
Իրանը չի ձգտում, որ Իսրայելի հետ հակամարտությունը տարածվի հարևան երկրներ, սակայն կպաշտպանվի, եթե ստիպված լինի, կիրակի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին՝ շեշտելով, որ Թեհրանի պատասխան գործողությունները եղել են բացառապես ինքնապաշտպանական, գրում է Reuters-ը։
«Մենք արձագանքել ենք արտաքին ագրեսիային։ Եթե այդ ագրեսիան դադարի, կդադարեն նաև մեր արձագանքները»,-նշել է նախարարը։
Արաղչին Կատարի հետ համատեղ շահագործվող Հարավային Փարսի ծովային գազային հանքավայրի վրա Իսրայելի կողմից թիրախավորումը որակել է որպես «բացահայտ ագրեսիա և վտանգավոր գործողություն»։ Նա ընդգծել է, որ հակամարտության տարածումը դեպի Պարսից ծոց ռազմավարական սխալ է՝ Իրանի սահմաններից ուղղված պատերազմը դուրս բերելուն։
Արտգործնախարարը նաև մեղադրել է Իսրայելին՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունները խափանելու փորձի մեջ։ Նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստվում էր առաջարկ ներկայացնել բանակցությունների վեցերորդ փուլում, որը, սակայն, չեղարկվեց վերջին լարվածության ֆոնին։
«Իսրայելի հարձակումը չէր իրականացվի առանց ԱՄՆ-ի լուռ համաձայնության և աջակցության»,-նշել է Արաղչին։ Նա հավելել է, որ Թեհրանը չի վստահում Վաշինգտոնի հավաստիացումներին, թե Միացյալ Նահանգները ներգրավված չէ վերջին հարձակումներում։
«Եթե ԱՄՆ-ն ցանկանում է ապացուցել իր բարի կամքը, պետք է հստակ դատապարտի Իսրայելի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին»,-եզրափակել է Իրանի արտաքին գործերի նախարարը։




