
Իրանի՝ ուրանի հարստացման օբյեկտներին ու էներգետիկ ենթակառուցվածքներին իսրայելական հարվածները ռիսկեր են պարունակում Հայաստանի համար․ փորձագետները խոսում են «Հյուսիս–հարավ»–ի վտանգված ապագայի մասին։ Իրանի ռազմավարական օբյեկտները թիրախավորելու վնասները կզգացվեն նաև Հայաստանում՝ համոզված են փորձագետները։
Մերձավոր Արևելքում անհանգիստ ու լարված գիշերները հաջորդում են մեկը մյուսին։ Իրան-Իսրայել հարվածներն ուժգնանում են հատկապես գիշերային ժամերին։ Մոտ ապագան ոչ թե հանդարտություն է խոստանում, այլ լարվածության ուժգնացում։ Իրավիճակի սրացման ազդակներ են գալիս նաև ԱՄՆ-ից։
Reuters-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առանձնապես չի ցանկանում բանակցել Իրանի հետ։ Նա, այնուամենայնիվ, մտադիր է փոխնախագահ Վենսին ու Մերձավոր Արևելքի հարցերով՝ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆին հանձնարարել բանակցություններ վարել Թեհրանի հետ։
Թրամփը Truth Social հարթակում Թեհրանի բնակիչներին հորդորել է արագ հեռանալ քաղաքից։ Նա մասնավորապես գրել է․
«Իրանը պետք է ստորագրած լիներ «այդ համաձայնագիրը»։ Ես նրանց ասել էի՝ ստորագրե՛ք։ Շատ ափսոս․ մարդկային ի՜նչ անիմաստ կորուստներ։ Պարզ ասած՝ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Ես դա ասել եմ պարբերաբար»։
Իրավիճակի թեժացման ֆոնին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ իրանական Նաթանզի ատոմակայանի ցենտրիֆուգները «ծանր վնասված են, եթե ոչ ամբողջությամբ ոչնչացված»։
«Ռազմական էսկալացիան սպառնում է կյանքերին, մեծացնում է ռադիոլոգիական արտանետման հավանականությունը՝ դրանից բխող լուրջ հետևանքներով՝ մարդկանց և շրջակա միջավայրի համար, ինչպես նաև հետաձգում է դիվանագիտական լուծման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքը երկարաժամկետ հեռանկարում, որպեսզի կարողանանք հասնել այն բանին, որ Իրանը միջուկային զենք ձեռք չբերի: Համապատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նպատակներին և դրա կանոնադրությանը՝ կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերելու առավելագույն զսպվածություն՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար»:
ԱԷՄԳ ղեկավարն ասել է, որ Նաթանզի օբյեկտում, որտեղ ուրանը հարստացվել է մինչև 60 տոկոս, ճառագայթման արտահոսք է հայտնաբերվել։ Գրոսին նշել է, որ Իսրայելը ոչնչացրել է օբյեկտի էներգետիկ ենթակառուցվածքը, ներառյալ պահեստային գեներատորները։ Սակայն, ատոմակայանից դուրս ճառագայթման մակարդակը մնացել է նորմայի սահմաններում։
Իսրայելական հարվածները վնասել են նաև Սպահանի ատոմային կենտրոնի չորս շենք։ Սակայն Ֆորդոյի ստորգետնյա ուրանի հարստացման գործարանը, որը կարևոր է Իրանի միջուկային ծրագրի համար, չի վնասվել։ Axios-ի տվյալներով՝ Իսրայելը չունի ստորգետնյա օբյեկտ ոչնչացնելու համար անհրաժեշտ բունկերային պայթուցիչներ և մեծ ռմբակոծիչներ, և այդ պատճառով է նաև, որ սպասում է Միացյալ Նահանգների աջակցությանը։
Քաղաքագետ, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը, անդրադառնալով տեղեկատվական դաշտում շրջանառվող «ճառագայթում», «արտահոսք» ձևակերպումներին, պարզաբանում է, որ Նաթանզի՝ ուրանի հարստացման կայանը ինժեներատեխնիկական նշանակության հարթակ է, այլ ոչ թե էներգետիկ ռեակտոր։
«Վնասվել են միայն վերերկրյա կառույցները՝ էլեկտրաբաշխիչ համակարգերը, օդափոխության խողովակները, փորձարարական արտադրամասը։ ԱԷՄԳ-ի տվյալներով՝ գրանցվել է ներքին արտահոսք։ Այն մնացել է կայանի սահմաններում։ Շրջակա միջավայրն ու բնակչությունը վտանգված չեն։
Ինչո՞ւ ճառագայթումը դուրս չի եկել կայանից:
Գործածվել է ոչ թե պլուտոնիում կամ ատոմակայանների թափոններ, այլ ուրանի հեքսաֆտորիդ (UF₆)։ Սա մի նյութ է, որը ճառագայթում է հիմնականում ալֆա մասնիկներ, որոնք չեն անցնում նույնիսկ գիպսակարտոնե պատի միջով, վտանգավոր է միայն ներշնչման դեպքում, արտաքին ֆոն չի ստեղծում, հեշտությամբ մեկուսացվում է հերմետիկ տարածքներում»։
Իսրայելական հարվածի նպատակը ոչ թե էկոլոգիական աղետն է, այլ ուրանի հարստացումը դադարեցնելը՝ պարզաբանում է Վահե Դավթյանը։ Մասնագետի կարծիքով՝ Նաթանզի ենթակառուցվածքները վնասելը Իսրայելը կիրառում է որպես ճնշման միջոց։ Ըստ նրա՝ Իրանը տեխնիկապես ունակ է կարճ ժամանակում վերականգնելու կայանի էներգամատակարարումը։
Այլ է պատկերը «Հարավային Պարս» գազային հանքավայրի դեպքում։ Այստեղ հասցված հարվածը, ըստ Վահե Դավթյանի, հանգեցնելու է գազի արդյունահանման կրճատմանը:
«Այս պահին դադարեցվել է հանքավայրի 14-րդ ֆազայի շահագործումը: Մինուս 12 մլն խ/մ՝ օրական: Հայ-իրանական «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» գործարքը շարունակում է մնալ ռիսկային գոտում»:
Վահե Դավթյանը կարծում է, որ Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին հասցվող հարվածները հնարավոր է նվազեցնեն հայ-իրանական էներգատրանսպորտային համագործակցության առանց այդ էլ համեստ դինամիկան:
Նրա կարծիքով՝ ռիսկի գոտում է հայտնվում նաև Իրան-Հայաստան օդային էլեկտրահաղորդման 3-րդ գիծը, որն առանց այդ էլ կառուցվում է նախագծային ժամանակացույցի կոպտագույն խախտումներով: Դա իր հերթին հարցականի տակ է դնում «Հյուսիս-հարավ»՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան էլեկտաէներգետիկ միջանցքի նախագիծը: Այս ամենը, ըստ էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետի, հնարավոր է էապես նվազեցնի Հայաստանի էներգետիկ համակարգի ամրության պաշարն ու դիվերսիֆիկացվելու հն




