ արդյունավետ չի գործել։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը կիրառել է «Ֆաթահ» հրթիռների առաջին սերնդի մոդելներ։ Ըստ իրանական կողմի հաղորդագրության, դա խոսում է այն մասին, որ Իսրայելի բնակիչները լիովին անպաշտպան են Իրանի հրթիռային հարվածների դեմ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Իրանին անվերապահ հանձնվելու կոչ էր արել։ Նա սոցիալական ցանցում գրել է, որ գիտեն, թե որտեղ է թաքնվում Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդը։ Թամփը գրել է․ «Նա այնտեղ անվտանգ է։ Մենք նրան չենք սպանելու, համենայն դեպս, ոչ հիմա։ Բայց մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է»։ Թրամփը նաև հասկացրել է, որ Միացյալ Նահանգները լիակատար և ամբողջական վերահսկում է Իրանի երկինքը։

Այքանով, սակայն, Թրամփի ասելիքը չի ավարտվում։ Նա Սպիտակ տանը Ազգային Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել և քննարկել Իսրայել-Իրան հակամարտությունը, գրում է Axios-ը։

 Լրատվամիջոցը տեղեկացնում է, որ ԱՄՆ նախագահը լրջորեն քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորությունը։

CBS News-ի լրագրողի տեղեկացմամբ՝ ԱՄՆ նախագահը քննարկել է Իրանի դեմ Իսրայելի հարվածներին միանալու հնարավորությունը, սակայն նրա խորհրդականներն այս հարցում տարակարծիք են եղել։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Իրանում պետք է ոչ թե ժամանակավոր հրադադար հաստատել, այլ վերջ դնել Թեհրանի միջուկային ծրագրին։

Լարված հռետորաբանության ֆոնին Reuters-ը գրում է՝ «Մարտը սկսվում է, Խամենեին սպառնում է Իսրայելին։ ԱՄՆ-ն զորքեր է տեղափոխում։ Ի՞նչ է կատարվում Մերձավոր Արևելքում՝ հարց է հնչեցնում գործակալությունը։

Թեհրանը Թել Ավիվի բնակիչներին կոչ է անում անհապաղ լքելու քաղաքը։

Թել Ավիվն էլ Թեհրանի բնակիչներին է նույն կոչն ուղղում։ Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ հարվածներ են հասցվել իրանական միջուկային ցենտրիֆուգներին և զենքի արտադրության օբյեկտներին։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին հայտարարել է, որ Իրանը վճռական պատասխան կտա, եթե Միացյալ Նահանգներն անմիջականորեն ներգրավվի Իրանի դեմ պատերազմին։

«Մենք խորապես համոզված ենք, որ Միացյալ Նահանգները մեղսակից է Իսրայելի գործողություններին։ Իսրայելն առանց Միացյալ Նահանգների ոչինչ է։ Այն, ինչ Իսրայելն անում է, Միացյալ Նահանգների աջակցությամբ, ռազմական աջակցությամբ և հետախուզական աջակցությամբ է։ Մենք կհետևենք իրադարձություններին: Մենք կհետևենք Միացյալ Նահանգների գործողություններին: Եվ ցանկացած պահի, եթե մենք գանք այն եզրակացության, որ Միացյալ Նահանգները անմիջականորեն ներգրավված է Իրանի դեմ հարձակումներում, մենք կսկսենք պատասխանել Միացյալ Նահանգներին»:

ԱՄՆ Մերձավոր Արևելք է ուղարկել ամերիկյան զենքով բեռնված ավելի քան 30 ինքնաթիռ, հաղորդում է CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին։

Reuters-ի փոխանցմամբ ևս՝ ԱՄՆ-ն շարունակում է մարտական ​​ինքնաթիռներ տեղակայել տարածաշրջանում։

Bloomberg-ը տեղեկացնում է, որ Իրանը աջակցություն է ստանում իր դաշնակիցներից։ Նշվում է, որ Չինաստանը առնվազն երեք բեռնատար ինքնաթիռ է ուղարկել Իրան։

 The New York Times-ը, հղում անելով ԱՄՆ հետախուզությանը, գրում է, որ Իրանը զենք է պատրաստել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին հարվածելու համար, եթե ԱՄՆ-ն միանա Իսրայելի ռազմական արշավին։

Washington Post-ն էլ տեղեկացնում է, որ Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը միանալու Վաշինգտոնի որոշումը կարող է կայացվել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։

The Wall Street Journal-ը, հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության իր աղբյուրներին, գրում է, որ Իսրայելի ՀՕՊ պաշարները, որոնք անհրաժեշտ են իրանական բալիստիկ հրթիռներին դիմագրավելու համար, կարող են շուտով սպառվել։

Իրանագետ Վարդան Ոսկանյանը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, Տելեգրամում գրում է, որ այլևս որևէ կասկած չկա, որ Իսրայելի վարչապետ Նաթանյահուի նպատակը ԱՄՆ-ին Իրանի դեմ ուղիղ պատերազմի մեջ ներքաշելն է։ Ըստ իրանագետի, պարզ երևում է, որ չնայած իսրայելական ինտենսիվ հարձակումներին, Իրանին կենսական նշանակության հարված հասցնելն անհնար է, իսկ Թեհրանը կարողանում է համարժեք հարվածներ հասցնել։ Փորձագետը կարծում է, որ եթե Միացյալ Նահանգները ներքաշվի Իրանի դեմ պատերազմ, ապա Մերձավոր Արևելքի տարածաշրջանը դժոխքի կարող է վերածվել, որի կրակները չեն կարող չհասնել նաև Հայաստան։

Կարդացեք նաև

Back to top button