
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան երկուշաբթի օրը հայտարարել է, որ Թեհրանը չի ցանկանում ընդլայնել պատերազմը Իսրայելի հետ, սակայն պատրաստ է համաչափ կերպով պատասխանել ցանկացած հարձակման, հաղորդում է CNN-ը։
Ըստ Իրանի պետական լրատվական գործակալության՝ Փեզեշքիանն այս դիրքորոշումն արտահայտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
Նրա խոսքով՝ Իսրայելի գործողությունների պատճառով Իրանում զոհվել են քաղաքացիական անձինք, գիտնականներ և ռազմական ղեկավարներ։ «Իրանը չի նախաձեռնել այս պատերազմը, սակայն իր պատասխանը կլինի համաչափ՝ հարձակման չափին համապատասխան»,-ընդգծել է նա։
Փեզեշքիանը նաև նշել է, որ Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններին հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե «սիոնիստական ռեժիմի» հարձակումները տարածաշրջանի երկրների դեմ դադարեցվեն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր հերթին, առաջարկել է Անկարայի միջնորդությունը՝ օգնելու լարվածության թուլացմանը և միջուկային բանակցությունների վերականգնմանը։ Ըստ Թուրքիայի պետական լրատվական գործակալության՝ Էրդողանը վերահաստատել է իր պատրաստակամությունը աջակցելու հակամարտության դիվանագիտական կարգավորմանը։




