
Վերջին օրերին Մեղրիում Հայաստան այցելողների թվի կտրուկ ավելացում է նկատվում՝ պայմանավորված Իրանի և Իսրայելի միջև ընթացող ռազմական գործողություններով։ Տեղեկությունը հայտնել է Մեղրիում տուրիստական գործունեություն ծավալող կազմակերպություններից մեկի ղեկավար Աշոտ Արամյանը։
Նրա խոսքով՝ այցելուների մեծ մասը Չինաստանի, Հնդկաստանի, Գերմանիայի, Ռուսաստանի և Իրանի քաղաքացիներ են, օդային տարածքի սահմանափակումների պատճառով Իրանից հեռանում են ցամաքով։ Նրանց շարքում կան դեսպանատների ու գործարանների աշխատակիցներ։
«Հյուրանոցներում ազատ տեղեր գրեթե չկան։ Թեպետ հոսքը մեծ է, այցելուները սովորաբար մեկ գիշերվա համար են մնում, ինչը հնարավորություն է տալիս հերթափոխով սպասարկել բոլորին»,- նշում է Արամյանը։
«Տաքսիով Մեղրիից Երևան տեղափոխվելու արժեքը հասել է 200–250 դոլարի։ Թեև թվում է բարձր, դա պայմանավորված է ուղևորների քանակով, ծանր ուղեբեռով և ոչ բարեկարգ ճանապարհներով»,- հավելել է նա։
Նրա խոսքով, մաքսակետում կուտակումներ չկան, և աշխատակիցները գործը կազմակերպում են արագ ու արդյունավետ։




