
Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով՝ Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը կանի «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Հաջիևը նշել է, թե գիտի, որ միջանցք բառը Հայաստանում չի ընկալվում։ «Ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք: Լավ, այն անվանեք անցուղի, մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված են եղել այդ հնարավորությունից: Հենց որ լինի Նախիջևանի հետ կապը, ես կարծում եմէ այստեղ կարող են բացվել այլ հնարավորություններ Հայաստանի համար ևս»,–ասել է Հաջիևը՝ վստահեցնելով, որ Բաքուն դեմ չէ տեսնել Հայաստանին որպես հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների մաս։
Չեխիայում անցկացվող նույն համաժողովին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը պանելային քննարկման ժամանակ հիշեցրել է, որ ավարտին են հասցվել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները․
«Այժմ մենք Ադրբեջանի հետ խորհրդակցությունների փուլում ենք՝ դրանց վերջնական արդյունքներով ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Մենք ունենք տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու հնարավորություն»։
Խոսելով տարածաշրջանային կայունության և խաղաղության կարևորության մասին՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և երկխոսության վրա: Նա վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել հետևողական աշխատանքն այս ուղղությամբ:




