Սպիտակ տանը կայացած փակ հանդիպումն ավարտվել է առանց Իրանին հարվածելու վերաբերյալ որոշում կայացնելու, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Վաշինգտոնի ռազմական մասնակցությունը Թեհրանի դեմ գործողությանը «քննարկված մի քանի տարբերակներից մեկն էր», սակայն ԱՄՆ ղեկավարությունը չի կարողացել որոշում կայացնել հետագա քայլերի վերաբերյալ։
Միաժամանակ ընդգծվում է, որ նման քննարկման փաստն ինքնին մեծացրել է լարվածության աստիճանը, քանի որ պարզ է դարձել, որ ԱՄՆ-ն քննարկում է իրանական խնդրի ուժային լուծման հնարավորությունը։
Axios պորտալի տվյալներով՝ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան ուժերով հարվածելու տարբերակը։ Թրամփը, սակայն, հայտարարել է, որ ներկայումս Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վերացնելու որևէ պլան չկա, բայց ընդգծել է՝ վերջինս պետք է «անվերապահորեն հանձնվի»։
Ավելի վաղ ABC News-ը հայտնել էր, որ Վաշինգտոնի՝ Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը միանալու վերաբերյալ որոշումը կարող է կայացվել առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։
Իսրայելի պաշտոնյաները, ըստ իսրայելական հեռուստատեսության 12-րդ ալիքի, նույնպես կարծում են, որ ԱՄՆ-ն մոտ է իսրայելական գործողությանը մասնակցելուն։
Axios ինտերնետային պորտալը նախկինում, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է Միացյալ Նահանգների՝ Իրանի դեմ Իսրայելի ռազմական գործողությանը միանալու և Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներին ամերիկյան ուժերով հարվածելու հնարավորությունը։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսել էր ռազմական գործողություն՝ ընդդեմ Իրանի միջուկային ծրագրի։ Դրան հաջորդել են Իրանի պատասխան հարձակումները, և հակամարտող կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները։




