
Հունիսի 16-ին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակել են Ապարանի տարածաշրջանում նախօրեին՝ հունիսի 15-ին գրանցված ուժեղ քամու հետևանքների վերացման աշխատանքները, տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը
Վթարավերականգնողական և տեխնիկական աշխատանքներին մասնակցել է 205 փրկարարական ծառայող։ Աշխատանքներն իրականացվել են ինտենսիվ ռեժիմով՝ Ապարան քաղաքում և Լուսագյուղ բնակավայրում։
Փրկարարները կատարել են շենք-շինությունների տանիքներից կախված թիթեղների և կառուցատարրերի ապամոնտաժում և հեռացում, ինչպես նաև վնասված ծառերի մասնատում և դուրսբերում։ Էլ․ ցանցի մասնագետների հետ համագործակցությամբ ապամոնտաժվել են վնասված էլեկտրասյուներ։
Ապարանի համայնքապետարանից ստացված տեղեկատվության համաձայն՝ ուժեղ քամու հետևանքով վնասվել են շուրջ 140 բնակելի տուն և ավտոտնակ, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքի և 17 կազմակերպությունների տանիքներ, 34 տրանսպորտային միջոց, մոտ 200 ծառ, 60 էլեկտրական սյուն, 50 փողոցային լուսավորության սյուն և 15 արևային կայան։
Աշխատանքները շարունակվել են ամբողջ ծավալով՝ ուղղված բնական աղետի հետևանքների վերացմանն ու բնակչության բնականոն կենսապայմանների վերականգնմանը։




